ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզից կսկսի սահմանադրական փոփոխությունների մարզային քարոզարշավը: Եւ, ահա, ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետն առավոտյան ուղղաթիռով միանգամից իջնելու է Սյունիքի մարզի Ագարակ քաղաք, որտեղից էլ նախատեսված է սկսել քարոզարշավը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Սյունիքի մարզի բոլոր համայնքներում աժիոտաժ է տիրում, քանի որ բոլորը ցանկանում են հավուր պատշաճի դիմավորել Նիկոլ Փաշինյանին: Երեկ դա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը՝ հայտարարելով, թե իրենք պատրաստվում են դիմավորել վարչապետին: «Իհարկե պատրաստվում ենք, հանրապետության վարչապետն է գալիս, մենք մեր մասով, կոմունալ ծառայությունը՝ իր մասով, մաքրությունը եւ այլն, այդքանը: Դե մենք միշտ էլ մաքրությունով զբաղվում ենք, բայց վաղը մի քիչ տարբերություն պետք է լինի էլի, ամեն դեպքում, լիքը հյուրեր են գալու մայրաքաղաքից, գան, ավելի մաքուր տեսնեն մեր համայնքը», – մեզ հետ զրույցում նշեց նա: Նկատենք, որ սահմանադրական փոփոխությունների՝ «Այո»-ի ակտիվ քարոզարշավ իշխանության ներկայացուցիչներն, ըստ էության, սկսել են միայն մարտի 7-ից, իսկ մինչ այդ նախապատրաստական աշխատանքներ էին: Եվ պատգամավորները, վարչապետից զատ, այս օրերին գնում են տնից տուն, անձամբ բուկլետ բաժանում եւ շփվում բնակիչների հետ: Իսկ, ահա, վարչապետը քարոզարշավ կանցկացնի նաեւ հանրահավաքների միջոցով: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվանից արձակուրդ է վերցնում: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ այսօրվա քարոզարշավին Նիկոլ Փաշինյանին կուղեկցեն «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի գործով իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առջեւ: Շուրջ 1 տարի է, ինչ Սամվել Մայրապետյանը գտնվում է արտերկրում, եւ ստացվեց այնպես, որ մեկ տարի անց իրավապահ համակարգը, այընտրանք չունենալով, գնաց կոնկրետ գործողությունների: Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար, ինչը դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս իրավիճակից հետո Սամվել Մայրապետյանի մտերիմները կապ են հաստատել նրա հետ՝ հասկանալու համար, թե ինչու նա չի ներկայացել նախաքննական մարմին եւ չի կատարել օրենքի պահանջը: Եվ, մեր տեղեկություններով, ի պատասխան՝ Սամվել Մայրապետյանը ասել է, որ 2019 թվականի հոկտեմբերին տոմս է գնել, որ վերադառնա Հայաստան, սակայն օդանավակայանում ինքնազգացողությունը կրկին վատացել է եւ չի կարողացել նստել ինքնաթիռ: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ Մայրապետյանը պարբերաբար իրավապահ համակարգին ուղարկել է իր առողջական վիճակի հետ կապված փաստաթղթեր, սակայն նախաքննական մարմին ներկայանալ չի կարողացել: Ինչեւէ, այս իրավիճակում չի բացառվում, որ Սամվել Մայրապետյանի պաշտպանները դիմեն ՄԻԵԴ եւ ներկայացնեն, թե ինչ իրավիճակի առաջ են կանգնել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում պտղի մահացության դեպքով ներքին քննարկում է եղել: Մեր տեղեկություններով՝ դեռեւս հիվանդանոցի ներսում չեն կարողանում հասկանալ, թե ինչի հետեւանք է խնդիրը՝ ուլտրաձայնային հետազոտության սխալ ախտորոշման, թե հերթապահ բժշկի խնդիրն է եղել: Ինչպես հայտնի է, մարտի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, բժիշկները ծննդաբերության ժամանակ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Գայանե Մագդեսյանին հայտնել են, որ պտուղը մահացած է, եւ ծննդկանի հարազատները պտղի մահացության համար մեղադրում են բժշկին: Եվ, ահա, դեպքից հետո չնայած հիվանդանոցի ներսում ներքին քննարկումներ են եղել, սակայն այդպես էլ վերջնական եզրահանգման չեն կարողացել գալ: Ընդգծեն, սակայն, որ նախկին պատգամավորին պատկանող բժշկական կենտրոնում մահացության դեպքերը, կարծես թե, չեն պակասում:

 

 

 

ՀՀ հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է Սյունիքի մարզպետարանի՝ 2017-2018 թվականների ֆինանսական գործունեությունը եւ թերացումներ հայտնաբերել: Այսպիսով, ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մարզպետարանի աշխատակազմի թվով 4 աշխատակիցներ 24 աշխատանքային օրեր գտնվել են արտերկրում, սակայն նրանց հաշվարկվել եւ վճարվել է 401 հազար դրամ աշխատավարձ: Բացի այդ, Սյունիքի մարզի առողջապահական եւ բժշկական 4 ընկերությունների թվով 43 աշխատակիցներ 198 աշխատանքային օրեր եւս գտնվել են արտերկրում, բայց դարձյալ ստացել են աշխատավարձ՝ 1 մլն 146 հազար դրամի չափով: Ստացվում է, որ 2017-2018 թվականներին մարզպետարանի եւ նրա ենթակայության 23 հիմնարկների 92 աշխատակիցներ 1157 աշխատանքային օրեր գտնվել են արտերկրում եւ ստացել են աշխատավարձ՝ 5 մլն 690 հազար 400 դրամ: Սակայն խնդիրներ են հայտնաբերվել նաեւ՝ մարզպետի հրամանով օգնություն ստացած անձանց հետ կապված: Պարզվել է, որ դրամական օգնությունների բաշխվածությունը խիստ կենտրոնացված է եղել մարզկենտրոնում եւ Կապանի բնակավայրերում: Նկատենք, որ ուսումնասիրությունների ժամանակաշրջանում Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել են Վահե Հակոբյանն ու Կարեն Համբարձումյանը, որն այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւ՛ Կարեն Համբարձումյանը, եւ՛ Վահե Հակոբյանը հայտարարեցին, թե չեն կարող արձագանքել, քանի որ չեն ուսումնասիրել եզրակացությունը:




Լրահոս