Հայաստան ներկրված կանաչին՝ մաղադանոսը, կոտեմը եւ սամիթը, գրավել է հայկական շուկան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի «Մեյնմանդար» կոչվող գյուղատնտեսական մեծ շուկայում վերջին օրերին մեծ քանակությամբ դրսից ներկրված էժան գնով կանաչի է վաճառվում, ինչի հետեւանքով տեղական արտադրության կանաչին զգալի էժանացել է:
Տեղեկացնենք, որ «Մեյնմանդար»-ը համարվում է մեծածախ շուկա, որտեղ, օրինակ, տեղական կոտեմի մեկ կապը մի քանի օր է` վաճառվում է 50-70 դրամով,մինչդեռ օրեր առաջ հայկական կոտեմն արժեցել է 180-200 դրամ: Բայց քանի որ օրեր առաջ տեղական շուկան ողողվել է վրացական կոտեմով, այդ պատճառով տեղական կոտեմի գինը դարձել է 50-70 դրամ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս տարվա ընթացքում Վրաստանից Հայաստան ներմուծվել է 42 հազար 650 կգ սամիթ, մաղադանոս, կոտեմ: Ներկրված կանաչին շուկայում բավականին էժան գնով է վաճառվում, ինչը լուրջ վնաս է հասցնում հայ արտադրողներին:
Գյուղացիները վարկեր են վերցնում, լուրջ ծախսեր են կատարում, ձմռան ամիսներին ջեռուցում են ջերմատները, սակայն մի քանի ընկերություններ, դրսից ներկրելով կանաչի, տեղի արտադրողին դուրս են մղում շուկայից: Դե արի ու այսքանից հետո գյուղատնտեսությամբ զբաղվիր: