Armenian text to speach

Բավրա անցակետը հատելիս մեկուսացվել է երկու օտարերկրյա քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բավրա անցակետը հատելիս երկու օտարերկրյա քաղաքացի մեկուսացվել է՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է։ Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»,-նշված է գրառման մեջ։

Ընդհանուր առմամբ՝ Շիրակի մարզում վիճակը կայուն է, մտահոգության լուրջ օջախներ չկան: Այս մասին Շիրակի մարզպետը հայտնեց լրագրողներին: «Նույնիսկ այն մարդկանց քանակն է նվազել, ովքեր այս ընթացքում մեր ուշադրության կենտրոնում են եղել՝ խոսքը ռիսկային երկրներից վերադարձած քաղաքացիների մասին է: Մենք հիմա, ելնելով հանրապետությունում առկա ռիսկերից, կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում»,-նշեց մարզպետը՝ տեղեկացնելով, որ ոլորտային մասնագետների հետ ունեցած քննարկման արդյունքում արդեն մշակվել է գործողությունների պլան:

Մարզպետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի մի շարք պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումներն ու քայլերը։ «Մեզ համար շատ կարևոր է ամեն ինչ անել կանխարգելիչ աշխատանքներում բացթողումներ չունենալու համար, պետք է համագործակցեն բոլոր պատասխանատու կազմակերպությունները, կարևոր է հստակեցնել անհրաժեշտ տեղեկատվությունը, լինել պատրաստ, օպերատիվ՝ աշխատանքներում»,-նշեց մարզպետը։

Անդրադառնալով վերջին օրերին ուշադրության կենտրոնում հայտնված դեպքերին ՝ այդ թվում մանկահասակ երեխայի առողջական վիճակի հետ կապված, մարզպետը վստահեցրեց, որ թեստավորման արդյունքները եղել են բացասական: Խոսելով անհրաժեշտության դեպքում մարզում արագ արձագանքման շտաբեր ստեղծելու մասին, Տիգրան Պետրոսյանը նշեց, որ կան հստակ ձևաչափեր: Մարզպետը նաև վստահեցրեց, որ, անհրաժեշտության դեպքում, գործողությունները կբաշխվեն ինչպես առողջապահական առաջնային օղակների, այնպես էլ հիվանդանոցների միջև, իսկ շաբաթ կիրակի օրերին պոլիկլինիկաներում կսահմանվեն հերթապահություններ:

Շիրակի մարզում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ ախտահանիչ միջոցառումներ են իրականցվել Շիրակի մարզի ներմարզային և համայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում։
Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

Խոսելով Մարալիկում ժամանակավոր բնակություն հաստատած, հյուսիս-հարավ ճանապարհի վրա աշխատող Չինաստանի քաղաքացիների մասին, մարզպետը տեղեկացրեց, որ խնդիր չկա: «Ստուգումներ անցել են, նրանք եղել են ուշադրության կենտրոնում, խնդիր այնտեղ չի առաջացել ու չկա»,-վստահեցրեց Տիգրան Պետրոսյանը:

Այս ընթացքում Բավրայի անցակետում ու «Շիրակ» օդանավակայանում կշարունակվի գործել հսկողության նույն ռեժիմը:




Լրահոս