«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավորի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում պտղի մահացության դեպքով ներքին քննարկում է եղել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հիվանդանոցի ներսում դեռեւս չեն կարողանում հասկանալ, թե խնդիրը առաջացել է ուլտրաձայնային հետազոտության սխալ ախտորոշման հետեւանքով, թե հերթապահ բժշկի խնդիրն է եղել:
Երեկ՝ մարտի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, բժիշկները ծննդաբերության ժամանակ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Գայանե Մագդեսյանին հայտնել են, որ պտուղը մահացած է: Գայանե Մագդեսյանը եղել է 35 շաբաթական հղիության մեջ։ Ծննդկանի հարազատները պտղի մահացության համար մեղադրում են բժշկին:
«Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատան բաժնի վարիչ Վարդան Ռափյանը, անդրադառնալով հարազատների պնդումներին, թե մեղավորը բժիշկներն են, վստահեցրել էր՝ բժիշկների մեղավորությունը չկա, քանի որ պատճառը առաջացած բարդությունն է եղել.
«Հարազատները կարող են նշել , բայց բժշկի մեղքով չի եղել։ Անկանխատեսելի հիվանդություն է, եւ մանկաբարձության մեջ ամենավտանգավոր բարդությունն է,երբ ընկերքը ժամանակից շուտ է անջատվում։ Դա ոչ մեկի կամքով կամ միջամտությամբ չի կարող լինել»:
Նշենք, որ կատարվածից հետո հիվանդանոցի ներսում բժիշկների մոտ խոսակցություն է ծավալվել,թե ինչից կարող է խնդիրը առաջացած լինել, եւ անգամ հիվանդանոցի ներսումչեն կարողանում հասկանալ՝ ուլտրաձայնային հետազոտության սխալ ախտորոշման արդյունքում է, որ չեն կարողացել պտղի մահը կանխատեսել եւ կանխել, թե հերթապահ բժիշկն է եղել խնդիրը:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, ինչպես հայտնի է, պատկանում է Աժ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին։ Համբարձումյանները հայտնի են ավտոմեքենանների ներկրմամբ զբաղվող «Սլավմոթորս» ընկերությամբ եւ «Սնիկերս», «Մարս» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշների շոկոլադներ ներկրելու, կարելի է ասել, մենաշնորհով։ Եվ, ահա,իրենց ուժերը փորձել են նաեւ առողջապահության ոլորտում։ Ու պետք է արձանագրենք, որ մահացության աղմկահարույց դեպքեր հաճախակի են բարձրաձայնվել։
Հիշեցնենք, որ 2016 թվականին ապրիլի 28֊ին «Սլավմեդ»-ում մահացել էր 38-ամյա Նաիրա Մուսայելյանը։ Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակն ուսումնասիրելու համար հանձնաժողով էր ստեղծվել:
Նշենք, որ նմանօրինակ մեկ դեպքով էլ մեղադրյալի աթոռին է հայտնվել «Սլավմեդ» ԲԿ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ աշխատող Կարեն Բաղդասարյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կեսարյան վիրահատության ենթարկված եւ հիվանդասենյակ տեղափոխված ծննդկան Տաթեւիկ Գասպարյանի բժշկական օգնությունըեւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք է դրսեւորել, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի՝ Տ․Գասպարյանի մահը։
Այս դեպքով նաեւ մեղադրյալ է «Սլավմեդ» ԲԿ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ աշխատող Լիանա Դաղբաշյանը, եւ արդեն երեք տարի է, ինչ դատաքննություն է ընթանում:
Քնար Մանուկյան