Նիկոլ Փաշինյանը զայրացած է եղել և դժգոհ ընդհանուր աշխատանքից՝ կորոնավիրուսի դեմ պայքարում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի հետեւանքով երեկվանից սկսվել են լուրջ աշխատանքներ իրականացվել: Մինչեւ մարտի 23-ը չեն աշխատելու ոչ միայն ուսումնական հաստատությունները, այլեւ մի շարք կազմակերպություններ, ընկերություններ, նաեւ լրատվական միջոցներ իրենց աշխատանքները որոշել են իրականացնել արտագնա՝ տանից՝ այդպես խուսափելով նաեւ շփումից այլ մարդկանց հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հրահանգ է իջեցված նաեւ պետական հաստատություններին այս օրերին առավել զգույշ լինել, չմեկնել գործուղումների եւ, որքան հնարավոր է, նվազեցնել շփումը: Եվ հենց դա է պատճառը, որ չեղարկվում են նաեւ պաշտոնյաների գործուղումները արտերկիր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 25-28-ը գործուղման պետք է մեկնեին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, սակայն վարչապետը նոր որոշում է կայացրել եւ չեղարկել նրանց գործուղումը: Առաջիկայում կչեղարկվեն նաեւ այլ նախարարների եւ պատգամավորների գործուղումները: Եվ չնայած իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ լավ է, վերահսկվում է, եւ առայժմ խուճապի մատնվելու կամ այլ քայլերի դիմելու կարիք չկա, այնուամենայնիվ, փաստ է, որ երեկ՝ կառավարության արտահերթ խորհրդակցության ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացած է եղել եւ դժգոհ ընդհանուր աշխատանքից: Նա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հրահանգել է այսուհետ ավելի զգոն լինել եւ ամեն քայլից առաջ եւ հետո մշտապես կապի մեջ լինել իր հետ: Հավելենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 13 դեպք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս