ՏԵՍԱՆՅՈւԹ․ Կորոնավիրուսը հասավ շոու-բիզնես. մեկը մյուսի հետևից չեղարկվում են ներկայացումներ ու սթենդ-ափեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերումից հետո արդեն երկու անգամ դադարեցվել է ուսումնական հաստատությունների գործունեությունը։ Համընդհանուր տրամադրությունների ֆոնին հանրության մի հատված պահանջեց նաեւ մշակութային օջախների գործունեության դադարեցում։ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը, օրինակ, դեռ կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից հետո ֆեյսբուքյան իր էջում կոչ արեց փակել Հայաստանի բոլոր թատրոնները: «Մենք փոքր երկիր ենք։ Տարածվելու դեպքում հետեւանքները կլինեն շատ ավելի ծանր»,-գրեց նա։
Դրանից հետո թեեւ թատրոնների այցելուները մեկը մյուսի ետեւից վերադարձրին տոմսերը, եւ նույնիսկ չեղարկվեցին որոշ ներկայացումներ, այդ թվում՝ պրեմիերաներ, թատրոնները շարունակեցին իրենց բնականոն աշխատանքը։

«Ի տարբերություն ուսումնական հաստատությունների՝ մշակութային հաստատությունները դեռեւս չեն փակվի: Այս ամենին զուգահեռ՝ մենք տեղեկություններ ունենք, որ մարդիկ չեղարկում են նախնական պայմանավորվածությունները՝ վերադարձնում են տոմսերը: Այս պահին թողել ենք այցելուների եւ հանդիսատեսի հայեցողությանը, որպեսզի իրենք որոշեն, այս շրջանում ցանկանում են այցելել մշակութային հաստատություններ, թե ոչ»,- դեռեւս օրեր առաջ հայտարարել էր ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:
Երեւանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը վերջերս նույնիսկ հումորային մի հրապարակում արեց, որը լայնորեն տարածվեց հանրության շրջանում. «2020թ. մարտի 13-ից արգելել Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում միմյանց բարեւելուց համբուրվելը՝ պայմանավորված կորոնավիրուսի վարակվելու վտանգով։ Համբույրները կվերականգնվեն կորոնավիրուսի վտանգը իսպառ վերանալուց հետո։ Հետագայում համբույրները կթույլատրվեն ավելի ջերմ եւ կրկնակի եռանդով»։

Հումորը՝ հումոր, սակայն մշակութային գործիչները, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, հիմա արդեն մեկը մյուսի ետեւից չեղարկում են նախապես պլանավորված միջոցառումները, այդ թվում՝ սթենդ-ափերն ու ներկայացումները։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս նախատեսված «Womens club» հումորային ակումբի ներկայացումը Փարիզում եւ Վաչե Թովմասյանի սթենդ-ափը Երեւանում ու Գյումրիում չեղարկվել են։ Բացի այդ, դերասան, հումորիստ Հովհաննես Դավթյանը, երգահան Մարինա Թագակչյանը հայտարարեցին, որ չեղարկում են առաջիկայում իրենց մասնակցությամբ կայանալիք միջոցառումները։
Ի դեպ, մշակութային միջոցառումների չեղարկման միտում կա ամբողջ աշխարհում։ Դեռեւս փետրվարին չեղարկվել էր Վենետիկի կառնավալը, մոդելավորող Ջորջիո Արմանին որոշել էր իր ցուցադրությունը կազմակերպել առանց հանդիսատեսի։ Մարտի 13-ին էլ հայտնի դարձավ, որ երգերի ամերիկացի հեղինակ եւ կատարող Բոբ Դիլանի համերգային շրջագայությունը Ճապոնիայում չեղարկվել Է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Երգիչը պլանավորում Էր Ճապոնիայի քաղաքներում համերգներով հանդես գալ ապրիլի 1-ից մինչեւ 24-ը: Շոուի կազմակերպիչները ներողություն են խնդրել միջոցառումների չեղարկման կապակցությամբ եւ խոստացել են ավելի ուշ հայտարարել դրանց անցկացման նոր հնարավոր ամսաթվի մասին:

Կորոնավիրուսը չշրջանցեց նաեւ հռչակավոր աստղերին։ Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը հայտնել է, որ ինքն ու կինը՝ Ռիտա Ուիլսոնը, հիվանդացել են կորոնավիրուսով: Տարածած հայտարարությամբ ամերիկացի դերասանը տեղեկացրել է, որ ինքնամեկուսացվելու որոշում են կայացրել: Հենքսն ու կինը գտնվում են Ավստրալիայում, որտեղ դերասանն աշխատում էր Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի վրա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս