Հատուկ քննչական ծառայությունն ու Արդարադատության նախարարությունը համատեղ հանդես են եկել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Նախագծով, ըստ էության, առաջարկ է արվում սահմանափակել ՀՀ գլխավոր դատախազի լիազորության շրջանակները: Նախագծով առաջարկվում է, որ նախաքննությունը՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններիհետ կապված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541, 1542, 1549, 310.1, 314.2, 314.3 հոդվածներով, իրականացնեն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները:
Այսպիսով, հստակ ամրագրվելու է, թե որ գործերով է նախաքննություն իրականացնելու ՀՔԾ-ն: Բանն այն է, որօրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ անհրաժեշտության դեպքում գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր: Եվ, օրինակ, 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությամբ ՀՔԾ է ուղարկվել շուրջ 400 քրեական գործ, որը կազմում է նշված ժամանակահատվածում քննված գործերի շուրջ 20%-ը:
Այսպիսով, օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները կատարում են Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների հետ կապված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541, 1542, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով նախաքննությունը: Եվ այս նորմի տառացի մեկնաբանման արդյունքում ներկայումս ծառայությունը քննում է ինչպես պաշտոնեական դիրքի հետ կապված, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից կատարվող, սակայն պաշտոնեական լիազորությունների կատարումից չբխող հանցագործություններ, որոնց բաժինը քննված ընդհանուր հանցագործությունների թվում այնքան էլ փոքր չէ:
Եվ, որպես այժմյան փոփոխության հիմնավորում, բերվում է այն հանգամանքը, որ երբ 2007 թվականին ստեղծվել է Հատուկ քննչական ծառայությունը, քննիչների կողմից նմանատիպ գործերի քննությունը նպատակահարմար էր այն առումով, որ ծառայությունը միակ մարմինն էր, որը չէր գտնվում որեւէ կառույցի ենթակայության տակ: Սակայն հետագայում ստեղծվել է Քննչական կոմիտեն, սակայն ծառայությունը շարունակել է նախաքննություն իրականացնել պաշտոնատար անձանց լայն շրջանակի` պաշտոնեական դիրքի հետ կապված եւ չկապված հանցագործությունների վերաբերյալ գործերով: Ընդ որում, դրան զուգահեռ՝ նման դեպքերի թիվն ու գործերի քանակն ավելացել են, հետեւաբար քննիչների ծանրաբեռնվածությունը, 2012 թվականի համեմատ, ավելացել է ավելի քան չորս անգամ:
Քննչական ենթակայությունը փոխելուհիմք կարող է հանդիսանալ, օրինակ, այնպիսի իրավիճակը, երբ նախաքննական մարմնում այլեւս կոնկրետ գործով բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը ապահովելու հնարավորությունը բացակայում է` պայմանավորված այնպիսի հանգամանքով, որպիսին հնարավոր չէ վերացնել դատավարական գործող կառուցակարգերի շրջանակներում:
Նաեւ ընդգծենք, որ առաջարկվող կարգավորումների պայմաններում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված, բարձրաստիճան պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված եւ չկապված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննություն շարունակելու են իրականացնել Հատուկ քննչական ծառայության քննիչները:
Նախագծով առաջարկվում է նաեւ սահմանափակել ՀՀ գլխավոր դատախազի լիազորության շրջանակները` իրավունք վերապահելով ծառայությանը փոխանցել միայն այն քրեական գործերը, որոնք չեն առնչվում պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին, կամ որոնցով բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետական ծառայություն իրականացնող անձինք ճանաչված են որպեստուժող, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ կամ առկա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը:
Այսինքն, ըստ էության, գլխավոր դատախազի որոշումների հետեւանքով բարդանում էր քննիչների աշխատանքը: Եվ, ահա, այսպես իշխանությունները փորձ են անում թեթեւացնել եւ հստակեցնել ՀՔԾ-ի գործառույթները, իսկ դատախազն էլ միայն սահմանափակ դեպքերում կարող է նման որոշումներ կայացնել:
Նաիրա Հովհաննիսյան