«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի գործով իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առաջ:
Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: 1 տարի առաջ վերջինիս պաշտպանը պայքարում էր, որ նրան ազատեն կալանքից, քանի որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի եւ պետք է վիրահատվի Գերմանիայում: 2018 թվականի դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Մայրապետյանին, իսկ, ահա, հունվարի 8-ին Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել էր Սամվել Մայրապետյանի անձնագիրը, բայց թույլ չէր տվել նրան հեռանալ երկրից:
Մայրապետյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից հնարավորություն տալ իրենց պաշտպանյալին մեկնել Գերմանիա անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը եւ առողջությունը վտանգված են:
2019 թվականի հունվարի 17-ին ՄԻԵԴ-ը որոշել էր միջանկյալ միջոց կիրառել Մայրապետյանի գործով եւ ՀՀ իշխանություններին հորդորել անհետաձգելի կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն` համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների: Եվ, ահա,շուրջ 1 տարի է, ինչ Սամվել Մայրապետյանը գտնվում է արտերկրում: Եւ հիմա իրավապահ համակարգը, այընտրանք չունենալով, գնաց կոնկրետ գործողությունների:
Մարտի 3-ին Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար, ինչը դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց: Պատճառը, ըստՀՔԾ-ի, այն է, որ Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր մեկնել արտերկիր, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինսչի ներկայացել, եւ անձնական երաշխավորություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս իրավիճակից հետո Սամվել Մայրապետյանի մտերիմները կապ են հաստատել նրա հետ` հասկանալու համար, թե ինչու չի ներկայացել նախաքննական մարմնին եւ չի կատարել օրենքի պահանջը: Ի պատասխան՝ Սամվել Մայրապետյանը ասել է, որ 2019 թվականի հոկտեմբերին տոմս է գնել, որ վերադառնա Հայաստան, սակայն օդանավակայանում ինքնազգացողությունը կրկին վատացել է եւ չի կարողացել նստել ինքնաթիռ ու վերադառնալ Հայաստան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Մայրապետյանն իրմտերիմներին ասել է, որ շատ է ցանկանում գալ Հայաստան, բայց չի կարողանում, իսկ եթե գա ու ներկայանա իրավապահներին, եւ առողջական խնդիրներ առաջանան, ո՞վպետք է բուժօգնություն ցուցաբերի: Բանն այն է, որ նրա ունեցած հիվանդությունը բուժելու համար Հայաստանը չունի համապատասխան մասնագետներ եւ տեխնիկա: Ըստ նրա մտերիմների՝ նա կյանքի, ապրելու համար է պայքարում, եւ եթե գա Հայաստան, կվտանգի իր առողջությունը, հետեւաբար նաեւ կյանքը:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Սամվել Մայրապետյանը պարբերաբար իրավապահ համակարգին ուղարկել է իր առողջականի վիճակի վերաբերյալ փաստաթղթեր, իսկ, ահա, նախաքննական մարմնին ներկայանալ չի կարողացել:
Նկատենք, որ իրավապահ մարմինները ներքին խոսակցության ժամանակ քննարկել են այս հարցը եւ միմյանց ասել են, որ հասկանում են` մարդը առողջական լուրջ խնդիրներ ունի. եթե վերադառնա, գուցե Մանվել Գրիգորյանի նման վատթարանա վիճակը: Բայց, մյուս կողմից էլ, քննիչները օրենքի պահանջն են կատարում, եւ նախաքննական մարմին ներկայանալու ժամկետի ընթացքումնա պետք է ներկայանար, ու եթե չի եկել, իրենք այլ ելք չունեին, քան հետախուզում հայտարարելն ու կալանավորման որոշման հասնելը: Ինչեւէ, այս իրավիճակում չի բացառվում, որ Սամվել Մայրապետյանի պաշտպանները կրկին դիմեն ՄԻԵԴ եւ ներկայացնեն, թե ինչ իրավիճակի առաջ են կանգնել, ու չի բացառվում, որ ՄԻԵԴ-ը կրկին անդրադառնա Մայրապետյանի գործին` դարձյալ նրա օգտինվճիռ կայացնելով: Բանն այն է, որ գործ ունենք մարդու առողջության հետ` անկախ նրա գործած հանցանքի ծանրությունից:
Քնար Մանուկյան