Կորոնավիրուսով վարակված նոր` 3 անձանց մասին հայտարարությունից հետո կրկին խուճապային տրամադրություններ են Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին, երբ հայտարարվեց վարակով առաջին հիվանդի մասին: Ու դեռ այդ օրերից բարձրաձայնվեց պատկան մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի հարցը: Եվ որքան էլ պաշտոնական ամենաբարձր մակարդակով նրանք վստահեցնեն, թե աշխատում են արտակարգ ռեժիմով, կաշվից դուրս գալով, այնուամենայնիվ, իրավիճակը միանգամայն այլ է: Ու հիմա պարզվում է` Իտալիայից ժամանածներից որեւէ մեկը չի եղել պետության հոգածության կամ ուշադրության ներքո, նրանց ընդամենը Առողջապահական եւ աշխատանքի տեսչության աշխատակիցները գրանցել են իրենց մոտ եւ հորդորել տանից դուրս չգալ. անգամ թոքաբորբով հիվանդ քաղաքացուն չեն մեկուսացրել: Այս տեսչությունն ընդհանրապես քննադատության ամենամեծ բեռը պիտի կրի, քանի որ գործում են մակերեսային, աշխատանքի կազմակերպման ռեսուրս ու ռազմավարություն չունեն:
Եւ ի՞նչ եղավ. պաշտոնական` տանը մնալու հորդորից հետո վարակված քաղաքացին տղայի նշանադրությունը կազմակերպեց, հյուրերի հետ շփվեց, եւ ողջ Էջմիածինն այսօր խուճապի մեջ է: Իհարկե, լավ կլիներ երեկվանից փակվեին նաեւ Էջմիածնի սահմանները, որպեսզի գոնե այդ քաղաքից վարակը չտարածվեր երկրով մեկ, բայց դեռ չի արվում դա: Պաշտոնական մարմինները` ի դեմս ՀՀ առողջապահության նախարարի, դեռ շարունակում են պնդել, թե իրավիճակն իրենց կողմից վերահսկելի է, սակայն վարակված կինն ինքն է վատ զգացել եւ դիմել բժշկի: Եթե չաներ, պաշտոնական մարմիններն այդպես էլ չէին իմանա վարակակրի մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ դեռ հունվարին ստեղծվել էր Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար միջգերատեսչական հանձնաժողով, սակայն կարեւոր որոշումները` Իտալիայից ժամանածներով զբաղվելու հետ կապված, կայացվեցին միայն երեկ, երբ դանակը հասավ ոսկորին, մինչդեռ կարելի էր ավելի վաղ՝ առաջին դեպքի հայտնաբերումից առաջ կազմակերպված աշխատել, իրավիճակն իսկապես վերահսկելի պահել: Իսկ ովքե՞ր են այս իրավիճակի պատասխանատուները. միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, կազմում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը եւ այլ անձինք:
Հ. Գ. Վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է: Նրանք կարանտինային պայմաններում կպահվեն 14 օր:
«Իմ ղեկավարության ժամանակ չէր կարող լիներ նման դեպք, որ այդքան մեծ գումարի սպառազինություն բերվեր, եւ դա լիներ անորակ»- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանն այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ մասնավորապես նշել էր. «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել են, զենք են առել, էդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, մետաղի ջարդոն է, ընդամենը մետաղի ջարդոն։ Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա»: Եվ, ահա, այս աղմկալի հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն էր խնդրել նախկին նախարարից: «Ես այդ տեղեկությունը կարող եմ մեկնաբանել այն դեպքում, եթե իմանամ՝ ինչ սպառազինություն է, ինչ պայմաններում է ձեռք բերվել, երբ եւ որ վարչությունն է ներկրել: Զինված ուժերի զարգացման պլանը կազմվում է նախարարության եւ գլխավոր շտաբի կողմից, որին մասնակցություն ունեն մասնագիտացված վարչություններ, որոնց մեջ կան մասնագետներ, ովքեր լավ տիրապետում են սպառազինությանը, կարող են մասնակցել փորձարկումներին, ասել՝ սարքին է, թե սաքրին չէ: Չեմ կարծում՝ Սերժ Սարգսյանի կամ այլ նախագահի ժամանակահատվածում երբեւիցե որեւէ մեկը միտումնավոր կցանկանար խնդիր ունենալ սպառազինության հետ», – հայտարարեց Օհանյանը: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ անորակ սպառազինությունը գնվել է Օհանյանի պաշտոնավարումից հետո:
Մարտի 11-ին ԱԱԾ-Ն հայտնել էր, որ ստացել է փաստական տվյալներ՝ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ: ԱԱԾ-ն հրապարակել էր, որ 2014թ. հունիսին Երեւան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ են արձակվել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ, եւ, ահա, 6 տարի անց պարզվում է, որ այդ անձը եղել է Արսեն Չիչյանը՝ Բոդոլը, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով. «Այո, իմ դեպքն է»: Նկատենք, որ այս աղմկահարույց բացահայտման խմորը դեռ շատ ջուր կքաշի, եւ չի բացառվում, որ քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ պատասխանատվության կանչի «օրենքով գողերի»: Լուրեր կան, որ կարող է հարցաքննության հրավիրվել «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը, որը առավել հայտնի է Սարատովի Արտյոմ անունով, եւ էլի այլ «օրենքով գողեր»: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը քրեական գործով մի շարք տեղեկությունների տիրապետում է, սակայն նախաքննությանը չխոչընդոտելու նկատառումներից ելնելով՝ այդ մասին առայժմ ոչինչ չենք հրապարակի, միայն հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն գտել է վարձու մարդասպանին, սակայն նա ազատության մեջ է: Չի բացառվում, որ վարձու մարդասպանը նախաքննական մարմնին հայտնել է այն, ինչ պետք է եղել, եւ այդ համագործակցության արդյունքում նրան ազատ են թողել:
Երեկ կառավարության նիստում վերջապես հաստատվեց պաշտոնատար անձանց նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը: Բանն այն է, որ մինչեւ մարտի 31-ը հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները դրանք պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Եվ այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության հունվարի 30-ի նիստում հաստատվել էր հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից լրացվող տարեկան, պաշտոնեական պարտականությունները ստանձնելու եւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձեւերը, իսկ հրապարակման ենթակա տվյալների ցանկը հաստատվեց միայն երեկ: Ավելին, այս ընթացքում շատ պաշտոնյաներ, այդ թվում՝ դատական համակարգից, ահազանգում էին, թե այս ընթացքում չեն կարողանալու եւ չեն հասցնելու պատշաճ ներկայացնել հայտարարագիրը: Ինչեւէ, տեղեկացանք, որ ցանկը բաղկացած է 34 կետից, եւ կան բազմաթիվ տվյալներ, որոնք պետք է ներկայացվեն պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից: Օրինակ՝ հայտարարագիր պետք է ներկայացնեն ոչ միայն ընտանիքի բոլոր անդամները, այլ նրա խնամակալության տակ գտնվող անձինք: Ոչ միայն փաստացի արձանագրվում են այդ օրվա դրությամբ ունեցած եկամուտներն ու գույքը, այլեւ գույքի հետ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաեւ ֆինանսական հոսքերը, դրանց ծագման աղբյուրները: Դա ոչ միայն վերաբերում է պաշտոնատար անձին, այլեւ նրա ընտանիքի անդամներին: