ՏԵՍԱՆՅՈՒԹ . Հայաստանում 2013 թվականի համեմատ ՓՄՁ-ների քանակն ավելացել է մոտ 4000 խաղացողով. «Ամերիա» ընկերությունը հրապարակել է ՓՄՁ ոլորտի վերաբերյալ հետազոտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ամերիա» ընկերությունը ներկայացրեց իր բացառիկ հետազոտությունը ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների մասին:

Նշենք, որ «Ամերիա» ընկերությունն իրականացրել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները: Ի դեպ, «Ամերիա» ընկերության կողմից ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի խոսքով, նմանատիպ հետազոտություն իրականացվել է նաեւ 2013 թվականին: ՙՀետազոտության միջոցով մենք փորձում ենք ներկայացնել ՓՄՁ ոլորտի զարգացմամբ զբաղվող կառույցներին՝ բանկերին, ապահովագրական ընկերություններին, միջազգային ֆինանսական ընկերություններին, խորհրդատվական և այլ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցողներին, որպեսզի տեղեկացված լինեն, թե ինչպիսի պահանջարկ կա երկրում՚,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տիգրան Ջրբաշյանը:

Նշենք, որ հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքներում՝ Երեւանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում եւ Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ-ներ, որոնց 93.8 տոկոսը գերփոքր է, 5.1 տոկոսը՝ փոքր, իսկ մոտ 1 տոկոսը՝ միջին:

Պարզվում է՝ 2018 թվականի համեմատ 2019-ին փոքր եւ միջին չափի ընկերությունները ձեռնարկատիրական մթնոլորտի եւ սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրվել: Տիգրան Ջրբաշյանի խոսքով, էական բարելավում նկատվել է անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների մոտ, ինչը բացատրվում է անշարժ գույքի գների նկատվող աճով: Սակայն նույն ժամանակահատվածում առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ-ները արձանագրել են զգալի վատթարացում: Ավելի մեծ դժգոհություն առկա է հիմնականում ներմուծմամբ զբաղվող ՓՄՁ-ների մոտ, փոխարենը՝ արտահանողների մոտ է արձանագրվել բարելավում:

Ըստ Տիգրան Ջրբաշյանի՝ ՓՄՁ-երի ոլորտում մրցակցության ակտիվություն նկատվում է միջին ձեռնարկությունների, քան փոքրերի մոտ: Միջինների համար մրցակցության մակարդակի աշխուժացումը վկայում է ինչպես միմյանց միջեւ, այնպես էլ խոշոր կազմակերպությունների հետ մրցակցության թեժացման մասին: ՙԱմերիա՚ ընկերության փորձագետները պարզել են, որ ՓՄՁ-ների զարգացմանը հիմնականում խոչընդոտում են բնակչության ցածր պահանջարկը եւ բարձր հարկերը: Օրինակ, Գյումրիում եւ Վանաձորում որպես խոչընդոտ ավելի մեծ կարեւորություն ունի արտագաղթը, քան Երեւանում եւ Դիլիջանում:
«Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության տնօերն Տիգրան Ջրբաշյանը հայտարարեց, որ 2013 թվականի համեմատ ՓՄՁ-ների քանակն ավելացել է՝ մոտ 4000-ով. «Դա չի նշանակում, որ 4000 նոր ՓՄՁ-ներ են ստեղծվել, որովհետեւ այս ընթացքում բավականին մեծ քանակով ընկերություններ դուրս են եկել շուկայից, նորերն են ավելացել, բայց ընդհանուր քանակը մոտ 4000 խաղացողով ավելացել է, այն սահմանման ներքո, որն այսօր պետությունն օգտագործում է հիմնական, չեմ ասում հարկային տեսանկյունից: ՀՆԱ-ի մեջ իրենց ծավալը նույնպես աճել է»:

Նշենք, որ դիտարկված ՓՄՁ-ների 86 տոկոսը նշել է, որ վերջին 3 տարում համագործակցել է բանկերի հետ, այսինքն օգտվել է որեւէ ծառայությունից, ինչը դրական է անդրադարձել նրանց գործունեության վրա: «Ամերիա» ընկերության կողմից կատարված նմանատիպ վերջին հետազոտության համեմատ (2012 թ.) ՓՄՁ-ները կատարում են ավելի շատ կարճաժամկետ ներդրումներ, ինչպիսիք են, օրինակ, պաշարները, վերանորոգում եւ այլն, եւ համեմատաբար քիչ են երկարաժամկետ ներդրումները, օրինակ՝ ոչ նյութական ակտիվները կամ շենք-շինությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս