Ես կուսակցական չեմ, աշխատել եմ Լիլիթ Մակունցի հետ. «Պատվի համար»-ի գլխավոր դերակատարուհի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Առաջին ալիքով մեկնարկել է Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի մոտիվներով նկարահանված համանուն հեռուստանովելի ցուցադրությունը: Գլխավոր կերպարներից մեկին՝ Մարգարիտին, մարմնավորում է դերասանուհի Մանե Մխոյանը: Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հանդիսատեսը նրան ճանաչում է «Հարսանիք թիկունքում» ներկայացումից, որն, ի դեպ, եւս էկրանավորվում է, եւ Մանեն ներառված է այդ նախագծում եւս: «Ժողովուրդ» օրաթերթը դերասանուհու հետ զրուցել է «Պատվի համար» ֆիլմում իր մասնակցության, առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ նախկինում քաղաքական գործունեություն ծավալելու մասին:

-Մանե՛, աշխատել եք ավագ եւ կրտսեր սերնդի աստղաբույլերի նեկայացուցիչների հետ: Կարծես թե առաջին անգամ եք ներկայանում նման մասշտաբային նախագծում,դժվար չէ՞ր:

-Սա իմ երկրորդ աշխատանքն էր բազմասերիանոց ֆիլմում, երկուսի դեպքում էլ համագործակցել եմ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ: Առաջին նեգրավվածությունս Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմում էր: Այն կրկին նախաձեռնել է Հանրային հեռուստաընկերությունը, ֆիլմը եթեր կգնա ավելի ուշ: Ես խաղացել եմ գլխավոր հերոսի՝ հայատյաց թուրքի թոռնուհու դերը: Աշխարհագրական առումով բավական բարդ են եղել նկարահանումները, որոնք իրականացվել են Արեւմտյան Հայաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում: Հրաչ Քեշիշյանի հետ աշխատել եմ նաեւ թատրոնում: Նրա հետ համագործակցելը շատ հեշտ է եղել. այս ռեժիսորը դերասանին տալիս է այն տարածքը, որտեղ նա կարող է լողալ, ստեղծում է դրա համար բոլոր պայմանները: Իսկ աստղաբույլի հետ հանդես գալը ոչ միայն հաճելի էր, այլեւ շատ պարտավորեցնող: Երիտասարդներից, օրինակ, Մկրտիչ Արզումանյանի, Սոս Ջանիբեկյանի հետ, կարելի է ասել, առաջին անգամ էի աշխատում, թեպետ Սոսի հետ «Անատոլիական պատմությունում» եւս փոքրիկ համագործակցություն եմ ունեցել. քեռի ու քրոջ աղջիկ էինք խաղում: Ինչ վերաբերում է «Պատվի համար»-ին, այս նախագծի շուրջ շատ գեղեցիկ ընտանիք ձեւավորվեց: Երբ բոլորով հավաքվել էինք՝ դիտելու ֆիլմի առաջին մասը, ամենքս էլ այդ մասին էինք մտածում:

-Որքանո՞վ եք կարեւորում հայկական դասական ստեղծագործությունների էկրանավորումը, դրանց ադապտացումը մեր օրերին:

-Շատ գովելի եմ համարում Հանրային հեռուստաընկերության տարած աշխատանքը: Հաճախ դպրոցում մակերեսային են ներկայացվում մեր մեծերի գործերը, երեխաները միայն սյուժեին են ծանոթանում, իսկ ֆիլմային տարբերակով ամեն բան ավելի օրգանական է դառնում: Անորակ ու երկար ձգձգվող ֆիլմերի փոխարեն այսօր հեռուստադիտողի դատին են հանձնվում 16 մասանոց որակյալ ֆիլմեր:

-Մանե՛, հիմա որեւէ թատրոնում խաղու՞մ եք:

-Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում եմ աշխատում պայմանագրային կարգով: Ապրում եմ Երեւանում:

-Ի դեպ, նախկինում աշխատում էիք Ազգային Ժողովում: Ի՞նչ աշխատանք էիք կատարում, որքանո՞վ էիք կապված քաղաքական ոլորտի հետ:

-Մինչեւ վերջերս աշխատում էի Ազգային Ժողովում, բայց հիմա արդեն հանդես եմ գալու Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավարուհի: ԱԺ-ում, կարելի է ասել, ադմինիստրատիվ գործ էի անում: Ի սկզբանե ասեմ՝ անկուսակցական եմ, աշխատում էի Լիլիթ Մակունցի հետ: Մեր համագործակցության առաջին իսկ օրերից խնդրել եմ, որ չթողնեմ թատրոնը, կինոն, եւ նա համաձայնել է, խրախուսել է իմ մոտեցումը:

-Երբեւէ կվերադառնա՞ք քաղաքական ոլորտում Ձեր աշխատանքին, թե՞ արդեն ոչ:

-Երբեք չեմ ասում՝ երբեք: Չգիտեմ՝ վաղը ուր կգնամ, ինչ կանեմ, բայց գիտեմ, որ թատրոնն ու կինոն իմ կյանքում առաջին պլանում են: Գուցե մի օր էլի համատեղեմ դերասանական եւ քաղաքական ոլորտների աշխատանքներս: Ժամանակին աշխատում էի ե՛ւ Ազգային Ժողովում, ե՛ւ զուգահեռ նկարահանվում էի «Պատվի համար»-ում, Գյումրիում էլ նկարահանվում էի «Հարսանիք թիկունքում» նախագծում, բայց նույնիսկ այդ դեպքում ամեն բան հասցնում էի: Ինչպես ասում են, միայն ցանկություն է պետք, եւ ամեն ինչի էլ հնարավոր է հասնել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս