Վրաստանում, Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի կառավարությունը փակել է հարեւան երկրի հետ ցամաքային սահմանը։ Բայց, մյուս կողմից, ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադարձել բեռնափոխադրումների ոլորտի վրա:
Պարզվում է՝ վրացական կողմը բեռնափոխադրող հայկական ընկերությունների բեռները «խոշորացույցով» են անցկացնում, ինչից հետո են միայն թույլ տալիս այն տեղափոխել: «Առտ տրանս» միջազգային բեռնափոխադրումների ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ իրենք մշտապես Իրանից բեռներ են տեղափոխել, սակայն սահմանի փակ լինելու պատճառով այժմ ֆինանսական վնասներ են կրում: «Հիմա սառնարանը փակվել է, ապրանք չենք ներկրում: Ռուսաստան ենք արտահանում եւ այնտեղից ենք բեռներ ներմուծում, բայց այս պահին առեւտուրը թուլացել է: Նաեւ Վրաստանից ենք ներկրում բեռներ, բայց մեր հանրապետությունից արտահանելիս վրացական կողմում երկար ենք սպասում. այնտեղ երկար են պահում, մանրամասն են ստուգում: Բայց այս ընթացքում որեւէ խնդիր չի առաջացել բեռների հետ կապված:
Օրինակ՝ դեպի Իրան մենք մեքենաներ էինք ուղարկել, բայց սահմանը երբ փակեցին (խոսքը փետրվարի 24-ի մասին է, երբ որոշում կայացվեց Իրանի հետ սահմանը որոշ ժամանակով փակել), մեր մեքենաներն անմիջապես հետ եկան, անգամ բեռները չէին բարձել, թույլ չէին տվել: Իրանից մենք հիմնականում միրգ, բանջարեղեն ենք բերում: Արդյունքում ե՛ւ մեր բեռնափոխադրող ընկերությունը, ե՛ւ ներմուծողը, այսինքն՝ բեռնի տերը, ահագին կորուստ ենք ունեցել, որը հասնում է մի քանի միլիոնների»,- իրավիճակը ներկայացրեցին «Առտ Տրանս»-ից: Իսկ, ահա, «Վիպ Տրանս» ընկերության տնօրեն Հրանտ Հարությունյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ արտահանման եւ ներմուծման ծավալները բավականին նվազել են: «Ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման ծավալներն են պակասել ռուբլու փոխարժեքի արժեզրկման հետեւանքով: Չինաստանի ու Եվրոպայի մասին խոսելն ավելորդ է, այս պահի դրությամբ դեպի Իտալիա, Իսպանիա, Չինաստան փակ է: Ճիշտ է, Ռուսաստանից ներմուծումներն ամբողջությամբ կանգնած չէ, բայց այն ամեն ինչը, որը Չինաստանից, Գերմանիայից կամ եվրոպական այլ երկրներից են ստանում, խնդիր է: Իրանի հետ կապված եւս խնդիր կա. այնտեղից ՀՀ հիմնականում մտնում էր երկաթային հումք, որը այստեղ վերամշակվելուց հետո արտահանվում էր Ռուսաստան, հիմա այդ ամեն ինչն էլ է կանգնած:
Ամեն դեպքում, հայ ներմուծողները այս պահի դրությամբ խուսափում են Իրանից որեւէ բան ներկրել»,- լրացրեց Հրանտ Հարությունյանը: Նրա խոսքով՝ բեռնափոխադրողների ոլորտը ե՛ւ հունվարին, ե՛ւ փետրվարին գտնվել է վատ վիճակում: Զրույցի ընթացքում բեռնափոխադրող ընկերության տնօրենը բարձրաձայնեց նաեւ Վերին Լարսի խցանումների, հերթերի հարցը: «Ինտերնացիոնալ Լոգիստիկս գրուպ» ընկերությունից եւս հաստատեցին այն տեղեկությունը, որ արտահանման ծավալները պակասել են:
Ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին. «Մենք ավելի շատ աշխատում ենք դեպի Ռուսաստան ուղղության վրա, Իրանի հետ շարժն է կանգնած, եւ անհասականալի է, թե ինչ կլինի: Առեւտուրը բավականին թուլացել է, ռուսական ռուբլու արժեզրկման հետեւանքով դոլարի փոխարժեքն է բարձրացել, մերոնք այնտեղ իրենց ապրանքն իրացնում են դոլարով: Ռուսական ընկերությունները վրացական ընկերություններից հրաժարվել են ապրանք գնել»: Պարզվում է՝ այս ընկերությունը եւս խնդիր ունի՝ կապված Վերին Լարսի հերթերի հետ. եթե նախկինում այս ընկերության երթը դեպի Մոսկվա կազմել է մեկ շաբաթ, այժմ վարորդը մեկ շաբաթ միայն հերթի մեջ է կանգնում ե՛ւ գնալիս, ե՛ւ հետ վերադառնալիս: Այն, որ բեռնափոխադրումների ծավաները Հայաստանում նվազել են, այդ մասին են վկայում նաեւ պաշտոնական թվերը: Այսպես, պաշտոնական տվյալներով՝ անգամ այս տարվա հունվարին Հայաստանի տրանսպորտի գործունեության հետ կապված՝ լինի դա բեռնափոխադրումներ, թե ուղեւորափոխադրումներ, անկում է արձանագրվել:
Մասնավորապես, ընդհանուր բեռնափոխադրումներն այս տարվա հունվարին, անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ, նվազել են 34.3 տոկոսով: Հայտնի իրողություն է, որ բեռնափոխադրումների դինամիկան ուղղակի բնորոշում է տնտեսությունում տիրող վիճակը: Այսինքն՝ բեռնափոխադրումների ընդհանուր անկման պայմաններում տնտեսական աճից խոսելն անհեթեթություն է, առավել եւս, որ բեռնափոխադրումների ծավալները ոչ միայն մեկ կամ երկու առանձին տրանսպորտի տեսակներով է նվազել, այլեւ բոլորով: Այսպես, երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 17.2 տոկոսով, որից բեռների արտահանումը նվազել է 15.5 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 50.4 տոկոսով: Ի դեպ, նվազել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները. անկումը կազմել է 3.3 տոկոս:
Ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում տեսնում ենք, որ արտահանումը նվազել է ավելի քան կիսով չափ` 36.9 տոկոսով, ներմուծումը նվազել է 57.3 տոկոսով: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ լուրջ անկում է արձանագրվել՝ արտահանման դեպքում` 54.5 տոկոս, իսկ ներմուծումը` 44.4 տոկոս:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՎԵՐԱՀՍԿՎԻ ՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇՆԵՐԻՆ ԼՔԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ
Մարտի 19-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» նախագծի քննարկում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագիծը օրենսդիրները մեկ անգամ եւս փորձել են ներառել ԱԺ հերթական նստաշրջան, սակայն այն մերժվել է, եւ փաթեթի քվեարկությունը հետաձգվել է երկամսյա ժամկետով: Հունվարի 16-ի անհաջող փորձից հետո իմքայլական պատգամավորները այն կրկին ներառել են խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի օրակարգ: Նախագծի հեղինակներն են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Մերի Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ երկու ամսով հետաձգվել էր նախագծի քննարկումը: Մեր հարցին ի պատասխան՝ Մերի Գալստյանն ասաց. «Այն օրակարգում է, պետք է քննարկվի եւ, այո, պետք է քննարկվի: Քվեարկությունը, չգիտեմ, այդ օրը կլինի, թե ոչ, բայց հանձնաժողովի նիստի օրակարգում քննարկվելու է: Քանի որ կառավարությունից խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկություններ եւ փոփոխություններ էինք ստացել, ժամանակ էր պետք, որպեսզի դրանք քննարկվեին եւ ներառվեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կսահմանվի վարչական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտման համար, իսկ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար՝ քրեական պատասխանատվություն: Բացի այս, եթե նախագիծն ընդունվի, ապա տեղական ինքնակառավարման մարմինները կստանձնեն լիազորություններ՝ կենդանիների հաշվառման, վաճառքի, թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ համայնքի տարածքում թափառող կենդանիների խնդրի լուծման ուղղությամբ:
Պարզվում է, որ նախագծի հեղինակներն ուսումնասիրել են մի շարք երկրների փորձը ոլորտում, մասնավորապես՝ Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Էստոնիայի եւ մի շարք այլ երկրներում կենդանիների բարեկեցության հիմնական սկզբունքները, կենդանիների բնականոն վարքի պահանջմունքները կարգավորող իրավական նորմերը, վերահսկողության եւ պատասխանատվության մեխանիզմները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ կվերահսկվի տերերի կողմից տնային կենդանիներին, հատկապես՝ շներին լքելու դեպքերը, ինչը իր հերթին կնպաստի թափառող շների գլխաքանակի նվազեցմանը:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՐԶՊԵՏԸ ՌԱԴԻՈ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2019 թվականի մայիսի 17-ին` Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղում իր պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ 2019թ. ամռանը Տավուշում մարզային հեռուստաընկերություն կգործարկվի, որի միջոցով գյուղատնտեսական հաղորդաշար կհեռարձակվի, գյուղատնտեսության վերաբերյալ պարբերաբար օգտակար խորհուրդներ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետին գրավոր հարցում է ուղարկել, թե երբ է գործարկվելու Տավուշի մարզային հեռուստաընկերությունը։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է հետեւյալը. «Իրավական գործընթացներից հետո՝ 09.03.2020թ.-ին, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը բացել է առաջարկների ծրարները, եւ 50 օր անց Տավուշը կունենա իր մարզային հեռուստատեսությունը։ Հեռուստատեսությունից բացի կգործի նաեւ ռադիո»: Հեռուստատաընկերություն կամ ռադիոընկերություն գործարկելը բիզնես գործունեություն է, կառավարության տարածքային ստորաբաժանում հանդիսացող Տավուշի մարզպետարանը չի կարող դրանով զբաղվել։
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ ԴԱՏՎՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է զինծառայողներ Սմբատ Թովմասյանի եւ Տիգրան Խաչատրյանի դատավարությունը։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Տավուշի մարզում տեղակայված՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի գումարտակի հրամանատար Սմբատ Թովմասյանը 2019թ. փետրվարի 25-ին նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Խաչատրյանին է հանձնել իր վաշտին ամրակցված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան, որի կապակցությամբ կատարել է նշված տրանսպորտային միջոցի հանձնում-ընդունում, որի ընթացքում ստուգել է այդ ավտոմեքենայի երկու բաքերում պահվող վառելիքի առկայությունը։ Պարզվել է, որ, ըստ փաստաթղթերի, ընդհանուր 250 լիտր վառելիքի փոխարեն բաքերում առկա է ընդհանուր 228 լիտր բենզին, որից հետո հետագա խնդիրներից խուսափելու համար Սմբատ Թովմասյանը պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ամրակցման եւ փոխանցման ակտում Տիգրան Խաչատրյանի հետ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ։ Սմբատ Թովմասյանին եւ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական կեղծիքը»)։ Սույն գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։ Ս. Թովմասյանի եւ Տ. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ