ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՄԵՍՍԻՋՆԵՐ՝ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է՝ մամուլում ակտիվ քննարկվում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան հանդիպումներն ու այդ ֆոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այցն ու հանդիպումները: Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպումները սկսել էր մարտի 5-ին, եւ ընդամենը 4 օր տարբերությամբ նույն մարդկանց հետ հանդիպել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, եւ այստեղ հետաքրքիր են հանդիպումների բովանդակություններն ու մեսսիջները:

Հենց մարտի 5-ին Սերժ Սարգսյանը Արմեն Աշոտյանի եւ Դավիթ Հարությունյանի հետ միասին հանդիպել էր ԵԺԿ նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Ընդ որում, ուշագրավ է, որ ՀՀԿ մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում հենց ԵԺԿ նախագահն է Սերժ Սարգսյանին խնդրել ներկայացնել Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, եւ Սարգսյանն էլ անդրադարձել է իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին: «Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության եւ բացառապես իրավական գործընթացների շրջանակում, համապատասխան մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա», – ասված է ՀՀԿ հաղորդագրության մեջ: Սակայն Սերժ Սարգսյանը նաեւ այլ հանդիպումներ է ունեցել իր եվրոպական գործընկերների հետ: Եվ կրկին նրանց հետ հանդիպումներում եւս մեծ տեղ է հատկացվել Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները ներկայացնելուն:
Եվ ինչպես արդեն նշեցինք, երեկ էլ Նիկոլ Փաշինյանն է այցելել Բրյուսել եւ նմանատիպ հանդիպումներ ունեցել, այդ թվում՝ Դոնալդ Տուսկի հետ, եւ այստեղ հետաքրքիր են վերջինիս մեսսիջները: «Պարո՛ն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում», – նշել է Տուսկը եւ, կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Տուսկն ընդգծել է, որ Եվրոպայում, այդ թվում՝ տեղի հանրության եւ քաղաքական գործիչների շրջանում, ՀՀ նոր իշխանությունների եւ անձամբ ՀՀ վարչապետի նկատմամբ առկա է բարձր վստահություն, ինչը քաղաքական կարեւորագույն կապիտալ է:
Ապա նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին: Եվ, ահա, ստացվում է՝ Դոնալդ Տուսկը, մի կողմից, Սերժ Սարգսյանին խնդրում է գնահատականներ հնչեցնել եւ ներկայացնել Հայաստանի ներքաղաքական վիճակը, ապա ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն էլ ընդգծում, թե վերջինս մեծ վստահությունի ունի, եւ այս հանդիպումներն էլ տեղի են ունենում օրերի տարբերությամբ:
Եվ չնայած ՀՀ վարչապետի այս հանդիպումների արդյունքում նոր փաստաթղթեր չեն ստորագրվելու, սակայն այս ամենը առաջին հերթին կարեւոր էր հենց Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ականների հանդիպումից հետո թողած էֆֆեկտը փոխելու համար: Հետաքրքիր է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԵԺԿ անդամ չէ, եւ այդ հանգամանքը առավել ուշագրավ է դարձնում Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դոնալդ Տուսկի հետ: Ընդ որում, հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ եւս որեւէ խոսք չկա այս հարցի քննարկման մասին, այնինչ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի այցը կամա թե ակամա պատասխան է Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցին: Եվ ընդգծենք նաեւ, որ Սարգսյանը Բրյուսել էր մեկնել հենց Դոնալդ Տուսկի հրավերով չարտերային չվերթով:
Սակայն, ինչպես գիտենք, քրեական գործի շրջանակներում Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Եվ ՀՀԿ ղեկավարը երկրից մեկնելու համար, օրենքով սահմանված կարգով, թույլտվություն է ստացել։ Եվ սա էլ թերեւս իր բացատրությունն ունի. եթե Սարգսյանը չստանար թույլտվությունը, ապա Նիկոլ Փաշինյանը երեկվա հանդիպումներում պետք է ներկայացներ դրա պատճառները, իսկ այսպես շահեկան վիճակում է հայտնվել՝ թույլ տալով ընդդիմադիր եւ քրեական գործով անցնող նախկին նախագահին մեկնել երկրից հանդիպումների:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի, նավթի գնի նվազման՝ համաշխարհային տնտեսության կայունության վրա ունեցած եւ ունենալիք ազդեցությանը, նշել է. «Իմ այս հարցին կառավարությունը, կարծես թե, լուրջ չվերաբերեց եւ պատասխանեց, որ «ամեն ինչ լավ է, եւ ընդհանրապես, եկեք լինենք լավատես»: «Կորոնավիրուսի պատճառով նվազել է նաֆթի պահանջարկը միջազգային շուկայում»,-հայտնել է նա ու հավելել, որ պետք է անհապաղ վերջ տալ անլուրջ ջայլամական ներքին տնտեսական քաղաքականությանը եւ լրջագույնս պատրաստվել հնարավոր համաշխարհային տնտեսական ճգնաժամին:

 

 

 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ Է ՇՆՉՈՒՄ
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը երեկ առավոտյան գիտակցության թեթեւ ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել. այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: Ըստ նրա՝ աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը: Վիճակը շարունակում է մնալ ծանր: Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիի Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 42-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա, որը մարմնական վնասվածքները ստացել էր իրենց տանը: Վնաս հասցրած անձը անչափահասի մայրիկի ընկերն էր: Գյումրիում 43-ամյա կնոջ եւ նրա 12-ամյա դստեր նկատմամբ դաժան բռնություն գործադրած երիտասարդը հրաժարվել է նմուշ տրամադրել իր արյան մեջ ալկոհոլի առկայությունը ստուգելու համար:

 

 

 

ԱՆԱՍՆԱԳՈՄԵՐՈՒՄ
Երեկ Թռչկանի ջրվեժ մեկնած եւ մոլորված ՌԴ քաղաքացիներին փրկարարները հայտնաբերել են անասունների համար նախատեսված «յայլաներում» (անասնագոմերում): 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Վալերի Սիդրովն ու ընկերուհին՝ 21-ամյա Գլադկինա Անաստասիան, Գյումրիից տաքսիով Թռչկան են հասել 15:30-ին, իջել են Ձորաշեն գյուղի հատվածը, որոշել են տեսնել ջրվեժն ու նույն մեքենայով վերադառնալ: 21:30-ին երբ զույգը չի վերադարձել, տաքսիստն անհանգստացել, ահազանգել է փրկարարական վարչություն: Որոնողական աշխատանքների արդյունքում տարածքի անասունների համար նախատեսված «յայլաներից» մեկում հայտանբերվել է զույգը: Ի դեպ, տարածքում, որտեղ մնացել է ռուս զույգը, սովորաբար գայլեր ու արջեր են պատահում:

 

 

 

ԿԲԱՐՁՐԱՆԱ
ՀՀ արտակարգի իրավիճակների նախարարության տվյալներով՝ հանրապետության տարածքում մարտի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երեւանում մարտի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին սպասվում է անձրեւ:

 

 

 

ՎԱՐՈՒՅԹՆԵՐ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ
2019թ. հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման եւ պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քանակական առումով ամենաշատ վարույթներ հարուցվել են Ոստիկանության եւ Քննչական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ՝ համապատասխանաբար թվով 18 եւ 15 վարույթ: Իսկ, ահա, Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ` 4 վարույթ, Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ` 3, Քաղաքացիական ծառայություն իրականացնողների նկատմամբ` 3, Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ՝ 2, եւ մեկական վարույթներ՝ Հարկադիր կատարման ծառայողի, համայնքային ծառայողի, դատավորի, դեսպանի եւ զինծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ: Եվ փետրվարի 27-ի դրությամբ հարուցված վարույթներից 2-ը կարճվել են դեպքի բացակայության հիմքով: Եվ նախկին հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Ընդ որում, վերջնաժամկետը լրանում է այսօր:

 

 

 

ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստից: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նիստին մասնակցելու է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ առաջիկայում ներդրվելու է մշտադիտարկման համակարգ, եւ յուրաքանչյուր հանքարդյունահանող կազմակերպություն եռամսյակը մեկ կներկայացնի շրջակա միջավայրի վերաբերյալ դիտարկումներ։ Բացի այդ, քննարկման փուլում են մի շարք նախագծեր, որոնք առաջիկայում կներկայացվեն խորհրդարան:




Լրահոս