Հյուրանոցների աշխատողների մի մասին տուն են ուղարկել. ինչ իրավիճակ է Ծաղկաձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծաղկաձորում հյուրանոցներ կան, որոնց աշխատողների մի մասն այս օրերին հարկադիր պարապուրդում են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանից:

Նշենք, որ այս օրերին ծաղկաձորյան հյուրանոցներ պետք է խմբեր գնային՝ սեմինարներ անցկացնելու նպատակով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չեղարկվել են այդ այցերը: «Դե, գիտեք գարնանային ամսիներին մեզ մոտ հիմնականում խմբեր էին գալիս՝ սեմինարներ, գիտաժողովներ կազմակերպելու, անցկյացնելու համար, հիմա դրանք չկան: Եվրոպական գրասենյակներից էին գալիս սեմինարներ էին կազմակերպում, բայց մի քանիսը չեղարկվել է՚,- ՙԺողովուրդ՚ օրաթերթին փոխանցեց Ծաղկաձորի քաղաքապետը: Մեր զրուցակցից տեղեկացանք, որ դահուկային ֆեդերացիան կասեցրել է հավաքը: ՙԸնդհանրապես ամբողջ աշխարհում սպորտային հավաքները կասեցված են, մենք էլ՝ դահուկային ֆեդերացիան եւս որոշակի ժամանակով կասեցրել է, հասկանանք, տեսնենք ինչ է լինում, հո՞ չենք տանելու մեր սպորտսմեններին հիվանդացնենք: Հիմա անձրեւ է գալիս, դահուկ քշել չի լինում, մի քանի ռուս զբոսաշրջիկ ունենք քաղաքում, մենք էլ ենք զարմանում՝ ինչ հետաքրքրություն են գտել այս անձրեւին Ծաղկաձորում (ծիծաղում է-Ս.Հ.): Գրողների տանը մենք երեկ հանդիպում ենք ունեցել ծաղկաձորցիների հետ, աշխատաքներն ենք քննարկել հասկանալու համար, թե ինչ պետք է անենք»,- նշեց նա:

ՙԺողովուրդ՚ օրաթերթը քաղաքապետից հետաքրքրվեց՝ ճիշտ է արդյոք այն տեղեկությունը, որ Գրողների տունը, ՙՆարեկ՚ հյուրանոցը նախատեսվել է կորոնավիրուսի կասկածով քաղաքցիներին մեկուսացնելու համար: Մեր հարցին ի պատասխան Արթուր Հարությունյանն ասաց. «Գրողների տունը՝ ոչ, որովհետեւ այն մոտ է քաղաքին, իսկ մեկուսացումներն աշխատում ենք, որ քաղաքից հեռու լինի: ՙՆարեկ՚ հյուրանոցում էջմիածնի երեխաներն են մեկուսացված: Սպորտբազայում մեկուսացնելու հետ կապված, եթե կարիքն եղավ հնարավոր է, բայց այնտեղ խնդիրներ կան՝ ջրի, հոսանքի հետ կապված»:

Պարզվում է՝ այս ընթացքում հյուրանոցներ կան, որոնց աշխատողների մի մասը հարկադիր պարապուրդում են: ՙՀյուրանոցների տնօրենների, պատասխանատուների հետ ժողով ենք ունեցել, ոչ ոք հակված չէ դռները փակի ու գնա, որովհետեւ ամեն փակելուց հետո նորից աշխատելը վնաս կհասցնի: Իսկ աշխատողների մասով, որոնք որ չեն գնում աշխատանքի, հարկադիր պարապուրդում են, աշխատավարձ կստանան. եթե ոչ 100, ապա գոնե 70 տոկոսով կստանան: Դա իմ մտահոգությունն է, որպես համայնքի ղեկավար, բայց այդ հարցը քննարկվել է հյուրանոցների տնօրենների հետ: Բոլորինս է այս խնդիրը: Հուսանք՝ այս վիճակից արագ դուս կգանք ու պակասը կլրացնենք՚,- ասաց քաղաքապետը:

Զրույցի ավարտին, քաղաքապետը նկատեց, որ անցյալ տարի ամբողջ մայիս ամսին Ծաղկաձորի հիմնական այցելուները Չինաստանի զբոսաշրջիկներն են եղել: Իսկ անցյալ տարի այս օրերին՝ Իրանից են մեծ թվով զբոսաշրջիկներ եկել Ծաղկաձոր՝ Նովրուզը տոնելու համար. ՙՀիմա հյուրանոց կա, որտեղ երկու հոգի հանգստացող կա, հյուրանոց էլ կա՝ տասը: Բնականոն կյանքը ընթանում է Ծաղկաձորում, ասում են՝ Սատանան այդքան վախենալու չէ, ինչքան իր մասին խոսում են՚: Թե որքան վնաս կստանան Ծաղկաձորի հյուրանոցներն ու ռեստորանները, այս պահին հստակ հաշվարկներ չկան:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս