Մարտի 11-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ստացել է փաստական տվյալներ՝ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական գործով չի բացառվում, որ առաջ քաշվեն մի շարք «օրենքով գողերի» անուններ:
Մասնավորապես, պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչներից մեկը, շահադիտական դրդումներով, պատվերով՝ 190.000 ԱՄՆ դոլարի վարձատրության դիմաց, ստանձնելով կազմակերպել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացու սպանությունը, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու շուրջ նախնական համաձայնության է եկել ծանոթի հետ՝ խոստանալով վարձատրության կեսը հատկացնել հանցանքի կատարումից հետո: Ի կատարումն կազմակերպչի ցուցումի՝ վերջինիս անմիջական կազմակերպմամբ եւ ղեկավարմամբ կատարողը, վերահսկելով ապագա զոհի տեղաշարժը, 2014թ. հունիսին Երեւան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ է արձակել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ։
Չբավարարվելով արդյունքով՝ ստացված պատվերն ավարտին հասցնելու եւ հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կազմակերպիչը ցուցում է տվել շարունակել վերահսկել տուժողի տեղաշարժը եւ առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել վերջինիս սպանությունը։ Բացի դրանից, նպատակադրվելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել նաեւ 5 ՀՀ քաղաքացու՝ պատվիրատուն հանձնարարել է վերահսկել նաեւ այդ անձանց տեղաշարժը: Սպանությունների նախապատրաստման փուլում կազմակերպիչն իր լուսանկարով, սակայն այլ անձի տվյալներով ՌԴ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրի օգտագործմամբ երկու անգամ հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։
Թիրախավորված անձանց դիակները նախապատրաստվող սպանությունից հետո հուղարկավորելու եւ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով կազմակերպիչը կատարողի հետ քննարկել եւընտրել է համապատասխան վայրեր ՀՀ ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, սակայն հանցավոր նպատակին չի հասել կամքից անկախ հանգամանքներում, քանի որ նրա գործողությունները խափանվել են ՀՀ ԱԱԾ գործողությունների արդյունքում։ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, սպանություններ նախապատրաստող 2 անձինք վնասազերծվել եւ ձերբակալվել են։
Վարձու մարդասպանը՝ ազատության մեջ
«Ժողովուրդ» օրաթերթին սույն քրեական գործից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ին այս հանցավոր խմբի մասին պատմել է խմբի անդամներից մեկը, եւ ԱԱԾ-ն արդեն գտել է վարձու մարդասպանին: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վարձու մարդասպանը ազատության մեջ է, եւ կալանավորված են միայն պատվիրատուները կամ, այսպես ասած, կազմակերպիչները: Չի բացառվում, որ վարձու մարդասպանը նախաքննական մարմնին հայտնել է այն,ինչ պետք է եղել, եւ այդ համագործակցության արդյունքում նրան ազատ են թողել: Ինչեւէ, գործով կա երկու կալանավորված, որոնք չեն ընդունում իրենց մեղքը:
Ո՞ւմ են ցանկացել սպանել
ԱԱԾ-ն հայտնել էր, որ 2014թ. հունիսին Երեւան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ են արձակվել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ: Իսկ ո՞վ է նա: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2014թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով Արսեն Չիչյանը կամ բոլորին հայտնի Բոդոլը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: Եվ այսպես, ի՞նչը կարող էր լինել կրակոցի պատճառը:
Եվ, ահա, ստացվում է, որ 6 տարի անց ԱԱԾ-ն հայտնում է, որ պատվիրված սպանություններ նախապատրաստելու խումբ է բացահայտվել, եւ այդ խումբն էլ ցանկացել է սպանել Արսեն Չիչյանին: «ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` կրակոցներից տուժած Արսեն Չիչյանն իր դեմ կատարված մահափորձի մեջ կասկածում էր Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Արսենն իր կասկածները հիմնավորել էր հետեւյալ պատճառաբանությամբ. ինքը«Մեթլ Փրինս»ընկերությունում 10 % բաժնեմաս ունի, եւ ընկերության տնօրինությունն, իբր, ամեն գնով ցանկացել էր տիրանալ իր բաժնետոմսերին: Տեղեկացնենք, որ«Մեթլ Փրինս» կորպորացիայի սեփականատերը մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն էր, որը բանտում մահացավ քաղցկեղից, եւ նրա կինը` Մադլեն Թաշչյանը:
Հիշեցնենք, որՍերոբ Տեր-Պողոսյանը 2004-2010 թթ. ընթացքում ընտրել էր բարետես արտաքինով, նյութապես անապահով խավի տղաների եւ նրանց գայթակղելու համար անհատույց տվելմինչեւ 100.000 դրամի հասնող գումարներ` դրա դիմաց պահանջելով նրանցից սեռական ակտի մեջմտնելիրհետ: Նշենք, որ«Մեթլ Փրինս» կորպորացիան Հայաստանում իր գործունեությունըսկսել է 2000թ.-ին` գրանցվելով օֆշորային գոտում` բրիտանական Նեւիս կղզում. այն ունի երեք դուստր ձեռնարկություն` «Ախթալայի ԼՀԿ»ՓԲԸ, «Սագամար»ՓԲԸ եւ «Մոլիբդենի աշխարհ»:
Ուզում է իմանալ` ով կրակեց
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2014թ. զրուցել էր նաեւ կրակոցներից տուժած Արսենի հետ, ով ասել էր, թե ինքը պատկերացում անգամ չունի, թե ինչի համար կամ ով կարող էր կրակել կամ պատվիրել կրակել. «Ինձ համար էլ է մութ, վերլուծություններ կատարել եմ, բայց այդ մասին վերջնական գնահատական կտան քննչական մարմինները: Կասկածներ չունեմ, ուղղակի ուզում եմ իմանալ, թե ով է»:
«Կռիվ կինոյի» երկրորդ մասը
Իսկ ո՞վ է Արսեն Չիչյանը: Նա հայտնի է Բոդոլ մականունով: Դեռեւս 2012թ. օգոստոսի 30-ին Արսենը եւ Էդգարը հարձակվել էին Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի տան վրա: Կոտրել էին մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, վնասել էին Կարեն Խաչիկյանի եղբոր «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան: Քաղաքապետի եղբայրն էլ իրթիմով էր հակահարձակում գործել.մտնելով Արսենի բնակարան՝ ոչնչացրել էին նրանց տան գույքը, ռետինե մահակով հարվածներ հասցրել Արսենի մորը, հորը եւ քրոջը: «Ժողովուրդ» օրաթերթը Ախթալայի արդեն նախկին քաղաքապետից հետաքրքրվել էր, թե ինչ կապ ունեն նրանք Արսեն Չիչյանի հետ կատարված միջադեպի հետ: Վերջինս ասաց, թե իրենք որեւէ կապ չունեն այս միջադեպի հետ. «Մեր ընտանիքն ընդհանրապես կապ չունի, եւ չգիտենք, թե ովքեր են հեղինակները»:
6 տարի անց
Եվ, ահա, 6 տարի անց ԱԱԾ-ն հանցավոր խումբ է բացահայտում եւ կոնկրետ անձանց կալանավորում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն ունի կալանավորված անձանց մասով, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ձեռնպահ կմնա որեւէ բան հրապարակել: Ինչեւէ, 6 տարի անց զրուցեցինք Արսեն Չիչյանի՝ Բոդոլի հետ՝պարզելու դեպքի մանրամասները: Ի պատասխան՝ Չիչյանը հաստատեց այդ տեղեկությունը.«Այո, իմ դեպքն է»:
Մեր այն հարցին՝ իրեն ԱԱԾ կանչել են հարցաքննության, թե ոչ,Չիչյանը նշեց, որ այդ հարցին չի կարող պատասխանել: Արդյոք կալանավորված անձանց ճանաչում է, թե ոչ, Արսեն Չիչյանն ասաց. «Ոչ,չեմճանաչում,չեմ էլ տեսել: Գոհ, շնորհակալ եմ հեղափոխությունից, պարզ է դառնում, որ Ազգային անվտանգության ծառայությունը աշխատում է, 6 տարի անց արդարությունը վերականգնվում է: Հետագա զարգացումներ կլինեն, դեռ շատ բաներ կա՝խոսել ենք, եւ ասելու ենք»: Նկատենք, որ այս աղմկահարույց բացահայտման խմորը դեռ շատջուր կուզի, եւ չի բացառվում, որ քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ պատասխանատվության կանչի ՀՀ «օրենքով գողերի»: Լուրեր կան, որսույն քրեական գործով կարող է իրավապահ համակարգը հարցաքննության հրավիրի «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանին՝ Սարատովի Արտյոմին, եւ էլի «օրենքով գողերի»:
Վերջում հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը քրեական գործով մի շարք տեղեկությունների է տիրապետում, սակայն նախաքննությանը չխոչընդոտելու նկատառումներով առայժմ չենք հրապարակի:
Քնար Մանուկյան