Չինաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չինաստանը բարձր է գնահատում արտերկրից վիրուսի ներթափանցման ռիսկերը, Պեկինի իշխանությունների կողմից կիրառվում են որոշակի խստացումներ։
Այսպես՝ մարտի 15-ին Պեկինի Մունիցիպալ ժողովրդական կառավարության Գլխավոր քարտուղարի տեղակալ Չեն Բեյը հայտարարել է, որ մարտի 16-ից 00.00-ից բոլոր օտարերկրացիները, որոնք ժամանում են Պեկին (բոլոր չվերթները ժամանելու են միայն Պեկինի միջազգային օդանավակայան) համապատասխան նախնական զննումից հետո կենտրոնացված տեղափոխվելու են հատուկ նախատեսված կուտակման կետ՝ (էքսպո կենտրոն) 14 օրյա կարանտին անցնելու նպատակով։ Այն իրականացվելու է կառավարության կողմից հաստատված վայրերում՝ հյուրանոցներում՝ ուղևորների հաշվին։
Այն ուղևորները, որոնք Պեկին են ժամանում տարանցիկ, նույն օրվա ընթացքում մեկնելու պարագայում, սպասում են օդանավակայանի հատուկ վայրում, ապա ուղեկցվում իրենց հաջորդ թռիչքի տերմինալ։ Իսկ հաջորդ օրը մեկնելու պարագայում տեղավորվում են պետության կողմից նշված հյուրանոցում՝ իրենց հաշվին, ապա ուղեկցվում հաջորդ թռիչքի տերմինալ։
Պեկինի իշխանությունները զգուշացնում են բոլորին, որ առողջության հետ կապված, ինչպես նաև նախքան Պեկին ժամանելը իրականացրած ճամփորդությունների մասին կեղծ տեղեկության տրամադրման համար նախատեսվում է պատասխանատվություն՝ այդ թվում և քրեական։
Այն ուղևորները, որոնք Պեկին են ժամանում տարանցիկ, ապա ուղևորվում այլ նահանգներ, պարտավոր են ենթարկվել տվյալ նահանգում կամ քաղաքում գործող կարանտինային կարգին։
Շանհայ և Գուանջոու քաղաքներում խստացման առումով որևէ փոփոխություն չկա։ Բոլոր ժամանող ուղևորները, համապատասխան բժշկական զննումից հետո, պետք է անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում, ինչը հնարավոր է իրականացնել ըստ բնակության վայրերի(եթե համատիրությունների կողմից այլ որոշում չկա)։ Բժշկական սպասարկման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են քաղաքացիների կողմից, որի համար հնարավոր է օգտագործել նաև Չինաստանում գործող բժշկական ապահովագրությունը։