ԱՅՍ ԳԱՐՆԱՆՆ ԱԿՏՈՒԱԼ ԵՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն գարուն է, իսկ շատերը նույնիսկ չեն էլ հասցրել իրենց զգեստապահարանները համալրել սեզոնին համահունչ զգեստներով եւ աքսեսուարներով: Գուցե դրա պատճառներից մեկն այն է, որ ընտրություն կատարելն ու ճիշտ կողմնորոշվելը տեղեկատվության առատության դեպքում ավելի է բարդանում: Նորաձեւության սիրահարները, իհարկե, կարող են հետեւել, թե ինչ միտումներ են թելադրում համաշխարհային դիզայներները, սակայն չէր խանգարի նաեւ կոնկրետ խորհուրդներ լսել անմիջապես մասնագետից: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ:

-Արայի՛կ, այս տարի գարնանային նորաձեւությունը ի՞նչ տենդենցներ է թելադրում, ի՞նչ նոր միտումներ եք նկատում:
-Այս տարի գարնանային հավաքածուներում գերիշխող են արհեստական կտորները, փայլերը, արհեստական նյութերից պատրաստված գործվածքներն ու աքսեսուարները:
-Իսկ ո՞ր գույներն են մոդայիկ:
-Վարդագույնի, կապույտի, մուգ մանուշակագույնի, բեժի, փայլուն եւ ոչ փայլուն շագանակագույնի, մարմնագույնի բոլոր երանգները: Համադրելի են բեժն ու սեւը, թեպետ սեւի հետ բոլոր երանգներն են համադրելի:
-Այս գարնանը դիզայներները ո՞ր գործվածքներին են նախապատվությունը տվել:
-Գարուն-ամառ հավաքածուում աչքի են ընկնում նուրբ գործվածքների վրա լաքային, լատեքսի էֆեկտով պրինտները, սակայն խորհուրդ չեմ տա զգեստապահարանն ամբողջովին լցնել նման հագուստով: Մեկ-երկու զգեստը բավական է, քանի որ դրանք շատ կարճ ժամանակ են մոդայիկ համարվելու: Հաջորդ սեզոնին արդեն փայլուն լատեքսից ու լաքից կարող են հազվադեպ դետալներ հանդիպել: Առհասարակ, ակտուալ են նուրբ, թեթեւ, խաղացող գործվածքները՝ ձեռագիր, տպագիր գրվածքներով, բնությունից վերցված դետալներով:
-Իսկ ի՞նչ տաբատներ եւ բլուզներ, վերնաշապիկներ, ժակետներ խորհուրդ կտաք կրել:
-Այս սեզոնին ավելի շատ ներկայացված են ոչ թե տաբատներ, այլ կոմբինիզոններ, ձիգ, մարմինն ընդգծող «տաբատա-կոմբինիզոններ»: Նորաձեւ են պիջակները, երկար, գոտկատեղի հատվածից կտրած կամ տձեւ, ոչ սիմետրիկ ձեւվածքով, մեկ օձիքով վերնաշապիկները: Այս տարի գարուն-ամառ հավաքածուներում նուրբ գործվածքներով ժակետները համալրված են կաշվե դետալներով, նույնիսկ նորաձեւության շատ տներ ներկայացրին կաշվե թելերով գործված ժակետներ, որոնք կարծես մետաղի էֆեկտ ունեն: Մեծ տարածում ունի մորթու, փայլուն քարերի գործածությունը ջինսերի հետ:
-Աքսեսուարների մասով ի՞նչ կասեք:
-Նորաձեւ են շատ մեծ գլխարկները, որոնք կարող եք կրել թե՛ գարնանը, թե՛ ամռանը: Թեեւ դրանք անհարմար են, նորաձեւության թելադրանք են համարվում: Մոդայիկ են մետաքսե գլխարկները, իսկ գլխաշորերը ակտուալ են ծովափնյա սեզոնի համար: Ակնոցներից հավաքածուներում աչքի են ընկնում 70-80-ականների սուր, քառակուսի եւ օվալ ֆորմաները: Կլոր ֆորմայի ակնոց նորաձեւության ոչ մի տուն շրջանառության մեջ չի դրել: Զարդերի դեպքում պահպանվել է մեծ ականջօղերի եւ ականջը կիպ գրկող կաշվե մոդելների կիրառման տենդենցը, նաեւ քառակուսի օղերն են շատ մոդայիկ: Կրկին մեծ պահանջարկ ունեն չոկերները:
-Առհասարակ, կրեատիվ ի՞նչ մոտեցումներ կարելի է կիրառել մեր արտաքին տեսքն ապահովելիս:
-Այս սեզոնին թրենդային են արհեստական լուքերը, որոնք ուսերը լայն են ցույց տալիս, նաեւ կիպ տաբատներն են ակտուալ: Այս երեւույթը նորաձեւության ոլորտում կարող է համարվել ոչ գրագետ մոտեցում, բայց այս տարի, չգիտես ինչու, ակցենտը դրված է արհեստական լուքերի վրա: Գուցե առաջ է քաշվում այն թեզը, որ ոչինչ միանշանակ չէ, եւ հարկավոր է կոտրել կարծրատիպերը: Ամեն դեպքում, խորհուրդ կտամ գերի չդառնալ նորաձեւությանը, փոխարենը կիրառել դետալներ, որոնք ամենաշատն են համապատասխանում ձեզ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

3 ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐ, ՈՐՈՆՑ ԿԱՆՉԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է 3 հայ հայտնիների, որոնք բնակվել են Հայաստանում, այստեղ մեծ հաջողությունների են հասել, սակայն ինչ-որ պահի տեղափոխվել են Գերմանիա եւ մշտական բնակություն հաստատել այնտեղ: Մեկին այդ երկիր են տարել առողջական խնդիրները, մյուսին՝ կարիերայի հետ կապված տեսլականը:

 

 

 

Հայկ Կասպարով
Հայաստանում բավականին խոստումնալից կարիերա ստեղծած եւ հայտնիություն ձեռք բերած երգիչը, որն աչքի էր ընկնում իր տարբերվող ոճով, տարիներ առաջ որոշեց բնակություն հաստատել Գերմանիայում: Նա այնտեղ եւս զբաղվում է իր մասնագիտությամբ, երգում է ժամանցային վայրերում: Հայկը, իհարկե, հաճախ է այցելում Հայաստան եւ նշում է, որ կարոտում է իր հայրենիքը, ուշի-ուշով հետեւում է այստեղ տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ նախորդ տարվա ամռանը մեզ հետ զրույցում երգիչը խոստովանել էր՝ ունի ընտրյալ, որը Հայաստանից է: Այնպես որ, Հայաստան հաճախակի այցելելու գլխավոր պատճառներից մեկն էլ հենց սիրելին է:

 

 

 

Արտակ Կիրակոսյան
2008 թվականի մայիսի 28-ին նշվում էր Սարդարապատի ճակատամարտին 90-ամյա հոբելյանը: Այդ օրը ճակատագրական դարձավ օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանի համար: Փորձի ժամանակ բարձրացած քամու պատճառով շուռ եկավ բեմահարթակի վերեւում տեղակայված 3,5 տոննայանոց մետաղական կառույցը: Կիրակոսյանը, փորձելով իր մարմնով պաշտպանել մյուս երեխաներին, ի թիվս այլ վնասվածքների, նաեւ ողնաշարի ծանր վնասվածք ստացավ: Հետագայում երկար բուժումներից հետո նա ստիպված էր տեղափոխվել Գերմանիա, որտեղ էլ բնակվում է մինչեւ օրս, քանի որ ստիպված է շաբաթը մի քանի անգամ դեռ բուժման կուրս անցնել: Արտակը սերտ է պահում կապը հայրենիքի հետ, հաճախ կիսվում է իր ստեղծագործական նորություններով, ակտիվ մասնակցություն ունի Գերմանիայի հայ համայնքի աշխատանքներում:

 

 

 

Անի Քոչար
Լրագրող, խմբագիր, մոդել Անի Քոչարը, որը բավականին կայացած էր Հայաստանում, հասցրել էր ճանաչում եւ հարգանք վայելել, տարիներ առաջ որդու հետ Գերմանիայում բնակվելու որոշում կայացրեց: Եվ գուցե լավ է, որ Անին ապրում է Գերմանիայում, քանի որ երբ 2018թ.-ի գարնանը նրա մոտ հայտնաբերվեց արյան քաղցկեղ, վերջինս կարողացավ օգտվել երկրի առողջապահական բարձրորակ ծառայություններից եւ, իհարկե, Աստծո կամոք եւ սեփական հավատի շնորհիվ, հաղթահարեց այդ չարաբաստիկ հիվանդությունը:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ԿՓՈՐՁԻ ԳՆԵԼ
Թուրինի «Յուվենտուսը» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի գնել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը: Ըստ իտալական պարբերականների՝ «Ծեր սինյորան» արգենտինացու տրանսֆերի համար կառաջարկի 100մլն եվրո: Իկարդիի համար ամռանը կպայքարի նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն, որտեղ եւ վարձավճարով հանդես է գալիս ֆուտբոլիստը: Ընթացիկ մրցաշրջանում Իկարդին անցկացրած 31 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Ապրիլի 2-ից 12-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կկայանա Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Մեր ծանրորդներից առաջնությանը կմասնակցեն 12 մարզիկ: Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է մեր հայտացուցակը: Բարձր տեղերի համար Մոսկվայում պայքար կմղեն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Կանանցից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Իզաբելա Յայլյանը (59 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

 

 

 

ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ 6 ԱՄՍՈՎ
Ֆրանսիական Մոնակոյի պորտուգալացի ֆուտբոլիստ Ժելսոն Մարտինշը որակազրկվեց 6 ամսով: Ֆրանսիայի ֆուտբոլի կարգապահական կոմիտեն ֆուտբոլիստին որակազրկել է Լիգա 1-ի 22-րդ տուրում՝ «Նիմի» դեմ խաղում մրցավարին 2 անգամ հրելու համար: Մարտինշը արդեն ներողություն է խնդրել իր պահվածքի համար: «Մոնակոն» այնուամենայնիվ կբողոքարկի որոշումը:

 

 

 

ԱՐԳԵԼՎԵԼ Է
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել արգելել Պրեմիեր լիգայի հանդիպումներից առաջ ֆուտբոլիստների միջեւ ձեռքսեղմումները` կորոնավիրուսի վտանգներից խուսափելու համար: Այս որոշումը ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, մինչեւ վիրուսը ամբողջովին անհետանա: Հիշեցնենք, որ աշխարհում վիրուսակիրների թիվը հասնում է 100 հազարի, իսկ մահացածներինը գերազանցում է 3 հազարը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս