ՌԵԺԻՄԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունվարի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերին հանձնաժողովը գերհագեցած է աշխատում՝ պայմանավորված կորոնավիրուսի՝ տարբեր երկրներում տարածվածության հետ: Ըստ տեղեկությունների՝ հանձնաժողովում տարբեր քննարկումներ են իրականացվում՝ այն հարցի հետ կապված, որ այնպիսի քայլեր ձեռնարկվեն՝ այն Հայաստան չհասնի: Քննարկվում է սահմաններում ավելի ուժեղացված ռեժիմ սահմանելու, անհրաժեշտության դեպքում էլի սահմաններ փակելու, թռիչքներ չիրականացնելու, պաշտոնական բոլոր հանդիպումները կասեցնելու հարցը:

Հիշեցնենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը եւս, կարծես թե, անհանգստանալով ստեղծված իրավիճակից, անձամբ էր մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ իրավիճակին, պայմաններին, քաղաքացիներին ստուգող սարքերին ծանոթանալու:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք այս օրերին «Զվարթնոց» օդանավակայանում արդյոք աշխատում են արտակարգ ռեժիմով, քանի որ Եվրոպայում կորոնավիրուսը տարածված է, իսկ այնտեղից ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ-ն տեղափոխում է Հայաստան: Նշենք, որ մեր հեռախոսազրույցի ժամանակ Աննա Հարությունյանը գտնվում էր օդանավակայանում:

-Տիկի՛ն Հարությունյան, ինչո՞ւ եք գնացել «Զվարթնոց» օդանավակայան, ինչ-որ արտակարգ իրավիճա՞կ է՝ կորոնավիրուսի հետ կապված:

-Չէ, քանի որ մեզ հետաքրքրող երկրները արդեն դարձել են 8-ը եւ ոչ թե 5, ու պետք է կազմակերպել այնպես, որպեսզի բոլորից հասցեական քարտեր վերցնենք, օդանավակայան եմ գնացել՝ հասկանալու համար, թե այդ աշխատանքները ինչպես կազմակերպենք, որ հանկարծ կուտակումներ չառաջանան, մարդիկ երկար չսպասեն, ընդամենը այդքանը:

-Իսկ այս պահին մարդկային ռեսուրսի, ջերմաչափման, քարտերի լրացման եւ այլնի հետ կապված խնդիր կա՞ այդ աշխատանքները պատշաճ իրականացնելու համար:

-Չէ, չունենք խնդիր, քանի որ մենք անընդհատ սանիտարահսկիչ անցակետերի մեր աշխատողներին մենք ավելացնում ենք, մենք ավելացրել ենք նաեւ մեր տարածքային կենտրոններից համաճարակաբաններ՝ Երեւան քաղաքից, Հարավային տարածքից, ու եթե պետք լինի, մենք էլի կավելացնենք: Մենք տեսնում ենք՝ եթե կա խնդիր, եթե կա աշխատողի պակաս, մենք ավելացնում ենք:

-Նախօրեին Իտալիայից 50 քաղաքացիներ եկան Հայաստան, որոնց, կարելի է ասել, բաց թողեցիք, որեւէ մեկուսացում իրենց հետ կապված չհայտարարվեց: Տեղեկություններ կան, որ իրենք վտանգ են ներկայացնում հանրության համար: Ինչո՞ւ որոշում չկայացվեց իրենց եւս մեկուսացնել հանրությունից:

-Բոլորին հորդորվել է Առողջապահության նախարարության կողմից, խնդրվում է, որ տնային մեկուսացում իրականացվի 14 օրվա ընթացքում, բայց կարանտին, որպես այդպիսին, չի հայտարարվել, որովհետեւ չնայած այդ մարդիկ վերադարձել են  անապահով վայրից մեզ համար, այսինքն՝ այն երկրից, որտեղ հիվանդության աճ կա, բայց որեւէ մեկը դեռեւս իրենց մեջ հիվանդ չի: Ինչ վերաբերում է այստեղ արված միջոցառումներին, ապա ամբողջ ընթացակարգը պահպանվել է, ինչպես բոլոր ուղեւորների նկատմամբ, այնպես էլ այդ չվերթի: Բոլոր չվերթները ինչպես իրականացվել է, այդպես էլ այս դեպքում ենք իրականացրել՝ ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, մեկուսացում հնարավորության սահմաններում, որպեսզի այլ ուղեւորների հետ շփում չլինի, ուղեբեռների առանձին ստացում, որովհետեւ իրենք չեն գնացել ընդհանուր մասով եւ ստացել իրենց ուղեբեռները:

-Նշեցիք, որ նախարարությունը հորդորում է՝ 14 օրվա ընթացքում Իտալիայից եկած 50 քաղաքացիները շփումներ չունենան, մեկուսացված լինեն, բայց ինչպե՞ս մենք պետք է վստահ լինենք, որ այդ քաղաքացիները այդ մեկուսացում ասվածը կպահեն:

-Մենք հասցեական քարտերը հանձնել ենք պոլիկլինիկաներին, այստեղ մեր իրավասությունը ավարտվում է, այսինքն՝ պոլիկլինիկաները իրենք են հսկողություն սահմանում տվյալ անձանց նկատմամբ. եթե լինում են ջերմողներ, նշաններ ունեցող անձինք, ապա պոլիկլինիկաներն են հոսպիտալացնում:

-Մի քանի օր առաջ Հայաստանից Միլան է մեկնել օդանավ, որտեղ կորոնավիրուսը տարածված է: Արդյոք Առողջապահական տեսչությունը պատրա՞ստ է այդ քաղաքացիների վերադարձի դեպքում մեկուսացում ապահովել, ինչպե՞ս եք այդ հարցի լուծումը պատկերացնում:

-Մենք Միլանից, Հռոմից ունեցել ենք օդանավ, որը վերադարձել է այնտեղից, մենք ամեն ինչ արել ենք, ինչ նախատեսված է իրականացնել այդ ամենի դեպքում, հիմա եթե Միլանից հետ գան մեր քաղաքացիները, ապա մենք պատրաստ ենք նույն աշխատանքները իրականացնել, այստեղ առանձնացնել որեւէ մեկին, մոտեցում փոխել, այդպիսի ընթացակարգ չունենք: Մեր մոտեցումը փոխվում է այն ժամանակ, երբ որ մենք ունենում ենք արդեն հիվանդ. եթե մենք օդանավում ունեցանք հիվանդ, ապա այդ ժամանակ մեր մոտեցումը մնացած կոնտակտավորների նկատմամբ փոխվում է այնպես, ինչպես Թեհրանի օդանավի ուղեւորների նկատմամբ փոխեցինք, երբ որ մեր առաջին եւ միակ հիվանդը հայտնաբերվեց ՀՀ-ում:

-Այսինքն՝ այս ժամանակահատվածում Ձեր տեսչությունը արտակարգ ռեժիմով ու ավելի ուժեղացված ձեւո՞վ է աշխատում:

-Մենք հունվարի 24-ից ավելի արտակարգ ռեժիմով ենք աշխատում, ավելի ու ավելի գերծանրաբեռնված, որովհետեւ եթե նախկինում մեզ համար միայն Չինաստանն էր, որը անապահով երկիր էր համարվում, ապա մենք այսօր ունենք 8 երկիր:

Հ.Գ. Ի դեպ, երեկ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների՝ Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ:

Հ.Գ. Երեկ՝ օրվա ավարտին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից:

 

 

ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՏԱՊԱԼՄԱՆ ԵԶՐԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ մարտի 23-ին ԵՊՀ-ում թեժ է լինելու, քանի որ սպասվում է ռեկտորի ընտրություն: Ըստ մեր տեղեկությունների` առաջադրված 5 թեկնածուները այդքան էլ իշխանությունների սրտով չեն, ինչի համար էլ, հնարավոր է, այդ օրը որեւէ թեկնածուի ներկայացրած ծրագիր հավանության չարժանանա, ռեկտոր ոչ ոք չընտրվի, եւ տապալվի գործընթացը:

Հիշեցնենք, որ առաջադրվել են Վահրամ Դումանյանը, որը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից), Վահե Հովհաննիսյանը, որը իրավաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ), Ռուբեն Մելքոնյանը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան (ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի կողմից), Պավել Գեւորգյանը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ) եւ Աշոտ Սաղյանը՝ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից): Նշենք, որ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու 2020թ. մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում: ԵՊՀ մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջին երկու թեկնածուների առաջադրումը բոլորի համար անակնկալ է եղել, ու, կարելի ասել, նրանք անհայտ կերպարներ են համալսարանականների համար: Եւ լուրեր կան, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է ինչ-որ կերպ սատարում Աշոտ Սաղյանին, թեեւ նա բացահայտ ոչինչ չի անում ու ի տես բոլորի քայլեր է անում, թե իբրեւ հետաքրքրված չէ ինքնավար բուհի ռեկտորի ընտրության հարցով: Ու իրավիճակը եթե մնա այնպիսին, ինչպիսին եղել է մի քանի օր առաջ, ապա  հնարավոր է՝ ռեկտորի ընտրությունն այդպես էլ իրականություն չդառնա: Իսկ թե ինչ կփոխվի մինչեւ մարտի 23-ը,  դժվար է ասել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆի

 

 

 

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ «ՖԼԵՇ»-ԻՑ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի  մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանին թալանում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայկ Հայկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտագործելով գույքի նկատմամբ իր ունեցած լիազորությունները, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված, «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող խոշոր չափերի գույքը՝ վերջինիս պատճառելով ընդհանուր 1 միլիոն 109 հազար 820 դրամ գումարին համարժեք խոշոր չափերի գույքային վնաս: Հայկ  Հայկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Իսկ, ահա, այս գործը քննելու է Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովող Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդին՝ դատավոր Դավիթ Հարությունյանը:

 

 

 

ՀԱՅՏՆԻ Է ՊԱՇՏՈՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ արդեն նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռազմական ֆակուլտետի պետ: Հիշեցնենք, որ օրերս նա գրել էր. «Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-ի յուրաքաչյուր զինվորին եւ սպային, որ լիազորված եմ եղել եւ պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար: Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

 

 

 

ԲԴԽ-Ի ՀԱՄԱՐ

Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Արթուր Դավթյանն ու Մխիթար Հայրապետյանը նոր նախաձեռնությամբ են հանդես եկել եւ առաջարկում են փոփոխություն կատարել  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Փոփոխություն է կատարվելու Բարձրագույն դատական խորհրդի քվեարկության կարգում, սակայն այս փոփոխության պատճառներն իրականում խորն են: Նախ նշենք, որ այժմ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասությամբ: Կառույցն ունի 10 անդամ, այսինքն՝ առնվազն 6 հոգի պետք  է կողմ քվեարկի՝ անկախ այն փաստից, թե Բարձրագույն դատական խորհրդում տվյալ պահին փաստացի քանի անդամներ են պաշտոնավարում: Եվ նկատենք, որ այս պահին ԲԴԽ-ն 10 անդամի փոխարեն ունի 8-ը:   Եվ հիմա պատգամավորներն առաջարկում են, որ որոշումները կարող են ընդունվել խորհրդի ոչ թե 6, այլ 5 անդամների «կողմ» ձայներով, ինչն ավելի դյուրին կդարձնի խորհրդի լիազորություններից բխող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը:

 

 

 




Լրահոս