«Այո»-ի կողմնակիցների քարոզարշավը Սյունիքի մարզում շարունակվում է: Այս պահին վարչապետը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում է: Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ ընթերցեց մի փաստաթուղթ, որն առաջին անգամ էր հրապարակվում:
2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի
Հայաստանի ժողովուրդը՝
2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով վերահաստատած լինելով սեփական բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում,
1991 թվականի Անկախության հանրաքվեից եւ Արցախյան ազատամարտում 1994 թվականի արձանագրած հաղթանակից հետո առաջին անգամ նորոգած լինելով հավատը սեփական ապագայի նկատմամբ,
Ընդգծելով իր նվիրվածությունը ժողովրդավարությանը եւ հանրահայտ ժողովրդավարական արժեքներին (մասնավորապես՝ օրենքի եւ իրավունքի գերակայություն, օրենքի առաջ բոլորի հավասարություն, դատական անկախ համակարգ, խոսքի եւ մամուլի ազատություն, ազատ եւ մրցակցային ընտրություններ),
Արտահայտելով Հայ ժողովրդի ստեղծարար տաղանդի համախմբման եւ զարգացման միջոցով Հայաստանը հզոր, բարեկեցիկ, բռնությունից ու կոռուպցիայից զերծ պետություն դարձնելու, Արցախի հարցի արդարացի լուծմանը հասնելու իր վճռականությունը,
Արձանագրում է․
1. 1995 թվականից մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։
2. Ժողովրդի ազատ կամարտահայտման սահմանափակմանը, այսինքն՝ ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմանը, ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է Համակարգային կոռուպցիայի։ Այս երեւույթը Հայաստանում գոյություն է ունեցել մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշա, ժողովրդական հեղափոխությունը եւ արտահայտվել է համատարած կաշառակերությամբ, պետական ծախսերից ետվճարումների արատավոր համակարգով (ատկատներ), արհեստական տնտեսական մենաշնորհների հաստատմամբ, բիզնեսի եւ նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միախառնումով։
3. Այս համակարգի պայմաններում նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ ետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը, արգելակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը։ Արդյունքում՝ բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն։
4. Պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան՝ Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է։ Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի, ներառյալ անկախ եւ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձեւավորմամբ։
5. Հայաստանում պետք է ձեւավորվեն իշխանության եւ բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ․ իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց։
6. Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովող ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ, հակակշիռների եւ փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք, հետեւաբար Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որեւէ դրսեւորում կամ երեւույթ։
2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում։
Մանրամասները՝ տեսանյութում