Վարչապետը մեկ օրով կվերադառնա աշխատանքի․ կարևոր նշանակումներ են լինելու․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկվանից, ըստ էության, մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ակտիվ փուլը: Եվ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից գտնվում է արձակուրդում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին մասնակցելու համար, սակայն նրա վերադարձի ժամկետներում հետաքրքիր նրբերանգներ կան: Մասնավորապես, Փաշինյանն արձակուրդում կլինի մարտի 10-18-ը ներառյալ եւ մարտի 20-24-ը ներառյալ: Այսինքն՝ վարչապետն աշխատանքի կվերադառնա մեկ օրով՝ մարտի 19-ին: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ հենց մարտի 19-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է նշանակի ԱԱԾ տնօրեն եւ ՀՀ ոստիկանապետ, քանի որ այդ օրը լրանում է ժամականավոր պաշտոնակատարների պաշտոնավարման վեց ամիսը, եւ օրենքով հենց այդքան ժամանակ է հատկացված:

Այլ կերպ ասած, Փաշինյանը արձակուրդից կվերադառնա, նշանակումների մասին առաջարկներ կանի, ապա կրկին արձակուրդ կմեկնի: Երկու օրով՝ երեկ եւ այսօր, արձակուրդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, որը վարչապետի հետ Սյունիքի մարզում է: Այնտեղ էր նաեւ «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, որը եւս արձակուրդում է: Այս օրերին քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում կլինեն նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ինչպես նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Ուշագրավ է, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն արձակուրդում չէ, սակայն երեկ՝ «Այո»-ի հանրահավաքի ժամանակ՝ աշխատանքային ժամին, գտնվում էր Մեղրիում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս