Բեռնափոխադրողներն ահազանում են. փակ սահման, հերթեր Վերին Լարսում ու մի քանի միլիոնների կորուստներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում, Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի կառավարությունը փակել է հարեւան երկրի հետ ցամաքային սահմանը։ Բայց, մյուս կողմից, ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադարձել բեռնափոխադրումների ոլորտի վրա:

Պարզվում է՝ վրացական կողմը բեռնափոխադրող հայկական ընկերությունների բեռները «խոշորացույցով» է անցկացնում, ինչից հետո է միայն թույլ տալիս այն տեղափոխել: «Առտ տրանս» միջազգային բեռնափոխադրումների ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ իրենք մշտապես Իրանից բեռներ են տեղափոխել, սակայն սահմանի փակ լինելու պատճառով այժմ ֆինանսական վնասներ են կրում: «Հիմա սառնարանը փակվել է, ապրանք չենք ներկրում: Ռուսաստան ենք արտահանում եւ այնտեղից ենք բեռներ ներմուծում, բայց այս պահին առեւտուրը թուլացել է: Նաեւ Վրաստանից ենք ներկրում բեռներ, բայց մեր հանրապետությունից արտահանելիս վրացական կողմում երկար ենք սպասում. այնտեղ երկար են պահում, մանրամասն են ստուգում: Բայց այս ընթացքում որեւէ խնդիր չի առաջացել բեռների հետ կապված:

Օրինակ՝ դեպի Իրան մենք մեքենաներ էինք ուղարկել, բայց սահմանը երբ փակեցին (խոսքը փետրվարի 24-ի մասին է, երբ որոշում կայացվեց Իրանի հետ սահմանը որոշ ժամանակով փակել), մեր մեքենաներն անմիջապես հետ եկան, անգամ բեռները չէին բարձել, թույլ չէին տվել: Իրանից մենք հիմնականում միրգ, բանջարեղեն ենք բերում: Արդյունքում ե՛ւ մեր բեռնափոխադրող ընկերությունը, ե՛ւ ներմուծողը, այսինքն՝ բեռնիտերը, ահագին կորուստ ենք ունեցել, որը հասնում է մի քանի միլիոնների»,- իրավիճակը ներկայացրեցին «Առտ Տրանս»-ից: Իսկ, ահա, «Վիպ Տրանս» ընկերության տնօրեն Հրանտ Հարությունյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ արտահանման եւ ներմուծման ծավալները բավականին նվազել են: «Ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման ծավալներն են պակասել ռուբլու փոխարժեքի արժեզրկման հետեւանքով: Չինաստանի ու Եվրոպայի մասին խոսելն ավելորդ է, այս պահի դրությամբ դեպի Իտալիա, Իսպանիա, Չինաստան փակ է: Ճիշտ է, Ռուսաստանից ներմուծումներն ամբողջությամբ կանգնած չէ, բայց այն ամեն ինչը, որը Չինաստանից, Գերմանիայից կամ եվրոպական այլ երկրներից են ստանում, խնդիր է: Իրանի հետ կապված եւս խնդիր կա. այնտեղից ՀՀ հիմնականում մտնում էր երկաթային հումք, որը այստեղ վերամշակվելուց հետո արտահանվում էր Ռուսաստան, հիմա այդ ամեն ինչն էլ է կանգնած:

Ամեն դեպքում, հայ ներմուծողները այս պահի դրությամբ խուսափում են Իրանից որեւէ բան ներկրել»,- լրացրեց Հրանտ Հարությունյանը: Նրա խոսքով՝ բեռնափոխադրողների ոլորտը ե՛ւ հունվարին, ե՛ւ փետրվարին գտնվել է վատ վիճակում: Զրույցի ընթացքում բեռնափոխադրող ընկերության տնօրենը բարձրաձայնեց նաեւ Վերին Լարսի խցանումների, հերթերի հարցը: «Ինտերնացիոնալ Լոգիստիկս գրուպ»ընկերությունից եւս հաստատեցին այն տեղեկությունը, որ արտահանման ծավալները պակասել են:

Ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին. «Մենք ավելի շատ աշխատում ենք դեպի Ռուսաստան ուղղության վրա, Իրանի հետ շարժն է կանգնած, եւ անհասականալի է, թե ինչ կլինի: Առեւտուրը բավականին թուլացել է, ռուսական ռուբլու արժեզրկման հետեւանքով դոլարի փոխարժեքն է բարձրացել, մերոնք այնտեղ իրենց ապրանքն իրացնում են դոլարով: Ռուսական ընկերությունները վրացական ընկերություններից հրաժարվել են ապրանք գնել»:

Պարզվում է՝ այս ընկերությունը եւս խնդիր ունի՝ կապված Վերին Լարսի հերթերի հետ. եթե նախկինում այս ընկերության երթը դեպի Մոսկվա կազմել է մեկ շաբաթ, այժմ վարորդը մեկ շաբաթ միայն հերթի մեջ է կանգնում ե՛ւ գնալիս, ե՛ւ հետ վերադառնալիս: Այն, որ բեռնափոխադրումների ծավաները Հայաստանում նվազել են, այդ մասին են վկայում նաեւ պաշտոնական թվերը: Այսպես, պաշտոնական տվյալներով՝ անգամ այս տարվա հունվարին Հայաստանի տրանսպորտի գործունեության հետ կապված՝ լինի դա բեռնափոխադրումներ, թե ուղեւորափոխադրումներ, անկում է արձանագրվել:

Մասնավորապես, ընդհանուր բեռնափոխադրումներն այս տարվա հունվարին, անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ, նվազել են 34.3 տոկոսով: Հայտնի իրողություն է, որ բեռնափոխադրումների դինամիկան ուղղակի բնորոշում է տնտեսությունումտիրող վիճակը: Այսինքն՝ բեռնափոխադրումների ընդհանուր անկման պայմաններում տնտեսական աճից խոսելն անհեթեթություն է,առավել եւս, որ բեռնափոխադրումների ծավալները ոչ միայն մեկ կամ երկու առանձին տրանսպորտի տեսակներով է նվազել, այլեւ բոլորով: Այսպես, երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 17.2 տոկոսով, որից բեռների արտահանումը նվազել է 15.5 տոկոսով, իսկներմուծումը պակասել է 50.4 տոկոսով: Ի դեպ, նվազել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները. անկումը կազմել է 3.3 տոկոս:

Ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում տեսնում ենք, որ արտահանումը նվազել է ավելի քան կիսով չափ` 36.9 տոկոսով, ներմուծումը նվազել է 57.3 տոկոսով: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքրթիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ լուրջ անկում է արձանագրվել՝ արտահանման դեպքում` 54.5 տոկոս, իսկ ներմուծումը` 44.4 տոկոս:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս