«Օրենքով գող» Ալոն չի հասկացել՝ ինչպես է իր տանը կանեփ հայտնվել. փորձաշրջանը վերացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2018 թվականի հունիսին ոստիկանությունը մեծ շուքով խուզարկություններ կատարեց 12 օրենքով գողերին, 18 քրեական հեղինակություններին պատկանող առանձնատներում, սակայն այդ ցանկում ներկայացված անձանցից ձերբակալվեցին միայն երկու հոգի, ինչն այդ ժամանակ շատ կասկածների ու վերլուծությունների առիթ տվեց:

Սա Հայասհետհեղափոխական տանում առաջին զանգվածային արշավն էր քրեական աշխարհի ներկայացուցիչների դեմ:

Մասնավորապես, իրավապահները խուզարկել էին օրենքով գողեր «Մանեթի տղա» Սամվելիկի` Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ» մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սևո» մականվամբ Արմեն Մանուկյանի, «Մասիվցի Անդիկ» մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, «Ալո» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ Արտեմ Դինունցի, «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գեւորգ Մելիքյանի, «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։

Քրեական հեղինակություններից խուզարկել էին «Մեծամորի Երո» մականվամբ Երվանդ Ոսկանյանի, «Շալո մականվամբ» Շալիկո Մանուչարյանի, «Վիրաբիկ» մականվամբ Վիրաբ Գասպարյանի, «Պիստ» մականվամբ Արմեն Իսրայելյանի, «Էրեբունի մասիվցի Տյոմ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Նորադուսցի Արա» մականվամբ Արա Բանդուրյանի, «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Մասիվցի Ժիրո» մականվամբ Պարույր Աղաջանյանի, «Յա-Յա» մականվամբ Արմեն Գրիգորյանի, «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի, «Պռատ» մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, «Մասիվցի Ռաֆո» մականվամբ Ռաֆայել Նազարյանի, «Դմբուզ Հենդո» մականվամբ Հենրիկ Մանուկյանի, «Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի, «Կիևյանցի Յուրա» մականվամբ Յուրի Ուտոևի, «Մասիս» մականվամբ Մասիս Գրիգորյանի, «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի և «Պռոշյանցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Ավետիսյանի բնակարանները։

Նկատենք, որ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել էին զենք-զինամթերք, թմրամիջոցներ եւ այլ արգելված իրեր։

Ձերբակալվել էին երկու անձ՝ Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանը, ով նախորդ տարի սպանվեց շենքի բակում, ու Ալո մականվամբ Ալեքսանդր Մակարյանը՝ երկուսն էլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով:

Ինչով է հայտնի «օրենքով գող» Ալոն՝ Ալեքսանդր Մակարյան

Այդ օրը ձերբակալվելուց հետո Ալոյի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, երկու օր անազատության մեջ մնալուց հետո 1 միլիոն 500 հազար դրամ գրավի դիմաց «օրենքով գողն» ազատ արաձկվեց:

Ուշագրավ է, որ նախկինում արդեն իսկ դատվածություն ունեցած Ալոն խնդրել էր արագացված ընթացակարգով անցկացնել դատական քննությունը՝ ընդունելով առաջադրված մեղադրանքը՝ միևնույն ժամանակ, սակայն, հայտարարել էր, որ տեղյակ չէ ու չի հիշում, թե ինչպես են թմրանյութն ու ապօրինի զենք-զինամթերքը հայտնվել իր բնակարանում, ապա դատարանին խնդրել է իր նկատմամբ մեղմ պատիժ նշանակել՝ հայտարարելով, որ զղջացել է արածների համար: Ի դեպ, նախաքննությամբ ապացուցվել է, որ կանեփը հավաքել է Երևան-Իջևան մայրուղուց, իսկ հրազենը 2016 թվականի ապրիլին է իր տուն տեղափոխել և գտել է Արցախի Հադրութի շրջանից։

Դատարանն այսպիսով վճռել է նրան ազատազրկման դատապարտել չորս ամիս ժամկետով, սակայն հասնելով Վճռաբեկ դատարան՝ «օրենքով գողը» հասել է ազատության: Նրա նկատմամբ 1 տարվա փորձաշրջան է սահմանվել: Այսպիսով, ուղիղ մեկ ամիս առաջ լրացավ Ալոյի փորձաշրջանը: Նա այլևս ազատ է:

Նկատենք, որ Ալոն այդքան էլ պատահական մարդ չէ, այն օրենքով գողերից մեկն է, որի անունը օրենքով գողերի շրջապատում առավել հայտնի դարձավ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ, երբ «Սասնա Ծռեր» խմբի անդամները գրավել էին ՊՊԾ գունդը եւ հայտնվել կալանավայրում: Այդ ժամանակվա իշխանության վերահսկողության տակ գտնվող «օրենքով գողերը» փորձել էին քրեակատարողական հիմնարկներում պատժել «Սասնա Ծռեր» խմբի անդամներին, որ նրանք հանդգնել էին դուրս գալ իշխանությունների դեմ:

Միակ «օրենքով գողը», որ դեմ է արտահայտվել այդ գործողություններին, Ալոն` Ալեքսանդր Մակարյանն է եղել: Մասնավորապես, նա «օրենքով գողերի» հավաքի ժամանակ ասել է, որ նրանք ազատամարտիկներ են, նրանք քաղաքական հողի վրա կալանավորված անձինք են, եւ պետք չէ, որ քրեական աշխարհը խառնվի քաղաքական հարցերին:

Այսպիսով, Ալեքսանդր Մակարյանին նախորդ իշխանությունները չներեցին այս արտահայտության համար եւ նրան Հայաստանից արտաքսեցին Թուրքիա: Եվ ահա նա նոր էր վերադարձել Հայաստան, եւ նրան կրկին ձերբակալեցին խոտ պահելու կասկածանքով:

Ստացվում է, որ Ալեքսանդր Մակարյանը բոլոր իշխանությունների օրոք պարտադիր` թեկուզ «կարճատեւ» այցով հայտնվել է կալանավայրում:

Սակայն փաստենք մեկ բան, որ բավականին գովելի է, որ պայքարը «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների դեմ շարունակվում է, քանի որ, ի վերջո, մեր երկիրը պետք է դառնա օրինապահ երկիր, որտեղ իշխանությունը չի հենվի կրիմինալի վրա: Ի վերջո, գաղտնիք չէ, որ նրանք մշտապես եղել են իշխանություների, հատկապես Սերժ Սարգսյանի համար ձայն հավաքողները:

ՏԱԹԵՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս