Ամուսինս օգնում է ինձ կենցաղային գործերում, և դա ամենևին ամոթ չէ. Անահիտ Կիրակոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես «այո» եմ ասում կանանց միամսյակին»
Կանանց նվիրված միամսյակի շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ: Մենք անդրադարձել ենք Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանվածությանը, քաղաքական, հասարակական կյանքում կանանց ներգրավվածության հարցին: Անահիտը տվել է նաեւ երջանիկ կնոջ իր բանաձեւը:

-Նախ՝ մեր ավանդական հարցը՝ ի՞նչ են ցանկանում կանայք:

-Երջանկություն, ներդաշնակություն: Ինչպես Սոկրատեսն է ասել, նախ պետք է ճանաչես, հետո` չդավաճանես ինքդ քեզ: Եթե կինն ինքն իր հետ ներդաշնակ չլինի, տղամարդու ներկայությունը նրա կյանքում ներդաշնակություն չի մտցնի:

-Կանայք միամսյակի կարիք ունե՞ն:

-Այս առնչությամբ երկու ծայրահեղ կարծիք եմ լսել: Մի մասն ասում է՝ միամսյակ հարկավոր չէ, քանի որ կանանց ամեն օր է հարկավոր հիշել, մյուս մասն ասում է՝ կանանց հարկավոր է հավելյալ ուշադրություն: Ես այն կանանցից եմ, որ ամեն օր են ուշադրության արժանանում իրենց տղամարդու կողմից, սակայն դեմ չեմ նաեւ միամսյակը նշելուն: Ես «այո» եմ ասում կանանց միամսյակին (ծիծաղում է):

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կանանց ներգրավվածությունը հասարակական, քաղաքական կյանքում:

-Շատ եմ կարեւորում կնոջ դերը հասարակական եւ քաղաքական կյանքում: Իհարկե, կանայք եւ տղամարդիկ պետք է ունենան հավասար իրավունքներ, բայց ամեն մեկն իր դերը պետք է ունենա նաեւ սոցիալ-քաղաքական կյանքում: Բայց եթե մենք դեռ խոսում ենք հավասար իրավունքների մասին, նշանակում է՝ այդ խնդիրը Հայաստանում լուծված չէ: Այդ ուղղությամբ քայլեր արվում են, սակայն արդյունքները դեռ համոզիչ չեն:

-Եթե նկատել եք, կանայք հաճախ են թիրախավորվում սոցցանցերում: Ըստ Ձեզ՝ դա ինչի՞ հետեւանք է:

-Ընտանիքներում էլ են կանայք թիրախավորվում… Դա շատ խորքային խնդիր է: Մենք՝ մայրերս, պետք է ճիշտ դաստիարակենք մեր որդիներին, որպեսզի նրանք վաղը հարգեն կանանց, իրենց կողակիցներին: Երբեմն կինն ինքը չի պատկերացնում՝ ինչպես պետք է տղամարդը վերաբերվի կնոջը:

-Ձեր ամուսինն օգնու՞մ է Ձեզ խոհանոցում, կենցաղային գործերում:

-Այո, եւ ես շատ բարձր եմ գնահատում նրա այդ որակը: Առաջնորդվելով տարածված կարծրատիպերով՝ շատ տղամարդիկ կարծում են, թե իրենք չպետք է կենցաղային գործեր անեն, բայց ես ասեմ, որ ամուսինս շատ է օգնում ինձ՝ սկսած աման լվանալուց, վերջացրած թեյ հյուրասիրելով: Այդպիսին կարող է լինել միայն կայացած տղամարդը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս