Փաստաբանների պալատը մինչև մարտի 23-ը սահմանափակելու է նաև քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատը հանդես է եկել հայտարարությամբ․

«Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբաններին հորդորում է ՝

1. մինչև 2020 թվականի մարտի 23-ը ձեռնպահ մնալ դատական նիստերին և քննչական գործողություններին (բացառությամբ անհետաձգելի դեպքերի) մասնակցելուց, այդ օրերին նշանակված դատական նիստերը և քննչական գործողությունները հետաձգելու միջնորդություններ ներկայացնելով.

2. մինչև 2020 թվականի մարտի 23-ը կատարել գրավոր ընթացակարգով նախատեսված դատավարական գործողությունները (օրինակ՝ հայցադիմումի պատասխան ներկայացնել, բողոք ներկայացնել).

3. մինչև 2020 թվականի մարտի 23-ը ձեռնպահ մնալ մեկուսարաններում (ձերբակալման վայրերում) գտնվող վստահորդներին հանդիպելուց, բացառությամբ անհետաձգելի դեպքերի.

4. փաստաբանական հարցումները կատարելիս առավելագույնն օգտվել էլեկտրոնային հարթակներից (e-cadastre.am, e-register.am).

5. փաստաբանների պալատի հետ հարաբերություններում գրություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով.

6. վարակված լինելու ռիսկով մեկուսացման դեպքում տեղեկացնել Փաստաբանների պալատին՝ փաստաբանի իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու, ինչպես նաև փաստաբանի կողմից վարվող գործերով օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Փաստաբանների պալատը մինչև 2020 թվականի մարտի 23-ը սահմանափակելու է նաև քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ՝ խորհրդատվությունն ապահովելով հեռախոսակապի, տեսազանգի, էլեկտրոնային փոստի և այլ հնարավոր միջոցներով, բացառությամբ անհետաձգելի դեպքերի: Անհետաձգելի դեպքերում, հանրային պաշտպանի գրասենյակը սահմանված կարգով իրավաբանական օգնություն կցուցաբերի քաղաքացիներին:

Մինչև 2020 թվականի մարտի 23-ը Փաստաբանների պալատի, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների մի մասին կտրվի տնից աշխատելու հնարավորություն (նախապատվությունը տրվելու է երեխաներ ունեցող, առողջական խնդիրներ ունեցող, ինչպես նաև 60 և ավելի տարիք ունեցող աշխատակիցներին):

Առողջություն բոլորին:

Հ.Գ. 1. հայտարարությունը ՀՀ փաստաբանների պալատի անունից է
Հ.Գ. 2. կոչ եմ անում դատավորներին և քննիչներին՝ հետաձգել մինչև 2020թ. մարտի 23-ը նշանակված նիստերը և քննչական գործողությունները, բացառությամբ անհետաձգելի նիստերի և գործողությունների».։




Լրահոս