«Ժողովուրդ»-ի օրաթերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Սուսաննա Հարությունյանը, որն իր խոսքն ուղղել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին՝ կապված Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տան վրա կատարված հարձակման հետ:
Նամակում ասվում է.
«Բարեւ Ձեզ, ՀՀ ոստիկանապետ պարոն Սարգսյա՛ն:
«Բարեւ» գրում եմ՝ կուլտուրայից ելնելով, որովհետեւ մարտի 5-ի գիշերը ձեր հրամանով կատարված այլանդակություններն ու անօրինությունները մինչեւ հիմա չեմ կարողանում մոռանալ: Ես՝ հայ կին, քաղաքում ապրում եմ 22 տարի, այդպիսի բան դեռ չեմ տեսել, անգամ ՀՀԿ-ի ժամանակ, որ նրանց տեսնել չէի ցանկանում:
Պարո՛ն Սարգսյան, Ձեր վարժեցրած դիմակավորներին գոնե սովորեցնեիք, որ երեխային հարգեն: Եթե Ձեր թոռը լիներ նույն կարգավիճակում, ինչպե՞ս կհաշտվեիք. (պետք է Ձեր արածը Աստված չների): Կանչեիք՝ հարցաքննելու «Ապերին», բայց ոչ թե թռնեիք պատերի վրայով ու ջարդելով՝ անգամ աղջկա տան ապակիները՝ ցույց տալով, թե բռնում եք «Ապերին»:
«Վստրեչի Ապերի» նման տղա Երեւանում մի հատ է: Ես 20 տարի ճանաչում եմ նրան. իր նման բարի, ճիշտ ու խղճով մարդ դեռ չեմ տեսել: Դուք լավ տեսաք՝ բոլորը ոնց էին խոսում իր մասին՝ հարգանքով: Դուք բերման եք ենթարկում նրա որդուն՝ չճանաչելով, թե իրականում ինչքան համեստ ու հրաշք տղա է: Դուք ճանաչում եք նրան, դուք ուղղակի սովոր եք, որ ճանաչված մարդկանց երեխաները հաբրգած են, սակայն չգիտեք, որ նա նման մարդկանցից չէ: Դուք պարզապես շփոթել եք նրա եղբոր որդուն, դուք լսել եք հաստատ, որ եղբոր որդին մեղավոր է, ուրեմն՝ եթե «Ապերը» էրեբունցի է, ինչքան կռիվ ու խոսակցություն լինի, պետք է ինքը տեղյակ լինի՞: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, բայց հիմա հիասթափված եմ բոլորից. իմ նման շատ մարդիկ կան:
Պարոն Սարգսյա՛ն, եթե ուզում էիք Նիկոլ Փաշինյանի աչքում բարձանալ Ձեր ոճով, ուրիշ ճիշտ ճանապարհ պետք է ընտրեիք, ոչ թե դռները կոտրելով՝ դարձնել ավերակ ու վիրավորելով երեխային:
Ես «Ապեր»-ին ընդհանրապես բարեկամ չեմ, բայց իրեն ու իր ընտանիքին ճանաչում եմ 20 տարի: Ձեր հզորությունը կգնահատեի այն ժամանակ, երբ 3 ամիս առաջ երկաթուղայինների 2-րդ փողոցում 43 տարեկան 2 անչափահաս երեխաների հորը գնդակահարող թուրք-մուսուլմանին հայտնաբերեիք ու բերման ենթարկեիք: Եկա այն եզրակացության, որ պատերի վրայով թռնող դիմակավորներին հետաքրքրել է «Ապեր»-ի ապրելակերպը: Ինչո՞ւ են նեղություն քաշել ու տարել օգտագործված օծանելիքները, «Ապեր»-ը նորը կգներ. նա շատ բարի ու առատաձեռն է: Դրանից հետո գոնե տեսա՞ն, որ «Ապեր»-ն ապրում է իրեն վայել համեստ տան մեջ, ինչպես ինքն է ապրում իր կյանքը ճիշտ ձեւով:
Պարոն Սարգսյան, ես ապշած եմ: Հեղափոխություն կատարած երկրում ու առավել եւս՝ ժողովրդվար երկրում, 5 տարեկան երեխային չխնայեցին, չհարգեցին տարիքով մորը, ու նման անմարդկային բաներ կատարվեցին:
Ամբողջ Հայաստանն ապշած է թոռնիկի նկատմամբ վերաբերմունքից: Ես Նիկոլ Փաշինյանին էլ եմ նամակ ուղարկել, ու ուզում եմ, որ այս մասին ինքը նույնպես տեղեկանա:
Ն. Փաշինյանի դուստրը՝ Արփին, հենց համացանցում երեւում է, ես տեսնում եմ, թե ինչպես է նա՝ որպես փոքրիկ երեխա, թռվռում ու խոսում: Արփին շատ սիրվող երեխա է: Հենց նման շատ համով ու հրաշք երեխա է «Ապեր»-ի թոռը, որն արժանացել է ոստիկանների կողմից նման վերաբերմունքի:
Իմ վիրավորանքը չեմ կարողացել թաքցնել, որովհետեւ Ն. Փաշինյանին շատ եմ հարգել ու պաշտպանել բամբասողներից, ասում եմ ամենայն անկեղծությամբ:
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյան, ես Ձեր ելույթը նայում եմ ու շատ զարմացած եմ, թե ինչպես եք շփոթել «Ապեր»-ին Մոնումենտի դղյակների ու Ամերիկայի միլիոն դոլարանոց տների հետ, որոնք ունեն նախկինները:
Նեղություն քաշեք պարոն Գաբրիելյան՝ դիմակով հարձակողներին հարցրեք՝ ի՞նչ էր «Ապեր»-ի միլիոնների հասնող հարստությունը: Պարոն Գաբրիելյան, Ազգային ժողովում այդքան աղքա՞տ են բոլոր պատգամավորները, որ «Ապեր»-ի տան դիմացի կանաչ խոտերը Ձեր աչքում միլիոնավոր դոլար է երեւում:
Դիմող Սուսաննա Հարությունյան»:
«Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում նամակի բովանդակության համար: Խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաեւ երկրորդ կողմի տեսակետը: