ՔԱՆԻ՞ՍԸ ԳԱՂՏՆԱԼՍՎԵՑԻՆ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ իրականացրեց, որոնց շրջանակներում նախաքննական, հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց ձերբակալելու, կալանավորելու մասով:

Իրավիճակը ցույց էր տալիս մեկ բան. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչ քաշելու ժամանակ չուներ: Մասնավորապես, գրել էինք, որ 2018 թվականի ապրիլի 23-ից մինչեւ փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում մինչդատավարական վարույթում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից գաղտնալսում իրականացնելու թույլտվություն ստանալու համար ստացել էին 188 միջնորդություն, որոնցից 174-ը բավարարվել են, մասնակի բավարարվել են 3-ը, իսկ 11-ը`մերժվել: Խուզարկություն կատարելու մասին ստացվել է 5201 միջնորդություն, որոնցից բավարարվել են 4832-ը, բավարարվել են մասնակի 70-ը, մերժվել` 286-ը, թողնվել են առանց քննության 13-ը:
Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացվել է 2044 միջնորդություն, որոնցից բավարարվել են 1935-ը, եւ այսպես շարունակ: Իսկ ի՞նչ պատկեր ունենք 2019 թվականի ընթացքում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի ընթացքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացել են 1318 միջնորդություն, որոնցից դատարանները բավարարել են 1188-ը: Ասել է թե՝ 1188 մարդ կալանավորվել է: Նախաքննական մարմինները կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդություններով Երեւան քաղաքի դատարաններ են ներկայացրել 795 գործ, որոնցից 749-ը բավարարվել են, իսկ 26-ը՝ մերժվել: Ասել է թե՝ դատական համակարգը հիմնականում նախընտրել է մարդկանց կալանքը երկարաձգել, քան թողել ազատության մեջ:
2019 թվականի ընթացքում գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները եղել են 604-ը, որոնցից բավարարվել են ընդամենը 98-ը, իսկ, ահա, 501-ը մերժվել են: Ստացվում է, որ դատարանները անգամ գրավի գործոնի դեպքում նախընտրում են տարբեր քրեական գործերով անցնող անձանց թողել կալանքի տակ , քան ազատ արձակել:
Իրավապահների կողմից տարբեր քրեական գործերով բնակարանները խուզարկելու համար ներկայացվել են 3005 միջնորդություններ, որոնցից գերակշիռ մասը բավարարվել է: Մեզ հայտնի դարձավ , որ բավարարվել են 2727-ը: Նամակագրության, հեռագրական, փոuտային հաղորդումների հսկողության մասին միջնորդությունները եղել են 688-ը, որոնցից Երեւան քաղաքի բոլոր դատարանները բավարարել են 671-ը: Հեռախոuային կամ կապի այլ միջոցներով տարվող խոuակցությունների լuման եւ ձայնագրառման մասին միջնորդությունները եղել 119-ը, որոնցից բավարարվել են 112-ը:
Հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու մասին միջնորդությունները եղել են 3565-ը, որոնցից բավարարվել են 3420-ը:
Հետաքննության մարմնի աշխատողի, քննիչի, դատախազի, oպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների անoրինական եւ անհիմն որոշումների եւ գործողությունների դեմ բողոքները եղել են 1123-ը, որոնցից դատարանները բավարարել են 147-ը , իսկ մերժել՝ 612-ը:
Եվ, ահա, դատական համակարգը, ամփոփելով նախաքննական եւ հետաքննական մարմիների կողմից մինչդատական վարույթում տարբեր միջնորդությունների վերաբերյալ գործերը, արձանագրել է, որ միայն 2019 թվականի ընթացքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները ստացել են ընդհանուր 12.429-ը գործ, որոնցից 9.936-ը բավարարվել են, եւ մերժվել են ներկայացված միջնորդություններից 1904-ը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ վարչապետ, «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի գործընթացի շարունակությունը։ Այս մասին Փաշինյանն ասել է մարտի 10-ին՝ Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։ «Հայաստանում կան բազմաթիվ «ոչիստներ», որոնք ասում էին՝ եկեք Սահմանադրական դատարանի այս խնդիրը լուծենք միջազգային համագործակցության արդյունքում, բայց մենք ասացինք, որ այս խնդիրը մենք կլուծենք մեր ժողովրդի հետ։ Սա չի նշանակում, թե մենք որեւէ միջազգային գործընկերությունից հրաժարվում ենք։ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, ՀՀ քաղաքացին ինքնիշխան սուբյեկտ է. եթե նա իր կամքն ասի, ամբողջ աշխարհը պետք է հաշվի նստի այդ կամքի հետ։ Սա 1991թ. սահմանադրական հանրաքվեի շարունակությունն է»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ երկու հանրաքվեները միավորում է նաեւ իրենց կողմից քարոզարշավի համար ընտրված տարբերանշանը, որը նաեւ 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեի խորհրդանիշերից է։

 

 

 

ԱՆԱՌԱՋԱՐԿ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նոր պաշտոն զբաղեցնելու որեւէ առաջարկ չի ստացել: Երեկ ասուլիսի ժամանակ մարզպետը նշել է, որ նոր պաշտոնի առաջարկի վերաբերյալ մամուլում տեղ գտած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:«Ես այդ տեղեկատվությունը հերքել եմ, նման որեւէ քննարկում չենք ունեցել, որեւէ առաջարկ չեմ ստացել, ես իմ աշխատանքի մեջ եմ: Ինչպես հայտարարել էի, մարտի 13-ից կլինեմ արձակուրդում քարոզչական աշխատանքներում ներգրավվելու համար»,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը։

 

 

 

ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ
Տավուշի մարզի դատախազության կողմից մարզպետարանից պահանջվել եւ ստացվել են մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց վերաբերյալ տվյալները։
Ձեռք են բերվել տվյալներ՝ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցների հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին՝ գիշերային պահակի, հնոցապանի, հավաքարարի, դռնապանի, բակապահի, ընդհուպ` ուսուցչի եւ փոխտնօրենի հաստիքներին 2009-ից մինչեւ 2019թթ. տարբեր ժամանակահատվածներում նշանակված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ, փաստաթղթերի կեղծմամբ աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ: Մարզի թվով 5 դպրոցներում, մասնավորապես՝ Պտղավանի, Զորականի, Խաչարձանի Ազատամուտի, Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցներում պարզված նման փաստերի առթիվ 4 քրեական գործ է հարուցվել: Նշված բոլոր առերեւույթ չարաշահումների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 22.7մլն ՀՀ դրամ:

 

 

 

ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, երեկ հետաձգեց մարտի 10-ին կայանալիք սահմանադրական կարգի տապալման գործով հերթական դատական նիստը: Հետաձգումը պայմանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ։
«Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով «Էրեբունի» բժշկական կենտրոնում է։ Ըստ «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։ Նրա տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով»,- ասվում է փաստաբանական թիմի հայտարարության մեջ։ Նախագահող դատավորի որոշմամբ՝ հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին։

 

 

 

ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժած Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ մոտ օրերս այցելել է վերջինիս եւ կարող է միայն ասել, որ Արթուր Թորոսյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում հունվարի 23-ին կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին՝ ժամը 14.40-ին, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է: Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը վնասազերծվել էր եւ տեղափոխվել ոստիկանություն: Միջադեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի («Պատանդ վերցնելը») 2 մասի 3-րդ եւ 7-րդ կետերով, 235-րդ («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը») հատկանիշներով:

 

 

 

ՉԵՆ ԿԱՆՉԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը դեռեւս ԱԱԾ չի հրավիրել եւ, մեզ հասած տեղեկություների համաձայն, իր մտերիմ շրջապատում ասել է, որ այն, ինչ հրապարակել է նախաքննական մարմինը, իրականության հետ կապ չունի: Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը խոշոր չափերով հափշտակություններ ու կեղծիքներ է կատարել: Մասնավորապես, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ դիտավորյալ հափշտակել է իրեն վստահված ուրիշի գույքը, յուրացրել է ավելի քան 25 միլիոն դրամ, կատարել է մի շարք խախտումներ: ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով նախաքննություն է ընթանում:




Լրահոս