«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին ԴԱՀԿ նախկին պետ Դավիթ Բեգինյանի՝ աշխատանքի ազատումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Բեգինյանին պետ աշխատելուց ութ ամիս անց առաջարկել են գնալ իր նախկին պաշտոնին եւ դառնալ պետի տեղակալ, սակայն վերջինս նեղացել է այդ հանգամանքից եւ որոշել է ընդհանուր համակարգից ազատման դիմում գրել եւ հեռանալ:
«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ տեղեկություններ են հասել, թե ով է հավակնում դառնալ ԴԱՀԿ պետ. Արդարադատության նախարարությունում շոշափվում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարսանիքի քավոր, նախարարի առաջին խորհրդական Դավիթ Գասպարյանի անունը: Ինչպես հայտնի է, Դավիթ Բեգինյանը նշանակվել էր 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, եւ աշխատանքից ազատման մասին տեղեկությունից հետո մամուլում լուրեր էին շրջանառվել, թե նա խնդիրներ է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ եւ այդ պատճառով է հեռացել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ իրականում պատճառը եղել է նեղվածությունն իր նկատմամբ վերաբերմունքից: Իհարկե, ամեն դեպքում Արդարադատության նախարարությունից Բեգինյանին հասկացրել են, որ նրանից դժգոհ են, քանի որ ԴԱՀԿ ոլորտում հեղափոխություն չի արել, այնինչ Միհրան Պողոսյանից հետո պետք է այնպիսի փոփոխություններ արվեին, որ ներքեւից վերեւ բոլորը զգային հեղափոխության շունչը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։