ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր կենտրոններում ամենօրյա ռեժիմով սահմանված կարգով իրականացվում են ախտահանիչ անհրաժեշտ բոլոր միջոցառումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
«Նախարարության ենթակայության ներքո գտնվող բոլոր հաստատություններում՝ ծերանոցներում, երեխաների խնամքի, հոգեկան առողջության կենտրոններում, շարունակվում է պահպանվել կարանտինի ռեժիմը: Բոլոր տեսակի այցելությունները դադարեցված են: Ամենօրյա ռեժիմով կենտրոնների տարածքն ախտահանվում է, տրամադրվում են ախտահանիչ միջոցներ, սահմանված է տեղերում աշխատող բժիշկների խիստ հերթափոխություն»,-ասաց Սոնա Մարտիրոսյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին էր հայտարարվել դեռ փետրվարի 27–ից:
Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված ևս 2 դեպք: Հանրագումարով, կա հաստատված 30 դեպք: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել: