«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է Սյունիքի մարզպետարանի՝ 2017-2018 թվականների ֆինանսական գործունեությունը եւ թերացումներ հայտնաբերել: Այսպիսով, ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մարզպետարանի աշխատակազմի թվով 4 աշխատակիցներ 24 աշխատանքային օրեր գտնվել են արտերկրում, սակայն նրանց հաշվարկվել եւ վճարվել է 401 հազար դրամ աշխատավարձ: Բացի այդ, Սյունիքի մարզի առողջապահական եւ բժշկական 4 ընկերությունների թվով 43 աշխատակիցներ 198 աշխատանքային օրեր եւս գտնվել են արտերկրում, բայց դարձյալ ստացել են աշխատավարձ՝ 1 մլն 146 հազար դրամի չափով: Ստացվում է, որ 2017-2018 թվականներին մարզպետարանի եւ նրա ենթակայության 23 հիմնարկների 92 աշխատակիցներ 1157 աշխատանքային օրեր գտնվել են արտերկրում եւ ստացել են աշխատավարձ՝ 5 մլն 690 հազար 400 դրամ: Սակայն խնդիրներ են հայտնաբերվել նաեւ՝ մարզպետի հրամանով օգնություն ստացած անձանց հետ կապված:
Պարզվել է, որ դրամական օգնությունների բաշխվածությունը խիստ կենտրոնացված է եղել մարզկենտրոնում եւ Կապանի բնակավայրերում: Նկատենք, որ ուսումնասիրությունների ժամանակաշրջանում Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել են Վահե Հակոբյանն ու Կարեն Համբարձումյանը, որն այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւ՛ Կարեն Համբարձումյանը, եւ՛ Վահե Հակոբյանը հայտարարեցին, թե չեն կարող արձագանքել, քանի որ չեն ուսումնասիրել եզրակացությունը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։