Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից. Իտալիայում ՀՀ դեսպանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման ներկա իրավիճակը, ՀՀ քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից, այս մասին ասված է դեսպանատան տարածած հայտարարությունում:

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:
Իտալիայում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին»,-ասված է հայտարարությունում:

Միաժամանակ Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ևս մեկ անգամ կոչ է արել բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնք դեռ չեն տրամադրել իրենց տվյալները, կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր (նահանգ, քաղաք, հասցե, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորության չի առաջացնում։ Դեսպանությունում գործող թեժ գծի հեռախոսահամար՝ +393775226710 Էլ. հասցե՝ [email protected]:

Իտալիան Չինաստանից հետո երկրորդ տեղն Է զբաղեցնում կորոնավիրուսից մահացածների քանակով. այստեղ կորոնավիրուսի հարուցած հիվանդությունը կամ դրա հետեւանքները խլել են 366 մարդու կյանք:




Լրահոս