ԿԱՏԱՂԻ ՊԱՅՔԱՐ` ՎԵՑՆՅԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խոսեցինք եվրոպական ֆուտբոլի թոփ առաջնությունների լավագույն հանդիպումների մասին: Այսօր արդեն ժամանակն է անդրադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը, որտեղ կատաղի պայքար է ընթանում լավագույն վեցնյակում տեղ գտնելու համար:

Լավագույն վեցնյակը կձեւավորվի արդեն 2 տուր հետո, որոնցից մեկը մեկնարկել է երեկ՝ «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղով 2:2:
Լավագույն վեցնյակում տեղ գտնելու համար պայքարում են գրեթե բոլորը, բացի «Գանձասարից», որն արդեն կորցրել է նույնիսկ տեսական շանսերը, եւ առաջնությունը չշարունակող «Երեւանից»: Առաջնության առաջատարներն էլ՝ «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան», արդեն ապահովել են իրենց տեղը առաջատարների շարքում եւ կպայքարեն չեմպիոնության համար:
Այսօր կայանալիք հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակում կտեսնենք որոշակի հստակություն:
Հիմա ծանոթանանք այսօր եւ վաղը կայանալիք հանդիպումներին:

«Նոա» – «Փյունիկ»
Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից այս տուրի գլխավոր հանդիպումը կկայանա «Նաիրի» մարզադաշտում, որտեղ «Նոան» կհյուրընկալի «Փյունիկին»: Այս խաղը ոչնչով չի տարբերվում եզրափակչից: Թիմերը գտնվում են միմյանց հարեւանությամբ: «Նոան» ունի 24 միավոր եւ բաղձալի 6-րդ տեղում է, իսկ «Փյունիկը» իր այսօրվա մրցակցից հետ է մնում ընդամենը 1 միավորով: Եթե հաղթում է «Նոան», ապա, անկախ 18-րդ տուրի արդյունքներից, ապահովում է տեղը վեցնյակում, եւ ավելին` այդ հաղթանակի շնորհիվ «Նոան» կարող է «Ուրարտուին» եւ «Փյունիկին» զրկել վեցնյակ բարձրանալու հնարավորությունից: Ոչ-ոքիի կամ «Փյունիկի» հաղթանակի դեպքում ամեն բան պարզ կդառնա 18-րդ տուրից հետո: Թիմերը հանդիպել են առաջնության առաջին հատվածում, որտեղ հաղթել է «Նոան» 2:1 հաշվով: Խաղի ֆավորիտը թղթի վրա Բերեզովսկու թիմն է, սակայն «Նոան» ամեն ինչ կտա խաղադաշտում հաղթանակի հասնելու եւ տեղը վեցնյակում պահպանելու համար: Հանդիպումը կկայանա այսօր եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:15:

 

«Արարատ – Արմենիա» – «Շիրակ»
Օրվա երկրորդ հրաշալի հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում: Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ -Արմենիան» կընդունի չեմպիոնության ֆավորիտներից մյուսին` Գյումրիի «Շիրակին»:
«Շիրակը» ունի 28 միավոր եւ առաջատարներ «Ալաշկերտից» ու «Արարատ – Արմենիայից» հետ է մնում 2 միավորով: Չեմպիոնության համար վճռորոշ հանդիպումներից մեկն է միանշանակ: Պարզից էլ պարզ է, որ նրանք դեռ կհանդիպեն միմյանց այս մրցաշրջանում, եւ, կարելի է ասել, «Արարատ – Արմենիայի» եւ «Շիրակի» միջեւ կայանալիք եզչափակիչներից մեկը հենց այս հանդիպումն է: Առաջին շրջանում Գյումրիում կայացած խաղն ավարտվել է «Շիրակի» 1:0 հաշվով հաղթանակով : Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:
«Արարատ» – «Լոռի»
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի վերջին հանդիպումը կկայանա վաղը ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում: Երեւանի «Արարատը» կմրցի Վանաձորի «Լոռիի» հետ: Նախորդ տուրում երկու թիմերն էլ պարտություն կրեցին, եւ այս խաղի կարեւորությունն արդյունքում շատ ավելի բարձրացավ: Այս թիմերը նույնպես մրցաշարային աղյուսակում գտնվում են միմյանց հարեւանությամբ: Բարձրագույն խմբի ձմեռային չեմպիոնը` «Լոռին», 4-րդն է 28 միավորով եւ «Արարատից» առաջ է 1 միավորով: Այս ակումբները մինչեւ իրենց հանդիպումը կարող են լավագույն վեցնյակում իրենց տեղը ապահոված լինել, եւ այդ պարագայում թիմերը խաղադաշտ դուրս կգան արդեն այլ հոգեբանությամբ: Առաջնության առաջին հատվածում կայացած խաղն ավարտվել է «Արարատի» 4:1 հաշվով հաղթանակով: «Լոռին», իհարկե, ամեն ինչ կանի «հաշվեհարդար» տեսնելու համար: Այստեղ, ինչպես մյուս խաղերում, ֆավորիտ առանձնացնել չի կարելի. հավասար թիմեր են, եւ, ամենայն հավանականությամբ, կլինի նաեւ հավասար պայքար:
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:45-ին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ՝ 9 ՀՈԳԻ
Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվածության եւս 5 դեպք: Այդպիսով, երկրում վարակվածների թիվը հասավ 9-ի: Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեի խոսքով` նոր դեպքերը հայտնաբերվել են այն տղամարդու ընտանիքի անդամների մոտ, ում վարակված լինելը հաստատվել էր նույն օրն առավոտյան: Նրանք բոլորը վերադարձել են Իտալիայից: Թեեւ 44-ամյա տղամարդը մինչ վարակի հայտնաբերումը ինքնամեկուսացված է եղել տանը, համաճարակաբանները ստուգում են նրա հետ օդանավում եւ տրանսպորտում շփված շուրջ երկու տասնյակ անձանց: Ներկայումս Վրաստանում կարանտինի մեջ է 162 քաղաքացի, բժիշկների հսկողության տակ է 45 մարդ:

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Երեկ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 38 շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատշգամբից: Փրկարարները կանխել են Ալեքսանդր Ս.-ի (ՌԴ քաղաքացի՝ ծնված 1985թ.) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

 

 

 

ԶԻՆԱԴԱԴԱՐ
Մոսկվայում Պուտին-Էրդողան հանդիպումը սոցցանցի իր էջում մեկնաբանել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը: «Պուտինն ինչ ուզեց, Էրդողանը տվեց: Զինադադարը, ամեն դեպքում, ուրախացնող է: Պուտինը մեր նախարարներին իր մոտ է կանչում: Էրդողանը ռուս նախարարների մոտ է գնում»,-գրել է պատգամավորը:
Նշենք, որ մարտի 5-ին տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ որոշում է կայացվել զինադադար հաստատել:




Լրահոս