Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ հրապարակեց հանրաքվեի հռչակագրի նախագիծ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացվ, որ իշխանության ներկայացուցիչներից շատերի համար անակնկալ է եղել այդ հռչակագիրը: Ըստ տեղեկությունների՝ այս ամենը Ն. Փաշինյանի նախաձառնությունն է, որի վերաբերյալ տեղյակ են եղել ընդամենը մի քանի ՔՊ-ականներ:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի արդեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բարեհաջող ավարտից հետո լայն թափ հաղորդել հռչակագրին: Նշենք, որ նախագիծն այժմ մշակման փուլում է, մինչեւ մարտի 31-ն ընդունվելու են առաջարկներ, փաստաթուղթը հրապարակվելու է մոտավորապես ապրիլի 2-3-ը ընկած ժամանակահատվածում: Հավելենք, որ վարչապետի ներկայացրած հռչակագրի նախագծով՝ պետք է արձանագրել, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չի ճանաչում որպես ժողովրդի ազատ կամարտահայտման դրսեւորում։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։ Ըստ նախագծի՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան ՀՀ եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է: Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի՝ ներառյալ անկախ եւ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձեւավորմամբ:
Հայաստանում պետք է ձեւավորվեն իշխանության եւ բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ. իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց: Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովող ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ, հակակշիռների եւ փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք, հետեւաբար Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որեւէ դրսեւորում կամ երեւույթ։ 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արման Բոշյանի հետ՝ պարզելու համար, թե երբ են պատրաստվում կյանքի կոչել Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված հռչակագրի նախագիծը:
-Պարո՛ն Բոշյան, Դուք տեղյա՞կ էիք հանրաքվեի հռչակագրի նախագծից, ի՞նչ ընթացակարգ է ունենալու այդ հռչակագիրը:
-Այո, տեղյակ էի հռչակագրից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց հռչակագիրը, դրա հետագա անելիքների մասին: Դա այն հռչակագիրն է, այն սկզբունքներն են, որի մասին մենք բազմիցս խոսել ենք հեղափոխության ընթացքում, հեղափոխությունից հետո: Նաեւ ես շատ կարեւոր եմ համարում, որ վարչապետը ժամկետներ նշեց եւ հորդորեց բոլոր շահագրգիռ կողմերին հռչակագրի շուրջ քննարկումներ ծավալել. եթե առաջարկներ կան, պատկերացումներ կան, ապա անպայման ներկայացնեն: Ես դա շատ կարեւոր եմ համարում:
-Նշվում է, որ հռչակագիրը նույնպես, հնարավոր է, դրվի հանրաքվեի, որպեսզի այն արտահայտի ժողովրդի կամարտահայտումը: Արդյոք իշխանությունները պատրաստվո՞ւմ են այս հռչակագիրը եւս հանրաքվեի ներկայացնել:
-Ես հիմա չեմ կարող մեկնաբանել հարցի տեխնիկական հատվածները: Երբ որ մենք արդեն ամփոփելուց կլինենք, առաջարկություններ եթե կլինեն, կընդունենք, կքննարկենք, ապա այդ հարցի վերաբերյալ, կարծում եմ, վարչությունում եւս մեկ քննարկում կունենանք: Դրանից հետո մենք կհասկանանք հետագա մեր քայլերը:
-Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները իրենց նեղացվածությունը ցույց տվեցին այն առումով, որ ՀՀ վարչապետը հայտարարեց, թե 1995 թվականից սկսած՝ Հայաստանում համապետական ընտրությունները կեղծվել են: Ըստ ՀԱԿ ներկայացուցիչների՝ վարչապետի հայտարարությունը իրական չէ, ու իրենց տարիներին կեղծ ընտրություններ չեն եղել. Դուք համակարծի՞ք եք:
-Քաղաքականության մեջ նեղանալ կատեգորիա ես չեմ ճանաչում, քաղաքականության մեջ կա բանավեճ, քննարկում, առաջարկներ, որի ժամանակ պետք է ներկայացվեն փաստեր: Ես ողջունում եմ ցանկացած քննարկումները, քննադատություններն էլ ժողովրդավարությանը բնորոշ, կարեւորագույն տարրերն են, այնպես որ տարբեր հարցերի շուրջ կարող են տարբեր մոտեցումներ լինել, պատկերացումներ եւ սկզբունքներ: Մենք բաց ենք առաջարկենրի համար, որը հայտարարեց ՀՀ վարչապետը, կարող են ներկայացնել, մենք քննարկումներ կունենանք:
-Այսինքն՝ հնարավոր է՝ քննարկումների ժամանակ հռչակագրում փոփոխություններ կատարվե՞ն:
-Մենք արդեն նշել ենք, որ բաց ենք, ժամկետներ ենք սահմանել առաջարկների ու քննարկումների համար, նշանակում է, մենք պատրաստ ենք քննարկումների, ու դա չի արվում անելու համար, դա արվում է բովանդակային քննարկումների համար:
-Իսկ հռչակագրի նախագծի հետագա ճակատագրով արդյոք իշխանությունները պատրաստվո՞ւմ են զբաղվել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ավարտից հետո:
-Ես չեմ կարող դա հիմա մեկնաբանել, քանի որ ներկա պահին մեր բոլոր ջանքերը, մեր բոլոր ռեսուրսները ժամանակային առումով ներդրվել են հանրաքվեի պրոցեսի մեջ: Հիմա մենք քարոզարշավ ենք իրականացնում, այժմ մեզ համար կարեւոր է քարոզարշավը:
ՈՎ ԱԺ-ՈՒՄ ԳՈՐԾ ՈՒՆԻ, ՀԵՏ ԿԳԱ, ՈՎ ՉԷ, ԿՍՊԱՍԻ ՆՈՐ ՀՐԱՀԱՆԳԻ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները նպատակ ունեին եկող շաբաթը եւս մարզերում սահմանադրական փոփոխությունների հանարաքվեի հետ կապված ակտիվ քարոզչություն իրականացնել, սակայն քանի որ կորոնավիրուսը տարածվեց ՀՀ-ում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միառժամանակ դադարեցրեց քարոզ իրականացնել, իմքայլականները պետք է առաջիկայում պարզեն, թե որն է լինելու իրենց հետագա անելիքը:
Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունների պլան Ա-ով պետք է մարզերից ընտրված պատգամավորները մարզերում շարունակեին դռնեդուռ քարոզ անել, իսկ պլան Բ-ով էլ՝ եթե լինեն պատգամավորներ, որոնք պետք է անպայման մասնակցեն խորհրդարանում կայանալիք հանձնաժողովների նիստերին, պետք է վերադառնան Երեւան: Իմքայլականները «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ իրենց մոտ եւս սպասողական վիճակ է, քանի որ, հնարավոր է, ՀՀ վարչապետը որոշում կայացնի ընդհանրապես դադարեցնել սահմանադրական փոփոխությունների հանարաքվեի քարոզարշավը՝ կապված Հայաստանում կորանավիրուսի տարածման օրեցօր ահագնացող վտանգի հետ, եւ հայրենի պատգամավորները մարզերից վերադառնան Երեւան: Կարելի է ասել, որ ամեն ինչ կախված է այսօր կառավարությունում սպասվող քննարկումներից ու կայացրած որոշումներից, քանի որ ՀՀ վարչապետն արդեն հայտարարել է, որ իրենք կքննարկեն բոլոր հարցերը եւ որոշում կկայացնեն: Իսկ ինչ վերաբերում է հայրենի օրենսդիրների խորհրդարանական աշխատանքներին, ապա պատգամավորներին հորդորել են չմոռանալ նաեւ իրենց խորհրդարանական աշխատանքների մասին եւ եկող շաբաթ անպայման մասնակցել ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի կարողանան ձեւավորել ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգը:
Մեր աղբյուները փոխանցում են նաեւ, որ քարոզարշավ ընդհանրապես չիրականացնելը կարող է խուճապ առաջացնել ՀՀ-ում, քանի որ դա ցույց կտա, որ իսկապես ՀՀ-ում եւս կորոնավիրուսը մեծ տարածում է գտել, ինչի համար ներքին քննարկում է եղել առայժմ չգնալ այդ ճանապարհով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ եկող շաբաթ խորհրդարանում սպասվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, պաշտպանության եւ անվտանգության հարցերի, պետական-իրավական հարցերի, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԵՊՀ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՑՅԱԼԸ
Վերջերս մամուլում անընդհատ լուրեր են շրջանառվում ԵՊՀ ռեկտորի թեկնածու Աշոտ Սաղյանի ուշագրավ կլանային կապերի, «հայրենասիրական» գործունեության վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթին Սաղյանի մասին ուշագրավ տեղեկություններ հասան: Մասնավորապես, նա կարողության տեր է, եւ «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց պարզել, թե նրա նման համեստ եւ վարչական պաշտոն զբաղեցնող քիմիկոսին որտեղից այդքան կարողություն։ Եվ, ահա, պարզվում է՝ Ա. Սաղյանն արհեստավարժ գործունեություն է ծավալել, որի կոռուպցիոն բնույթի վերաբերյալ բացահայտումներ է արել նույնիսկ ՊՎԾ-ն։ Կոռուպցիոն սխեմայի իրականացման մասին մեզ մոտ առկա են կոնկրետ փաստեր, որոնցից պարզ են դառնում Ֆարմացիայի ինստիտուտի մատակարար կոնկրետ ընկերության՝ «Իմմունոֆարմի» հետ արատավոր կապն ու գործարքների հաջորդականությունը։ Այնպես որ, այս մարդու հնարավորությունները չպետք է զարմանք առաջացնեն։ Իհարկե, վերջինս ջանասիրաբար կժխտի ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ լինելու հանգամանքը, առանձին դեպքերում կուրանա իր ընկերներին՝ Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, եւ գեներալ Ավետիսյանին, նույնիսկ Ռ. Մարտիրոսյանին, կմոռանա Արցախը ծախելու վերաբերյալ իշխանությանն ուղղված մեղադրանքները, սակայն փաստերն ավելի քան խոսուն են եւ արժանահավատ։
Հ.Գ. Ի դեպ, խմբագրության տրամադրության տակ են նաեւ ԵՊՀ ռեկտորի այլ թեկնածուների կոռուպցիոն գործունեության վերաբերյալ նյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում եւս կհրապարակվեն։
ԿՌԻՎ՝ ԵՐԿՈՒՍԻ ՄԻՋԵՎ
Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է դատավորների ընդհանուր ժողովը, որը պետք է ընտրի ԲԴԽ դատավոր անդամի: Նշենք, որ ԲԴԽ անդամ դառնալու համար կռիվ են տալիս Վճռաբեկ դատարանի 4 դատավոր՝ Ստեփան Միքայելյանը, Սուրեն Անտոնյանը, Գոռ Հակոբյանը եւ Արտակ Բարսեղյանը: Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հիմնական մրցակցությունը կգնա երկու դատավորների միջեւ՝ Ստեփան Միքայելյանի եւ Սուրեն Անտոնյանի: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ քննարկում է եղել՝ արդյոք կորոնովիրուսի հետ կապված, հնարավոր է, ժողովը հետաձգվի, սակայն արդյունքում որոշում է կայացվել, որ հրավիրված ժողովը ամեն դեպքում կկայանա: Ի դեպ, այս պաշտոնի տեղը թափուր է մնացել դատավոր Նախշուն Տավարացյանի հրաժարականից հետո, եւ, ըստ մեզ հասած լուրերի, դատավորը չի գալու կայանալիք ժողովին: