Թուրինի «Յուվենտուսի» եւ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկացնում է El Nacional-ը։ Ըստ աղբյուրի վարակի նախանշաններ նկատվել է նաեւ Գոնսալո Իգուայինի մոտ։ Մեկուսացվել են «Յուվենտուսի» բոլոր ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակազմը։ Թիմի 121 ներկայացուցիչներ տեղափոխվել են կարանտին։ Հիշեցնենք, որ թուրինյան թիմից առաջինը COVID-19 կորոնավիրուսով էր վարակվել իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով է վարակվել նաեւ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ լոնդոնյան ակումբի առաջիկա խաղերը կհետաձգվեն։ 3-րդ վատ նորությունը նույնպես Լոնդոնից է։ COVID-19 կորոնավիրուսի թեստը դրական է եղել նաեւ «Չելսիի» ֆուտբոլիստ Կալում Ֆադսոն-Օդոիի մոտ։ Այս մասին տեղեկացնում է «կապույտների» պաշտոնական կայքը։ Հայտարարության մեջ նշված է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր շփում են ունեցել ֆուտբոլիստի հետ կմեկուսացվեն, սակայն թիմում կարանտին չի հայտարարվի, քանի որ թիմը հավատարիմ է մնում Պրեմիեր լիգայի եւ կառավարության կայացրած որոշմանը։ Թիմի անձնակազմից ոմանք կշարունակեն իրենց աշխատանքները, քանի որ շփում չեն ունեցել Հադսոն-Օդոիի եւ վերջինիս հետ շփված մարդկանց հետ։
Հիշեցեննք, որ ըստ Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում տարածված հայտարարության, առաջնության այս վիկենդի հանդիպումները կանցկացվեն իրենց բնականոն հունով։ Որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ դեռ հայտնի չէր, որ կորոնավիրուսով են վարակվել Միկել Արտետան ու Կալում Հադսոն-Օդոիին։
Էդմոն Մարտիրոսյան