Դոլար գնել, թե՞ ոչ. ինչ խորհուրդ է տալիս պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ-ից Հայաստան մտնող տրանսֆերտները, հնարավոր է, պակասեն Հայաստանի տնտեսության համար կարեւոր հատվածները՝ մասնավոր տրանսֆերտներն ու դեպի Ռուսաստան ապրանք արտահանողները, հնարավոր է, առաջիկայում տուժեն: Պատճառը նավթի համաշխարհային գների անկման ֆոնին ռուսական ռուբլու արժեզրկումն է: Ինչպես հայտնի է, մարտի 6-ին Ռուսաստանի եւ նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի միջեւ բանակցությունների ձախողման պատճառով նավթի գների անկումը հանգեցրեց ռուսական ռուբլու արժեզրկման:

Մարտի 9-ին Brent տեսակի նավթի գինը նվազել էր 24 տոկոսով եւ հասել բարելի դիմաց մինչեւ 34,36 դոլարի, մինչդեռ նախկինում 52 դոլար էր։ Նման կտրուկ գնանկում վերջին անգամ վառելիքի շուկայում արձանագրվել էր շուրջ երեսուն տարի առաջ՝ 1991-ին` Պարսից ծոցում սկսված պատերազմի ժամանակ: Նկատենք, որ մարտի 9-ի այդ շրջադարձից հետո նավթի գների անկման ֆոնին աճեց ռուբլու նկատմամբ դոլարի եւ եվրոյիկուրսը: Գաղտնիք չէ, որ մեր հազարավոր հայրենակիցներ մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի նպատակով, որտեղից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների տարեկան ծավալը կազմում է շուրջ 1 մլն դոլար։ Եւ ռուբլու արժեզրկման հետեւանքով, բնական է, մասնավոր տրանսֆերտների ծավալները կպակասեն։ Մյուս կողմից` քաղաքացիները արտագնա աշխատանքի մեկնում են մարտի կեսերից, նրանց դրամական փոխանցումները սկսում են մայիսից։ Բայց, ըստ մասնագետների, հիմնական փոխանցումները իրականացվում են նոյեմբերին, դեկտեմբերին, ուստի եթե մինչ այդ ժամանակահատվածը իրավիճակը կայունանա, նշանակում է, որ ռուբլու այս վայրիվերումները հայաստանյան գոնե այդ հատվածի վրա բացասաբար չեն անդրադառնա:

Սակայն մտահոգությունը միայն մասնավոր տրանսֆերտների հետ կապված չէ. ռուսական ռուբլու արժեզրկումը կվնասի նաեւ մեր արտահանողներին, որոնք տարբեր ապրանքներ են արտահանում դեպի ՌԴ: Ռուսական շուկայում կնվազի հայկական ապրանքների մրցունակությունը, քանի որ Հայաստանից արտահանվող արտադրանքը դոլարային արտահայտությամբ կարող է թանկանալ։
Արձանագրենք, որ այս իրավիճակում միայն մի ուրախացնող փաստարկ կա. նավթի գների անկման հետեւանքով բենզինի գինը մարտի 9-ի դրությամբ նվազել է Ռուսաստանում՝ մեկ լիտրը՝ 305 դրամ։ Այն, ի դեպ, հունվարի 29-ի դրությամբ կազմել էր 355 դրամ։
Մեր հանրապետությունում,սակայն,վերջինօրերին բենզինի էական էժանացում դեռեւս չի նկատվում: Ինչո՞ւ, ի՞նչ է սպասվում հայ տնտեսվարողին ու, ընդհանրապես, ՀՀ քաղաքացուն. այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հետ:

-Պարո՛ն Պապոյան, նավթի համաշխարհային գների անկման ֆոնին ռուսական ռուբլին արժեզրկվել է: Այս իրավիճակը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:

-Որպեսզի, ըստ էության, մենք կարողանանք գնահատել, թե որքանով կանդրադառնա տնտեսության վրա եւ երբ կանդրադառնա, պետք է հասկանանք՝ այս գործընթացը ինչքան կտեւի: Եթե կարճաժամկետ կտեւի, օրինակ՝ մեկ շաբաթ կամ 10 օր անց փոխվի իրավիճակը, ապա,ըստ էության, գրեթե որեւէ կերպչի անդրադառնա: Եթե այն մի քանի ամիս տեւի, ապա ազդեցություն կունենա, եւ ենթադրում եմ՝ ավելի հավանական է՝ բացասական: Եթե, առհասարակ, էներգակիրների շուկայում մենք գնանք գնային նվազումների, այսինքն՝ նավթի համաշխարհային գները, նավթամթերքների գները այսուհետ լինեն այսպիսի գնային պայմաններում, ապա, իմ կարծիքով, Հայաստանը կշահի: Երկարաժամկետ հեռանկարով ռուսական տնտեսությունն արդեն կհարմարվի այդ գնային պայմաններին, եւ Հայաստանի վրա ազդեցությունը նույնիսկ կարող է լինել դրական՝ կապված նավթամթերքի, բենզինի ցածր գնի հետ: Այսինքն՝ այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք իրար հետ փոխկապակցված են:

-Նավթի էժանացումը ուղղակիորեն հանգեցնում է ռուսական ռուբլու արժեզրկմանը, իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտների մեծագույն մասը հենց ռուբլով է: Այսինքն՝ կնվազեն մասնավոր տրանսֆերտների ծավալները:

-Հայաստան եկող տրանսֆերտների ծավալները, ըստ էության, հիմա մոտ 550-600 մլն դոլարի շրջակայքում է, իսկ սրանից, օրինակ, 15 տարի առաջ 1.5 միլիարդի շրջակայքում էր: Մյուս կողմից՝ Հայաստանի ՀՆԱ-ն հիմա երկու անգամ ավելի մեծ է, քան 10-15 տարի առաջ, հետեւաբար մասնավոր տրասնֆերտների ազդեցությունը հիմա շատ ավելի փոքր է: Այս տրամաբանության մեջ, ես կարծում եմ, որ եթե չլինի արհեստական խուճապ, ապա շատ մեծ ազդեցություն չի ունենա փոխարժեքի եւ նմանատիպ այլ տնտեսական ցուցանիշների վրա: Այսինքն՝ սրանք կախված են հետեւյալ գործոններից՝ այս գործընթացը ինչքան կտեւի, նավթի գներն ինչ սահմանում կմնան, առհասարակ ինչտեղի կունենա սրա հետ կապված: Գործոնները բազմաթիվ են, եւ մի ուղղությամբ կարող ենք շահել, մեկ այլ ուղղությամբ՝ չշահել, դրանք առաջին հերթին ժամանակի մեջ կերեւա:

-Կարծես թե հայաստանցիների մի հատվածում եւս արհեստական խուճապ է. այս օրերին կան քաղաքացիներ, որոնք դոլար ու եվրո են գնում: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց արտարժույթի գնման հարցում:

-Կյանքը ցույց է տվել, որ բոլոր իրավիճակներում ե՛ւ 2009 թվականի փետրվարին, ե՛ւ 2014 թվականի դեկտեմբերին մարդիկ, որոնք խուճապահար արտարժույթ են գնել, միշտ տուժել են, եւ շահել են այն քաղաքացիները, որոնք չեն գնել: Ես հիշեցնեմ, որ դրամը աշխարհի ամենակայուն արժույթներից մեկն է, որը, ըստ էության, դոլարի համեմատ վերջին 5 տարում որեւէ փոփոխության չի ենթարկվել: Որեւէ անհանգստանալու կարիք չկա: ՀՀ կենտրոնական բանկը հսկայական միջոցներ ունի այդ գործընթացը կարգավորելու համար: Մեր քաղաքացիները, որոնքոր այս փուլերում ձգտում են արտարժույթ գնել այն հույսով, որ վաղը ավելի բարձր է լինելու ու շահելու են, իրենք,որպես կանոն, ավելի են տուժում: Խորհուրդ կտամ ձեռնպահ մնալ նման քայլերից: Ուղղակի հիշեցնեմ՝ 2014 թվականի դեկտեմբերին մարդիկ 550-600 դրամով դոլար էին գնում եւ հետո ստիպված եղան 460-470 դրամով այն վաճառել: Հայաստանում այս պահին դոլարային փոխարժեքը կայուն է: Ավելորդ գործողություններն ուղղակիորեն կառաջացնեն խուճապ եւ նրանք ֆինանսապես կտուժեն:

-Կորոնավիրուսի հետեւանքով Հայաստանի տնտեսությունը տուժե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ չափի է այդ վնասը՝ ուղեւորափոխադրումների սահմանափակումներ, զբոսաշրջային հոսքերի կրճատում…

-Ասել, որ կորոնավիրուսը ազդեցություն չունի, իհարկե համաձայն չեմ: Իմ կարծիքով՝ այստեղ էլ ամենակարեւոր խնդիրը հետեւյալն է, թե այդ գործընթացը ինչքան է տեւելու: Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես կանխատեսվում է, այսինքն՝ եղանակի տաքացում եւ այլն, դրան զուգահեռ գնա կորոնավիրուսի նահանջ տարածաշրջանում, աշխարհում, ապա, բնականաբար, կունենանք նվազագույն կորուստներ: Այս պահի դրությամբ այդպիսի լուրջ կորուստներ չկան, մի փոքր զբոսաշրջային հոսքը ակնհայտորեն կարող էր ավելի բարձր լինել:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս