ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսով վարակված նոր անձանց մասին հայտարարությունից հետո կրկին խուճապային տրամադրություններ են: Այս պահի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 4 անձ: Ինչպես մարտի 1-ի ժամանակ, այնպես էլ այս դեպքերից հետո կրկին բարձրաձայնվեց պատկան մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի հարցը: Եվ որքան էլ նրանք վստահեցնեն, թե աշխատում են արտակարգ ռեժիմով, սակայն փաստերն ավելի խոսուն են:

Նախ նշենք, որ Առողջապահության նախարարությունը, վարչապետից հետո հաղորդագրություն տարածելով, վստահեցրեց, թե Իտալիայից այս օրերին Հայաստան ժամանած բոլոր անձինք գտնվել են նախարարության հսկողության տակ: Եվ ավելին՝ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ հայտնել էր, թե նրանք գտնվում են կարանտինի մեջ, սակայն ոչ ոքի մոտ չի եղել առողջական գանգատներ եւ հիվանդության հիմնական ախտանիշներ: Ավելին, նա հայտնել էր, որ Իտալիայից ժամանածների համար կազմակերպվել է ինքնամեկուսացման գործընթաց, նրանք բոլորը գտնվում են իրենց տանը կարանտինի մեջ: Այսինքն` ոչ թե նրանք մեկուսացվել են, այլ ինքնամեկուսացվել են. եկել են, օդանավակայանում ստուգվել, քարտ լրացրել եւ հեռացել, նույնիսկ թոքաբորբ ունեցող քաղաքացին չի մեկուսացվել հիվանդանոցում: Եվ, ահա, հայտարարությունից մեկ օր անց պարզվում է, որ ինքնամեկուսացվածներից երեքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Երեկ պարզվեց, որ, իբր, ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկը մասնակցել է հենց իր որդու նշանադրությանը եւ դրանից մեկ օր անց գանգատներով դիմել բուժօգնության, եւ հայտնաբերվել է վարակը: Եվ ավելին՝ այդ կինը Հայաստան էր եկել փետրվարի վերջին, սակայն ստացվում է՝ այս օրերին ակտիվ շրջել է, շփվել մարդկանց հետ: Այսինքն՝ պարզ է, որ ինքնամեկուսացման գործընթացը տապալվել է, եւ սա՝ այն դեպքում, երբ պաշտոնական մարմինները պնդում են, թե այդ մարդիկ գտնվում են հսկողության ներքո: Այս կնոջ դեպքով այդ միֆն էլ տապալվեց:
Այսպիսով, թեեւ հայտարարում են, թե Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն այս օրերին գերհագեցած է աշխատում, պատասխանատու մարմինները եւս, սակայն սխալներից չենք կարողանում ապահովագրվել: Ինչպես ասում են, Հայաստանի պարագայում պետք է դանակը հասնի ոսկորին, որ կտրուկ որոշումներ սկսեն կայացնել:
Երեկ նոր միջգերատեսչական հանձնաժողովը կրկին հավաքվել է եւ որոշել ավելի խիստ մոտենալ խնդրին: Եվ, ըստ էության, միայն երեկ են պաշտոնյաները հասկացել, որ պետք է ավելի պատասխանատու լինել, այլ ոչ թե համարել, որ կորոնավիրուսը վտանգավոր չէ, այն Հայաստանին չի հասնի եւ այլն: Եվ նրանք վերջապես հասկացան, որ ինքնամեկուսացումը չի գործում, եւ քննարկում են ինչ-որ միջոցների դիմելու հարցը: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ավինյանը վերջապես հանձնարարել է առողջապահության եւ արդադատության նախարարներին միասին առաջարկել տարբերակներ տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ:
Հավելենք, որ Գերմանիայում եւս գործում է այս սիստեմը, եւ ինքնամեկուսացման ռեժիմը խախտած անձանց անգամ քրեական պատասխանատվության են ենթարկում: Եվ այդ նույն նիստին մեկ այլ կարեւոր որոշում եւս կայացվել է, եւ կիրակի՝ մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի, ոչ թե կինքնամեկուսացվեն, այլ կմեկուսացվեն: Այսինքն՝ միջգերատեսչական հանձնաժողովը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել էր դեռ հունվարի 20-ին, միայն երեկ կարեւոր որոշումներ կայացրեց, եւ սա՝ այն դեպքում, երբ դա կարելի էր անել ավելի վաղ, նույնիսկ առաջին դեպքի հայտնաբերումից առաջ: Սակայն, ըստ էության, այդ ամենը չի կատարվել, փոխարենը փորձ է արվել փափուկ բարձ դնել եւ համոզել, թե ամեն ինչ այնքան էլ վատ չէ:
Եվ ովքե՞ր են այս ամենի պատասխանատուները. միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, կազմում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը եւ այլ անձինք: Տեսչական մարմինը եւս հայտարարում էր, թե պատշաճ աշխատանքներ կատարվում են, բայց փաստացի ունենք այս իրավիճակը. վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է: Նրանք նույնպես կարանտինային պայմաններում կպահվեն 14 օր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՇԵՂՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ
Հայաստանում համայնքների միավորման հարցում մենք կոնկրետ սկզբունքներ եւ մոտեցումներ ունենք: Առաջին սկզբունքն այն է, որ այս գործընթացը չպետք է քաղաքականցվի. այս մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանաման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծով լսումների ժամանակ, որն անցկացվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ասաց հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ մեկնաբանելով այս նախաձեռնության քննադատությունը, որը կապում են Իջեւանի քաղաքապետի ընտրություններում իշխանությունների վարկանիշը փրկելու ցանկության հետ: Նրա խոսքով՝ հենց գործընթացը քաղաքականացվում է, շեղումներ են առաջանում: Նշենք, որ լսումներում քննարկվող նախաձեռնությամբ նախատեսվում է Տավուշի մարզում 19 գյուղեր եւ Իջեւան քաղաքը միավորել մեկ համայնքում:

 

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Լոռու մարզպետարանի շենքի դիմաց երեկ բողոքի ակցիա են իրականացրել մարզի Թումանյան խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող 6 գյուղերի բազմաթիվ բնակիչներ: Նրանք պետական մարմինների ուշադրությունն են հրավիրում իրենց համայնքներ տանող անբարեկարգ ու անանցանելի ճանապարհների խնդրին: Խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Քարինջ, Մարց, Լորուտ, Ահնիձոր, Շամուտ եւ Աթան համայնքների բնակիչների խոսքով՝ Թումանյան քաղաքից մինչեւ վերջին գյուղ տանող ճանապարհի երկարությունը 28կմ է, սակայն նախորդ բոլոր իշխանությունները երբեւէ ճանապարհ չեն բարեկարգել, ինչի հետեւանքով դադարել է գյուղի տրանսպորտը, վնասվում են բնակիչների մեքենաները, իսկ շտապօգնությունն էլ գյուղ մեծ դժվարությամբ է հասնում: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները, ապա վստահեցրել, որ նշված գյուղերի ճանապարհահատվածները ամբողջությամբ կհիմնանորոգվեն 2021թ.:

 

 

 

6 ՄԱՐԶ
2020թ. մարտի 11-ի դրությամբ գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների հետ 453 պայմանագիր է կնքվել, որից մոտ 60 տոկոսը կոմբինացված ռիսկ ունեցող պայմանագրեր են. այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա պարզաբանել է՝ քանի որ ցրտահարության ռիսկի ժամկետն ավարտվել է, ապա ապահովագրությունը գործում է կարկուտից եւ հրդեհներից ռիսկերի համար: «Կարկտահարությունից եւ հրդեհից ծիրանի եւ խաղողի ապահովագրությունը 6 մարզ է ներառում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց ձոր, իսկ դեղձի, խնձորի ծառերի եւ հացահատիկային մշակաբույսերի (ցորեն եւ գարու) ապահովագրությունը գործում է ամբողջ երկրում»,-ասել է Խաչատրյանը:

 

 

 

ԿԱՐԱԳԸ ԴՐՍՈՒՄ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Կարագի գները միջազգային շուկայում չնչին, բայց բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում մարտի 3-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 4.1 դոլարով: Այն փետրվարի 20-ի դրությամբ կազմել է 4 դոլար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի 17-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 3.8 դոլար: Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 3540 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4120 դրամով: Ստացվում է, որ Հայաստանում նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 7.2 դոլարը՝ միջազգային շուկայում սահմանված գնից 3 դոլարով ավելի: Հուսանք, որ կարագի միջազգային գներին րոպեական չի արձագանքի հայկական շուկան եւ է՛լ ավելի չի թանկացնի այն:

 

 

 

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾՈՎ
Գլխավոր դատախազությունը Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատել է եւ գործն ուղարկել էր դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, որը հանրությանը առավել հայտնի դարձավ «Սասնա ծռերի» գործը քննելով: Ավելին, 2020 թվականին դատավորը արձակուրդից վերադառնալիս նկատել էր, որ իր աշխատասենյակի պատուհանին կրակել էին, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այն առնչվում է նրա՝ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին: Ըստ դատախազության՝ Թովմասյանը, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող Նորայր Փանոսյանի հետ օգտագործելով 2 նոտարների իրենից ունեցած կախյալ վիճակը, 2013 թվականի հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում ՍԴ ներկայիս նախագահը այդ երկու նոտարներից յուրաքանչյուրից մինչեւ 2014 թվականի ապրիլը ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ:




Լրահոս