COVID-19 կորոնավիրուսը հասավ նաեւ Հայաստան: ՀՖՖ պաշտոնական կայքը արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ եւ նշել, որ Բարձրագույն խմբի ու Առաջին խմբի առաջնությունների դադարեցման որոշում դեռ չկա, սակայն այդ առումով վերջնական որոշում կկայացվի վաղը: Հնարավոր է նաեւ չեղարկվեն Հայաստանի ազգային հավաքականի ընկերական խաղերը, որտեղ մեր տղաները մարտի 26-ին եւ 30-ին պետք է մրցեն Ուզբեկստանի եւ Ղազախաստանի ընտրանիների դեմ:
Ստեղծված իրավիճակին արձագանքեց նաեւ Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող ակումբներից «Գանձասար – Կապանը»: Ակումբի մամուլի քարտուղարության պաշտոնական հայտարարության մեջ նշված է.«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը դադարեցնում է մարզումները։ Նախնական տվյալներով մարզումները կվերսկսեն մարտի 15-ին»:
Կապանյան թիմի հաջորդ հանդիպումը նախատեսված է մարտի 22-ին: Այդ օրը Արմեն Պետրոսյանի թիմը VBet Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում կընդունի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ – Արմենիային»: Առաջին խաղում Վարդան Մինասյանի թիմը հաղթել է 1:0 հաշվով:
Հավելենք նաեւ, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիմը հասնում է 6-ի, իսկ մեկուսացվածներինը գերազանցում է 5 տասնյակը:
Էդմոն Մարտիրոսյան