ՌԴ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՏՆՈՂ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՊԱԿԱՍԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսության համար կարեւոր հատվածները՝ մասնավոր տրանսֆերտներն ու դեպի Ռուսաստան ապրանք արտահանողները, հնարավոր է, առաջիկայում տուժեն: Պատճառը նավթի համաշխարհային գների անկման ֆոնին ռուսական ռուբլու արժեզրկումն է: Ինչպես հայտնի է, մարտի 6-ին Ռուսաստանի եւ նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի միջեւ բանակցությունների ձախողման պատճառով նավթի գների անկումը հանգեցրեց ռուսական ռուբլու արժեզրկման:

Մարտի 9-ին Brent տեսակի նավթի գինը նվազել էր 24 տոկոսով եւ հասել բարելի դիմաց մինչեւ 34,36 դոլարի, մինչդեռ նախկինում 52 դոլար էր։  Նման կտրուկ գնանկում վերջին անգամ վառելիքի շուկայում արձանագրվել էր շուրջ երեսուն տարի առաջ՝ 1991-ին` Պարսից ծոցում սկսված պատերազմի ժամանակ: Նկատենք, որ մարտի 9-ի այդ շրջադարձից հետո նավթի գների անկման ֆոնին աճեց ռուբլու նկատմամբ դոլարի եւ եվրոյի կուրսը: Գաղտնիք չէ, որ մեր հազարավոր հայրենակիցներ մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի նպատակով, որտեղից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների տարեկան ծավալը կազմում է շուրջ 1 մլն դոլար։ Եւ ռուբլու արժեզրկման հետեւանքով, բնական է, մասնավոր տրանսֆերտների ծավալները կպակասեն։ Մյուս կողմից` քաղաքացիները արտագնա աշխատանքի մեկնում են մարտի կեսերից, նրանց դրամական փոխանցումները սկսում են մայիսից։ Բայց, ըստ մասնագետների, հիմնական փոխանցումները իրականացվում են նոյեմբերին, դեկտեմբերին, ուստի եթե մինչ այդ ժամանակահատվածը իրավիճակը կայունանա, նշանակում է, որ ռուբլու այս վայրիվերումները հայաստանյան գոնե այդ հատվածի վրա բացասաբար չեն անդրադառնա: Սակայն մտահոգությունը միայն մասնավոր տրանսֆերտների հետ կապված չէ. ռուսական ռուբլու արժեզրկումը կվնասի նաեւ մեր արտահանողներին, որոնք տարբեր ապրանքներ են արտահանում դեպի ՌԴ: Ռուսական շուկայում կնվազի հայկական ապրանքների մրցունակությունը,  քանի որ Հայաստանից արտահանվող արտադրանքը դոլարային արտահայտությամբ կարող է թանկանալ։

Արձանագրենք, որ այս իրավիճակում միայն մի ուրախացնող փաստարկ կա. նավթի գների անկման հետեւանքով բենզինի գինը մարտի 9-ի դրությամբ նվազել է Ռուսաստանում՝ մեկ լիտրը՝ 305 դրամ։ Այն, ի դեպ, հունվարի 29-ի դրությամբ կազմել էր 355 դրամ։  Մեր հանրապետությունում, սակայն, վերջին օրերին բենզինի էական էժանացում դեռեւս չի նկատվում: Ինչո՞ւ, ի՞նչ է սպասվում հայ տնտեսվարողին ու, ընդհանրապես, ՀՀ քաղաքացուն. այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հետ:

-Պարո՛ն Պապոյան, նավթի համաշխարհային գների անկման ֆոնին ռուսական ռուբլին արժեզրկվել է: Այս իրավիճակը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:

-Որպեսզի, ըստ էության, մենք կարողանանք գնահատել, թե որքանով կանդրադառնա տնտեսության վրա եւ երբ կանդրադառնա, պետք է հասկանանք՝ այս գործընթացը ինչքան կտեւի: Եթե կարճաժամկետ կտեւի, օրինակ՝ մեկ շաբաթ կամ 10 օր անց փոխվի իրավիճակը, ապա, ըստ էության, գրեթե որեւէ կերպ չի անդրադառնա: Եթե այն մի քանի ամիս տեւի, ապա ազդեցություն կունենա, եւ ենթադրում եմ՝ ավելի հավանական է՝ բացասական: Եթե, առհասարակ, էներգակիրների շուկայում մենք գնանք գնային նվազումների, այսինքն՝ նավթի համաշխարհային գները, նավթամթերքների գները այսուհետ լինեն այսպիսի գնային պայմաններում, ապա, իմ կարծիքով, Հայաստանը կշահի: Երկարաժամկետ հեռանկարով ռուսական տնտեսությունն արդեն կհարմարվի այդ գնային պայմաններին, եւ Հայաստանի վրա ազդեցությունը նույնիսկ կարող է լինել դրական՝ կապված նավթամթերքի, բենզինի ցածր գնի հետ: Այսինքն՝ այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք իրար հետ փոխկապակցված են:

-Նավթի էժանացումը ուղղակիորեն հանգեցնում է ռուսական ռուբլու արժեզրկմանը, իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտների մեծագույն մասը հենց ռուբլով է: Այսինքն՝ կնվազեն մասնավոր տրանսֆերտների ծավալները:

-Հայաստան եկող տրանսֆերտների ծավալները, ըստ էության, հիմա մոտ 550-600 մլն դոլարի շրջակայքում է, իսկ սրանից, օրինակ, 15 տարի առաջ 1.5 միլիարդի շրջակայքում էր: Մյուս կողմից՝ Հայաստանի ՀՆԱ-ն հիմա երկու անգամ ավելի մեծ է, քան 10-15 տարի առաջ, հետեւաբար մասնավոր տրասնֆերտների ազդեցությունը հիմա շատ ավելի փոքր է: Այս տրամաբանության մեջ, ես կարծում եմ, որ եթե չլինի արհեստական խուճապ, ապա շատ մեծ ազդեցություն չի ունենա փոխարժեքի եւ նմանատիպ այլ տնտեսական ցուցանիշների վրա: Այսինքն՝ սրանք կախված են հետեւյալ գործոններից՝ այս գործընթացը ինչքան կտեւի, նավթի գներն ինչ սահմանում կմնան, առհասարակ ինչ տեղի կունենա սրա հետ կապված: Գործոնները բազմաթիվ են, եւ մի ուղղությամբ կարող ենք շահել, մեկ այլ ուղղությամբ՝ չշահել, դրանք առաջին հերթին ժամանակի մեջ կերեւա:

-Կարծես թե հայաստանցիների մի հատվածում եւս արհեստական խուճապ է. այս օրերին կան քաղաքացիներ, որոնք դոլար ու եվրո են գնում: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց արտարժույթի գնման հարցում:

-Կյանքը ցույց է տվել, որ բոլոր իրավիճակներում ե՛ւ 2009 թվականի փետրվարին, ե՛ւ 2014 թվականի դեկտեմբերին մարդիկ, որոնք խուճապահար արտարժույթ են գնել, միշտ տուժել են, եւ շահել են այն քաղաքացիները, որոնք չեն գնել: Ես հիշեցնեմ, որ դրամը  աշխարհի ամենակայուն արժույթներից մեկն է, որը, ըստ էության, դոլարի համեմատ վերջին 5 տարում որեւէ փոփոխության չի ենթարկվել: Որեւէ անհանգստանալու կարիք չկա: ՀՀ կենտրոնական բանկը հսկայական միջոցներ ունի այդ գործընթացը կարգավորելու համար: Մեր քաղաքացիները, որոնք որ այս փուլերում ձգտում են արտարժույթ գնել այն հույսով, որ վաղը ավելի բարձր է լինելու ու շահելու են, իրենք, որպես կանոն, ավելի են տուժում: Խորհուրդ կտամ ձեռնպահ մնալ նման քայլերից: Ուղղակի հիշեցնեմ՝ 2014 թվականի դեկտեմբերին մարդիկ 550-600 դրամով դոլար էին գնում եւ հետո ստիպված եղան 460-470 դրամով այն վաճառել: Հայաստանում այս պահին դոլարային փոխարժեքը կայուն է: Ավելորդ գործողություններն ուղղակիորեն կառաջացնեն խուճապ եւ նրանք ֆինանսապես կտուժեն:

-Կորոնավիրուսի հետեւանքով Հայաստանի տնտեսությունը տուժե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ չափի է այդ վնասը՝ ուղեւորափոխադրումների սահմանափակումներ, զբոսաշրջային հոսքերի կրճատում…

-Ասել, որ կորոնավիրուսը ազդեցություն չունի, իհարկե համաձայն չեմ: Իմ կարծիքով՝ այստեղ էլ ամենակարեւոր խնդիրը հետեւյալն է, թե այդ գործընթացը ինչքան է տեւելու: Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես կանխատեսվում է, այսինքն՝ եղանակի տաքացում եւ այլն, դրան զուգահեռ գնա կորոնավիրուսի նահանջ տարածաշրջանում, աշխարհում, ապա, բնականաբար, կունենանք նվազագույն կորուստներ: Այս պահի դրությամբ այդպիսի լուրջ կորուստներ չկան, մի փոքր զբոսաշրջային հոսքը ակնհայտորեն կարող էր ավելի բարձր լինել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՊԼԱՍՏԻԿ ՇՇԵՐԸ, ՏՈՊՐԱԿՆԵՐԸ` ՋՐԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐ

Մարտի 19-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն խորհրդարանին ներկայացնելու է կառավարությունը:

Այսպես, 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի առեւտրի օբյեկտներում վաճառողի կողմից թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքը: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի: Պարզվում է՝ օգտագործված պոլիէթիլենային փաթեթներով եւ դրանց մնացորդներով աղտոտված են Երեւանի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի ջրավազանների մոտակայքում գտնվող տարածքները: Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը եւ տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները: Ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքների համաձայն՝ հանրապետությունում տարեկան  արտադրվում է մոտ 12 հազար տոննա  պոլիէթիլենային փաթեթ: ՀՀ-ում առկա մոտ 1 մլն տնային տնտեսությունների կողմից օրական սպառվում է առնվազն 1-2 պոլիէթիլենային տոպրակ, տարեկան՝ մոտ 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակի արտադրություն: Շրջակա միջավայրի նախարարությունը վստահեցնում է, որ գումարային առումով տնտեսվարողների մոտ կառաջանա արտադրության ծավալների մոտ 30 տոկոս կրճատում: Պոլիէթիլենային տոպրակները պետք է փոխարինվեն թղթե տոպրակներով:

 

 

 

ԾԱՌԵՐԸ ԾԱՂԿԵԼ ԵՆ, ԱՆՁՐԵՎ ՉԿԱ

Տավուշի մարզում տեւական ժամանակ է, ինչ տեղումներ չկան: Անցած ձմեռն անձյուն էր, հիմա՝ գարնան սկզբին, անձրեւներ չկան: Գյուղերի շրջակա աղբյուրները ցամաքել են, կամ դրանց ջուրը խիստ նվազել է, ինչի հետեւանքով բնակավայրերին խմելու ջրի մատակարարման գործում դժվարություններ են առաջացել: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում վերջին անգամ անձրեւ տեղացել է 2019թ. օգոստոսի 31-ին, այս տարվա ձմռանը ձյուն չի տեղացել: Ոսկեվան եւ դրա հարեւան  սահմանամերձ Բաղանիս  գյուղում  աշնանացան ցորենի եւ աշնանացան գարու ցանքատարածություններում սերմերը չեն ծլել, գյուղացիների չարչարանքն ու ծախսերն իզուր են եղել: Նոյեմբերյանի տարածաշրջանում հոնենիները ծաղկել են, սակայն տեղումների բացակայության պատճառով գետնին կանաչ չի ծլել: Գյուղացիները կերի պակասի պատճառով  հարկադրված մորթում են խոշոր եղջերավոր անասունների մի մասը: Տարին սկսվել է երաշտով, ինչը գյուղատնտեսության համար մեծ խնդիրներ է ստեղծել:

 

 

 

 

ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Տավուշի մարզպետարանը  դրամաշնորհի մրցույթ էր հայտարարել 2020թ. հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի հոբելյանին նվիրված միջոցառում կազմակերպելու համար: Դրամաշնորհային մրցույթին կարող էին մասնակցել մշակութային ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունները, դրամաշնորհի գումարը կազմում էր 1 միլիոն 39 հազար դրամ: Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ հայտարարված  մրցույթին ոչ մի կազմակերպություն հայտ չի ներկայացրել, դրամաշնորհի գումարը չի ծախսվել: Թեեւ Տավուշի մարզում մշակութային ուղղվածության բազմաթիվ ՀԿ-ներ կան, սակայն մեկ միջոցառման համար նախատեսված ավելի քան 1 միլիոն դրամ դրամաշնորհը ստանալու համար ոչ մի  կազմակերպություն հայտ չի ներկայացրել, ինչը վկայում է Տավուշի մարզպետարանի եւ դրա անցկացրած մրցույթի հանդեպ Տավուշի ՀԿ-ների տածած անվստահության մասին:

 

ՔԻՉ ԱՇՆԱՆԱՑԱՆ Է ԱՐՎԵԼ

2019թ. փետրվարի 6-ին Հայկ Չոբանյանը ստանձնեց Տավուշի մարզպետի պաշտոնը: Մարզպետ նշանակվելուց հետո Չոբանյանը պարբերաբար հայտարարում էր, որ մարզի գյուղերում ոչ մի մետր հող չպետք է անմշակ մնա, պետք է ցորեն ցանվի: «Ժողովուրդ» օրաթերթը  դիմել է Տավուշի մարզպետարան` հարցնելով, թե  Տավուշի մարզում 2019 թվականին ինչքան աշնանացան է արվել, որքան ցորեն է ցանվել 2018 թվականին: Մարզպետարանից հայտնել են, որ, ըստ  ՀՀ վիճակագրական կոմիտեի Տավուշի  մարզային գործակալության նախնական տվյալների՝ 2019թ. մարզում կատարվել է 3326.6 հա աշնանացան ցորենի եւ աշնանացան գարու ցանք: Վերջնական տվյալները ամփոփվելու են «Ցանքերի եզրափակիչ հաշվառման արդյունքները Տավուշի մարզում 2020թ. հունիսի 1-ի դրությամբ» հաշվետվությամբ: 2018 թվականին  մարզում կատարվել է 4150.4 հա աշնանացան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս