ԱՅՍՕՐ ԿԿԱՅԱՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում անդրադարձանք ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Հիմա արդեն ժամանակն է խոսել Vbet Հայաստանի գավաթի խաղարկության մասին, որտեղ նույնպես ամեն ինչ շատ ավելի լարված է ու պայթյունավտանգ: Արդեն այսօր՝ մարտի 11-ին, կկայանան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումները:

Առաջին հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում, որտեղ «Արարատ-Արմենիան» կհյուրընկալի «Գանձասար-Կապանին»: Հայաստանի գործող չեմպիոնները միանշանակ համարվում են դիմակայության ֆավորիտը, սակայն այդ փաստը Վարդան Մինասյանի տղաներին հեշտ հանդիպում չի խոստանում: Կապանյան թիմը այս մրցաշրջանում արդեն փորձ ունի «Արարատ-Արմենիային» հաղթելու: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում Արմեն Պետրոսյանի թիմը մրցակցի նկատմամբ կարողացել է առվելության հասնել 2:1 հաշվով: «Գանձասար-Կապանը» Բարձրագույն խմբի առաջնությոնում արդեն իսկ չի կարող պայքարել եվրագավաթային տեղերի համար, եւ մրցաշրջանը ձախողված չհամարելու համար միակ մրցաշարը, որտեղ հնարավոր է հասնել հաջողության, Հայաստանի գավաթի խաղարկությունն է:
Սա շատ լավ հասկանում են նաեւ կապանյան թիմի ճամբարում եւ միանշանակ ամեն ինչ կանեն արարատյան թիմի արգելքը հաղթահարելու համար: Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում երկու թիմերն էլ հեշտ հանդիպումներ չեն ունեցել: «Ալաշկերտի» դեմ խաղում «Գանձասար-Կապանից» բացակայում էին մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, եւ այդ փաստը ազդեց նրանց խաղի վրա, բայց եթե հաշվի առնենք, որ այդ հանդիպումը ոչինչ չէր որոշում կապանցիների համար, ապա կարող ենք ենթադրել, որ դա նաեւ այն խաղը չէր, որտեղ նրանք ցուցադրեցին իրենց ողջ ուժերը: Ամեն դեպքում, պետք է արձրանագրել, որ կատալոնական հավաքից հետո Արմեն Պետրոսյանի թիմը դեռեւս լավ պտուղներ չի քաղում: Հեծանիվ չենք հայտնագործի, եթե ասենք, որ Հայաստանի գործող չեմպիոնների կազմը այս հանդիպմանը կենթարկվի փոփոխությունների: Վարդան Մինասյանը միանշանակ կդիմի ռոտացիայի, բայց դա չի նշանակում, որ «Արարատ -Արմենիայի» համար գավաթի խաղարկությունում հաղթելը երկրորդական է: Կարելի է ասել՝ երեւանյան թիմը ունի երկու կազմ, որոնցից մեկը կարող է մասնակցել Բարձրագույն խմբին, իսկ մյուսը՝ գավաթին:
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:30-ին:
Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մյուս զույգն են կազմել «Ուրարտուն» ու «Նոան»: Վերջիններս արդեն ապահովել են իրենց տեղը առաջնության լավագույն վեցյակում եւ կպայքարեն եվրագավաթային գոտում տեղ զբաղեցնելու համար: «Ուրարտուն» Իլշատ Ֆայզուլինի հեռանալուց եւ Ալեքսանդր Գրիգորյանի ժամանելուց հետո քիչ-քիչ ոտքի է կանգնում: Գրիգորյանի գլխավորությամբ երեւանյան ակումբը պաշտոնական խաղերում դեռեւս չի կրել եւ ոչ մի պարտություն: Այս խաղում ֆավորիտ առանձնացնելը շատ բարդ է. երկու թիմերն էլ հավասար են, երկուսն էլ վերջին շրջանում գտնվում են լավ մարզավիճակում:
Կարեւորության առումով նույնպես կշեռքի նժարը կանգնում է հավասար հարթության վրա: Այո, «Նոան» առաջատարների շարքում է, բայց այնտեղ հաջողության հասնելը շատ ավելի բարդ է լինելու, քան Vbet Հայաստանի գավաթում: «Ուրարտուն» էլ իր հերթին ներքեւի քառյակում է, եւ Եվրոպա լիգայի որակավորման փուլերին մասնակցելու միակ ճաապարհը Հայաստանի գավաթակիր դառնալն է: «Ուրարտու» – «Նոա» հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 22-ին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս