ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր շոու-բիզնեսի 50-ն անց ամենահմայիչ կանայք. ովքե՞ր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի կապակցությամբ ընթերցողներին է ներկայացնում հայկական շոու-բիզնեսի կանանց մասին շարքեր: Այս անգամ անդրադառնում ենք 50-ն անց ամենականացի հայտնիներին, որոնք տարիների ընթացքում չեն կորցրել իրենց հմայքն ու փայլը:

Աննա Էլբակյան

Հմայիչ արտաքին, տպավորիչ դիմագծեր, հիշվող ձայն, կանացի ժեստեր ու պահվածք. այս ամենը Հայաստանի վաստակավոր արտիստուհու կերպարի մի մասն են կազմում: Նա որքան հետաքրքիր է էկրանին եւ բեմում, օրինակ՝ Ֆանշեթի, Կորդելիայի, Աբբիի, Ժուլիետի դերերում, նույնքան գրավիչ է կյանքում: Աննա Էլբակյանի դեպքում տարիները նրան ավելի կանացի են դարձրել, հաղորդել են հասունություն եւ իմաստություն, որն ավելի է զարդարում դերասանուհուն: Եվ քանի որ ամեն փայլուն կնոջ հետեւում կանգնած է նրանով հիացող տղամարդը, իսկ այս պարագայում խոսքը դերասան, բեմադրիչ Արմեն Էլբակյանի մասին է, կնոջը մնում է միայն վայելել այդ կարգավիճակը:

Նելլի Խերանյան

Կոկիկությունը, համեստությունը, յուրահատուկ արտաքինն ու շարմը դերասանուհու մշտական ուղեկիցներն են: Հետաքրքիր է, որ ո՛չ դեմքով, ո՛չ կազմվածքով տիկին Խերանյանը երիտասարդ տարիներից ի վեր շատ չի փոխվել: Ով տեսել է «Ճերմակ անուրջները» եւ տարիներ անց տեսնի Լիլոյի դերակատարուհուն, անմիջապես կճանաչի նրան: Դերասանուհուն առանձնակի փայլ է հաղորդում նրա գրագետ խոսքը եւ ցածր ձայնը: Տիկին Խերանյանը նաեւ հաղորդավարուհի է եւ, միայն իրեն բնորոշ հատկությունների շնորհիվ, հրաշալի դրսեւորվում է նաեւ եթերում:

Սյուզան Մարգարյան

Այս երգչուհին կանացիության ու քնքշության մարմնավորում է: Յուրաքանչյուր տարիքում նա պահպանեց իր համեստությունը՝ ամեն անգամ ներկայանալով նորովի: Նա լավ երգչուհի է, կին, մայր եւ տատիկ: Սյուզան Մարգարյանը վայելում է սեր ե՛ւ ավագ, ե՛ւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների շրջանում: Ոմանք նրան անվանում են «հայկական շոու-բիզնեսի Սոֆյա Ռոտարու»: Երգչուհին մշտապես աչքի է ընկել նաեւ իր գրագետ խոսքով, դիվանագիտությամբ: Նա ոգեշնչման աղբյուր է մի շարք երիտասարդ արտիստուհիների համար:

Հասմիկ Պապյան

Օպերային երգչուհին իսկապես կանացիության մարմնավորում է: Բեմի վրա նա պարզապես փայլում է: Նրա կերտած Նորման, Տոսկան, Լեդի Մակբեթը տպավորում է հանդիսատեսին եւ երկար մնում նրա հիշողության մեջ: Անչափ հմայիչ է երգչուհու արտաքինը. նա տարիների ընթացքում ավելի կանացի եւ փխրուն դարձավ: Հասմիկ Պապյանը նաեւ ուժեղ կնոջ խորհրդանիշ է: Նա մշտապես արձագանքում է հայաստանյան ներքին քաղաքական, հասարակական կյանքին, օգնում է իր հայրենիքին, ինչով կարող է: Ներքին ուժն ու կամքը ավելի հմայիչ են դարձնում նրան եւ ամբողջացնում երգչուհու կերպարը:

Իրինա Դանիելյան

Այս դերասանուհու պարագայում կարող ենք ասել, որ տարիները նրա վրա բավականին դրական ազդեցություն ունեցան. նա ավելի գեղեցկացավ, ձեռք բերեց յուրահատուկ արտաքին եւ կանացիություն: Իրինա Դանիելյանին առանձնակի հմայք է հաղորդում նրա ձայնը, խոսքը եւ ժեստիկուլյացիան: Նա՝ թե՛որպես դերասանուհի, թե՛ որպես հաղորդավորուհի, հետաքրքիր է նայվում ինչպես էկրանին, այնպես էլ առօրյայում: Դերասանուհին յուրահատուկ է նաեւ հագուստի եւ աքսեսուարների ընտրության հարցում:

Էմմա Պետրոսյան

Սեւը այս երգչուհու այցեքարտն է: Նա այդ գույնը դարձրել է իր մի մասնիկը եւ բավականին հետաքրքիր կերպար ստեղծել իր համար: Էմմա Պետրոսյանին կանացի է դարձնում նաեւ իր ինտելեկտը, հարուստ ներաշխարհը, խորությունը: Նա կարող է լինել մեղմ եւ փխրուն, բայց նաեւ ուժեղ ու վճռական: Էմմա Պետրոսյանն ինքնին գույն է, որը բազմազան է դարձնում հայկական շոու-բիզնեսի ներկապնակը:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Անտոնյան




Լրահոս