ԱՐՑԱԽՈՒՄ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 26-ից Արցախում մեկնարկել են նախագահի եւ Ազգային ժողովի համապետական ընտրությունները: Նախագահի թեկնածուները 14-ն են, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերը`12: Այս պահին Արցախում ակտիվ քարոզարշավ է ընթանում, եւ թեկնածուներն ամեն օր շրջում են տարբեր վայրերում, ներկայացնում իրենց ծրագիրն ու տեսլականը: Երեկ «ժողովուրդ» օրաթերթը, լինելով Արցախում, հետեւել է մի քանի թեկնածուների քարոզարշավին, զրուցել նրանց հետ եւ հարցում անցկացրել նաեւ տարբեր վայրերում: Եվ դատելով ստեղծված իրավիճակից, հարցումներից՝ կարող ենք փաստել, որ այս պահին ֆավորիտ են համարվում նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը, սակայն փաստենք, որ վերջինս ֆավորիտ է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակցության շնորհիվ: Ընդհանուր առմամբ իրավիճակն այս պահին հանգիստ է:

«Ազատ հայրենիք» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է դաշինքով` ՔՄԴ կուսակցության հետ միասին: Երեկ նախագահի թեկնածու Հարությունյանը շրջել Է Ստեփանակերտում, ունեցել բակային հանդիպումներ: Նրա դաշինքը բաղկացած է 65 անձից, եւ հիմնական մաս են կազմում երիտասարդները: Հարությունյանն իր ծրագրում շեշտը դնում է բնակարանաշինության, կրթական ծրագրերի եւ առողջապահական համակարգի վրա: Վերջին երկուսը Արցախում նրանք առաջարկում են դարձնել անվճար:
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը երեկ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ եղել է Ասկերանում եւ միասնական հանդիպում ունեցել: Բաբայանն իր ելույթում նշեց, որ Մայիլյանի ընտրվելու պարագայում երեխա ունեցող ընտանիքներին ամսական տրամադրելու են 100 դոլար մի քանի տարի: Ուշագրավ է, որ նա կոչ է անում ընտրել Մայիլյանին, սակայն իր կուսակցությանը: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինս հայտարարեց, թե հաղթանակը Մայիլյանինն է լինելու, եւ որոշել է սատարել նրան, քանի որ հարազատ մոտեցումներ կան:
Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը երեկ եղել է Ասկերանի մի քանի գյուղերում եւ դրական է գնահատում քարոզարշավի ընթացքը: Նա նշեց, որ այս ընթացքում հանդիպումներ ունեցել են շատ կուսակցությունների հետ, սակայն որոշել են միայնակ մասնակցել ընտրություններին:
Իսկ, ահա, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին հիմնականում անհանգստացնում է Արցախյան հիմնահարցը, եւ նա մեզ հետ զրույցում նշեց, որ այս հարցով պատրաստ է կանգնել ՀՀ իշխանությունների կողքին, նրանց խորհուրդ տալ, եւ լարված չէ նրանց հանդեպ` չնայած վերջին քննադատություններին:
Արցախյան հակամարտությունն անհանգստացնում է նաեւ ՀՅԴ-ին: Նրանց թեկնածու Դավիթ Իշխանյանը եւս նշեց, թե այս հարցի կարգավորումը շատ կարեւոր է: Վերջինս եւս հանդիպումներից գոհ է եւ նկատում է, որ բնակչությունը ակտիվ է: Ինչպես արդեն նշեցինք, հիմնական պայքարը երկու թեկնածուների միջեւ է, եւ այստեղ չեն բացառում, որ ընտրություններում կարող է երկրորդ փուլ լինել, իսկ այդ պարագայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԲՈԼՈՐ ՀԿ-ՆԵՐԸ
Գործող օրենսդրությունը վերանայելու օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել. այս մասին «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ խնդիր է դրվել ապահովել հանրային հաշվետողականության բարձր մակարդակը: Անանյանը պարզաբանել է, որ գործող կարգավորումների պայմաններում գործունեության մասին ամենամյա հաշվետվությունը ներկայացնում են միայն այն ՀԿ-ները, որոնք հանրային միջոցներից ֆինանսավորում են ստանում: Այսուհետ բոլոր ՀԿ-ները պարտավոր կլինեն ՊԵԿ-ին տարեկան հաշվետվություն ներկայացնել՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից: Նշենք, որ տվյալ օրինագծով հստակեցվում են նաեւ հաշվետվությունում նշված տեղեկատվության վերաբերյալ պահանջները:

 

 

 

ՃԻՇՏ ՉԷ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե ճիշտ չի համարում, որ 25 տարեկան դատավորը մարդու ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնի: Խոսքը Դատական օրենսգրքի փոփոխությունների մասին է, որով առաջարկվում է դատավորների տարիքային շեմը 28-ից իջեցնել 25: «Ես կողմնակից եմ մեր երիտասարդների համար, մեր արժանի փոխարինողներն են, որ լիարժեք պետք է իրենց հնարավորություն տրվի, բոլոր պայմանները, բայց 25 տարեկան երիտասարդը մարդու կյանքում որոշում կայացնելը»,-ասել է նա: Նշենք, որ երեկ ԱԺ-ում «Դատական օրենսգրքի փոփոխությունների» փաթեթի վերաբերյալ քվեարկություն է տեղի ունեցել: Նախագիծը 76 կողմ, 35 դեմ, 1 ձեռնպահ ձայներ է հավաքել: Գործուղման մեջ գտնվող եւս 11 պատգամավորի կողմից ծրարով կողմ ձայները գումարելով՝ նախագիծն ընդունվել է:

 

 

 

ԱՅԼԵՎՍ ԱՆՎՃԱՐ
Լրատվամիջոցներն այսուհետ կկարողանան անվճար օգտվել Պետռեգիստրի տվյալներից: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ միաձայն ընդունել է համապատասխան նախագծերի փաթեթը: Փոփոխությունների արդյունքում լրատվամիջոցները, առանց պետական տուրք վճարելու, կկարողանան տեղեկություններ ստանալ պետական միասնական գրանցամատյանից: Օրենքի շահառու կարող են դառնալ այն ԶԼՄ-ները, որոնք համացանցում ունեն սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ ու «Զանգվածային լրատվության մասին» օրենքի շրջանակում համարվում են լրատվամիջոց կամ լրատվական գործունեություն իրականացնող:

 

 

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը եւ հարակից եւս չորս օրենքներ: Դրանցով մասնավորապես արգելվում է ծխելը հանրային փակ տարածքներում, ինչպես նաեւ հանրային սննդի բոլոր օբյեկտներում:

 

 

ՆՈՐԻՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ: Հիշեցնենք, որ օրեր առաջ վերջինս ազատվել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

 

 

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

 

 

ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Հարություն Թունյանն ազատվել է աշխատանքից. նա ազատման դիմում է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ:

 

 

ԱՎԱՐՏՎԵՑ
Երեկ Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքները, եւ բոլոր քննարկված հարցերը դրվեցին քվեարկության: Լայն քննարկման առիթ հանդիսացավ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն տարընթերցումների տեղիք էր տվել, սակայն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, թե նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խուսափել օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումներից: Նաեւ վավերացվեց մի համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ, որը բացառելու է եկամտի կրկնակի հարկումը: Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի եւ Ղրղզստանի կառավարությունների կողմից 2019 թվականին: Փաստաթղթով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը: Նա նշեց, որ համաձայնագրի ընդունումը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը:

 

 

ՎԱՐԿՈՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է Հայաստանում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը։ Բայց մեր հանրապետությունում այգետարածքների մասնատվածության եւ փոքր չափերի պատճառով ցածր է մշակության աշխատանքների արդյունավետությունը, որի հետեւանքով էլ բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում շահութաբերությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին 5 տարիների ընթացքում նկատվում է պտղի եւ հատապտղի տարածքների աճ. 2018 թվականին այն կազմել է 43 հազար հա՝ 2014 թվականի 40 հազար հա-ի դիմաց։ Իսկ խաղողի այգիների տարածքները նվազել են՝ կազմելով 16.1 հազար հա՝ 17.2 հազար հա-ի դիմաց։ 2018 թվականին արտադրվել է 343.4 հազար տոննա պտուղ եւ հատապտուղ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ խաղողի արտադրությունը նույն ժամանակահատվածում կազմել է 180 հազար տոննա՝ 2014 թվականի համեմատ նվազելով 31.1 տոկոսով։ Բայց սրան զուգահեռ, պարզվում է, խաղողի արտահանման ծավալներն են աճել շուրջ 2 անգամ, իսկ պտղինը եւ հատապտղինը՝ շուրջ 9 անգամ։ Հայաստանում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակներում անցած տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ 19 տնտեսավարողի կողմից հիմնվել է 73.2 հա ինտենսիվ այգի։




Լրահոս