Իշխանությունը պատրաստ է առաջարկների. նեղանալն էլ չեն ընդունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ հրապարակեց հանրաքվեի հռչակագրի նախագիծ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանության ներկայացուցիչներից շատերի համար անակնկալ է եղել այդ հռչակագիրը: Ըստ տեղեկությունների՝ այս ամենը Ն. Փաշինյանի նախաձառնությունն է, որի վերաբերյալ տեղյակ են եղել ընդամենը մի քանի ՔՊ-ականներ:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի արդեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բարեհաջող ավարտից հետո լայն թափ հաղորդել հռչակագրին: Նշենք, որ նախագիծն այժմ մշակման փուլում է, մինչեւ մարտի 31-ն ընդունվելու են առաջարկներ, փաստաթուղթը հրապարակվելու է մոտավորապես ապրիլի 2-3-ը ընկած ժամանակահատվածում: Հավելենք, որ վարչապետի ներկայացրած հռչակագրի նախագծով՝ պետք է արձանագրել, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չի ճանաչում որպես ժողովրդի ազատ կամարտահայտման դրսեւորում։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։ Ըստ նախագծի՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան ՀՀ եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է: Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի՝ ներառյալ անկախ եւ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձեւավորմամբ:

Հայաստանում պետք է ձեւավորվեն իշխանության եւ բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ. իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց: Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովող ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ, հակակշիռների եւ փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք, հետեւաբար Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որեւէ դրսեւորում կամ երեւույթ։ 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արման Բոշյանի հետ՝ պարզելու համար, թե երբ են պատրաստվում կյանքի կոչել Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված հռչակագրի նախագիծը:

-Պարո՛ն Բոշյան, Դուք տեղյա՞կ էիք հանրաքվեի հռչակագրի նախագծից, ի՞նչ ընթացակարգ է ունենալու այդ հռչակագիրը:

-Այո, տեղյակ էի հռչակագրից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց հռչակագիրը, դրա հետագա անելիքների մասին: Դա այն հռչակագիրն է, այն սկզբունքներն են, որի մասին մենք բազմիցս խոսել ենք հեղափոխության ընթացքում, հեղափոխությունից հետո: Նաեւ ես շատ կարեւոր եմ համարում, որ վարչապետը ժամկետներ նշեց եւ հորդորեց բոլոր շահագրգիռ կողմերին հռչակագրի շուրջ քննարկումներ ծավալել. եթե առաջարկներ կան, պատկերացումներ կան, ապա անպայման ներկայացնեն: Ես դա շատ կարեւոր եմ համարում:

-Նշվում է, որ հռչակագիրը նույնպես, հնարավոր է, դրվի հանրաքվեի, որպեսզի այն արտահայտի ժողովրդի կամարտահայտումը: Արդյոք իշխանությունները պատրաստվո՞ւմ են այս հռչակագիրը եւս հանրաքվեի ներկայացնել:

-Ես հիմա չեմ կարող մեկնաբանել հարցի տեխնիկական հատվածները: Երբ որ մենք արդեն ամփոփելուց կլինենք, առաջարկություններ եթե կլինեն, կընդունենք, կքննարկենք, ապա այդ հարցի վերաբերյալ, կարծում եմ, վարչությունում եւս մեկ քննարկում կունենանք: Դրանից հետո մենք կհասկանանք հետագա մեր քայլերը:

-Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները իրենց նեղացվածությունը ցույց տվեցին այն առումով, որ ՀՀ վարչապետը հայտարարեց, թե 1995 թվականից սկսած՝ Հայաստանում համապետական ընտրությունները կեղծվել են: Ըստ ՀԱԿ ներկայացուցիչների՝ վարչապետի հայտարարությունը իրական չէ, ու իրենց տարիներին կեղծ ընտրություններ չեն եղել. Դուք համակարծի՞ք եք:

-Քաղաքականության մեջ նեղանալ կատեգորիա ես չեմ ճանաչում, քաղաքականության մեջ կա բանավեճ, քննարկում, առաջարկներ, որի ժամանակ պետք է ներկայացվեն փաստեր: Ես ողջունում եմ ցանկացած քննարկումները, քննադատություններն էլ ժողովրդավարությանը բնորոշ, կարեւորագույն տարրերն են, այնպես որ տարբեր հարցերի շուրջ կարող են տարբեր մոտեցումներ լինել, պատկերացումներ եւ սկզբունքներ: Մենք բաց ենք առաջարկենրի համար, որը հայտարարեց ՀՀ վարչապետը, կարող են ներկայացնել, մենք քննարկումներ կունենանք:

-Այսինքն՝ հնարավոր է՝ քննարկումների ժամանակ հռչակագրում փոփոխություններ կատարվե՞ն:

-Մենք արդեն նշել ենք, որ բաց ենք, ժամկետներ ենք սահմանել առաջարկների ու քննարկումների համար, նշանակում է, մենք պատրաստ ենք քննարկումների, ու դա չի արվում անելու համար, դա արվում է բովանդակային քննարկումների համար:

-Իսկ հռչակագրի նախագծի հետագա ճակատագրով արդյոք իշխանությունները պատրաստվո՞ւմ են զբաղվել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ավարտից հետո:

-Ես չեմ կարող դա հիմա մեկնաբանել, քանի որ ներկա պահին մեր բոլոր ջանքերը, մեր բոլոր ռեսուրսները ժամանակային առումով ներդրվել են հանրաքվեի պրոցեսի մեջ: Հիմա մենք քարոզարշավ ենք իրականացնում, այժմ մեզ համար կարեւոր է քարոզարշավը:




Լրահոս