«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ձեռք բերված 42 մլն դոլարի ենթադրյալ անպետք զինատեսակների փաստով հարուցված քրեական գործից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում մարտի 11-ին՝ սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել: Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր. «Դեպք ունենք, ժողովո՛ւրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին սույն քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, խոսքը 2016-2017 թվականներին ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է, որոնք հիմնականում պայքարում են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ: Հայաստանը ձեռք է բերել անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու զենք, որն էլ, հետագայում պարզել են, անպիտան է, այսինքն՝ չի կարողանում ոչնչացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս բացահայտումը արել է Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ավելի ուշ քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Այս քրեական գործով հարցաքննության են հրավիրել 2016-2017 թվականների ընթացքում Զինված ուժերի պաշտոնատար անձանց: Իսկ ի՞նչ են ասել վերջիններս ԱԱԾ քննիչներին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններս իրավապահներին պնդել են, թե զենքը գնելու ժամանակ տեղյակ չեն եղել, որ այն անպիտան է: Երբ զենքը գնվել է, եւ փորձել են օգտագործել, այդ ժամանակ հասկացել են, որ հակառակորդի անօդաչու սարքը այն չի կարողանում որսալ ու ոչնչացնել: Ըստ ԱԱԾ-ում ցուցմունք տված ՊՆ պաշտոնատար անձանց՝ իրենք այդ ամենից հետո ոուսումնասիրություն են կատարել եւ հասկացել, որ հակառակորդը կատարելագործել է անօդաչու թռչող սարքերը, ուստի իրենց կողմից գնված ռադիոէլեկտրոնային միջոցը չի կարող ոչնչացնել անօդաչու սարքը, ուստի պետք է ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցները կատարելագործել, որպեսզի կարողանան թիրախավորել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը: Նկատենք, որ 2008-2016 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը բացառում է, որ ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ նրան նախորդած ու հաջորդած Հայաստանի ղեկավարները կարող էին, սպառազինության անորակության մասին տեղեկություն ունենալով, այն ընդունել: «Իմ ղեկավարման տարիներին մենք այդպիսի մի սպառազինության տեսակ չենք ընդունել, որոնք կա՛մ անորակ են եղել, կա՛մ ոչ օգտագործելի: Կարող է պատահել, որ պայմանագրերը կնքված լինեն 2016 կամ 2017 թվականներին, բայց սպառազինությունն ընդունել են ավելի ուշ: Եթե կասեն, որ իմ ժամանակ է եղել, ես պատասխան կտամ»: Ստացվում է, որ Սեյրան Օհանյանը հերքում է իր հնարավոր մասնակցությունը այս գործընթացին:
Նկատենք, որ Վիգեն Սարգսյանը 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար եւ պաշտոնից ազատվեց 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց մեկնաբանություն խնդրել Վիգեն Սարգսյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր անձնական նամակներին ու հեռախոսազանգերին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՐԱԿԵՄ ՀՐԱՉԻ ՈՐԴԻՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ
Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի Կրակեմ Հրաչի որդին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, ինքնաբացարկ է հայտնել նախկին դատավոր Սամվել Ուզունյանին առնչվող գործով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգը դեռեւս չի գտել «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին: Նա ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Գրել էինք, որ Ուզունյանի մասով քննվող քրեական գործով նաեւ մեղադրանք է առաջադրվել կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին: Վերջինս իր օգտին դատական ակտ կայացնելու համար 13.000 դոլար կաշառք է տվել իրավասու պաշտոնատար անձանց: Նրա մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, ու գործն ուղարկվել է դատարան: Եվ այս պատմության մեջ ամենաուշագրավն այն էր, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի Կրակեմ Հրաչի որդին է: Եվ ստացվում էր, որ Սամվել Ոուզունյանի գործով մեղադրյալի գործողությունները քննում է մի դատավոր, որը 2016 թվականին լուրջ կռիվների մեջ է եղել նույն Սամվել Ուզունյանի հետ: Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ մեզ հայտնի դաձավ, որ Կրակեմ Հրաչի դատավոր որդին ինքնաբացարկ է հայտնել: Մասնավորապես, վերջինս հայտնել է. «Փաստում եմ, որ Սամվել Ուզունյանը 2004 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2016 թվականի փետրվարի 19-ը հանդիսացել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իսկ 2016 թվականի փետրվարի 19-ից մինչեւ 2016 թվականի հուլիսի 19-ը՝ նույն դատարանի դատավոր: 2011 թվականից եղել եմ Երեւան քաղաքի Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2016 թվականի փետրվարի 19-ից 2018թ. հունվարը՝ նույն դատարանի նախագահ: Այսինքն՝ մինչեւ դատավոր Սամվել Ուզունյանի՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվելը վերջինիս հետ աշխատել ենք միեւնույն դատարանում: Մասնավորապես, հարկ է նշել, որ միասին աշխատելու տարիներին դատավոր Ուզունյանի հետ անձնական ջերմ հարաբերություններ չեմ ունեցել. եղել է բացառապես գործնական-աշխատանքային հարաբերություն, վերջինիս՝ այլ դատարան տեղափոխվելուց հետո որեւէ շփում հետը չեմ ունեցել, նրա նկատմամբ տվյալ պահին որեւէ առանձնահատուկ վերաբերմունք չունեմ: Վերոգրյալի պայմաններում հաշվի առնելով նաեւ իմ ու Սամվել Ուզունյանի հարաբերությունները, ղեկավարվելով ցանկացած ողջամիտ կողմնակալություն բացառելու ու դատավարության մասնակիցների եւ նրա մոտ կողմնակալության վերաբերյալ անգամ սուբյեկտիվ պատկերացումները հերքելու կանխավարկածից` գտնում եմ, որ Սմբատ Հարությունյանի քրեական գործով պետք է կայացնել ինքնաբացարկի մասին որոշում»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
4 ԱՆԳԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ
Գյումրիում մարտի 5-ին կատարված աղմկահարույց սպանության դեպքով կալանավորված 28-ամյա երիտասարդը գրանցված է եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, նաեւ նախկինում եղել է 4 անգամ դատապարտված: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը նշել է, որ նախկինում նրա նկատմամբ հարուցված քրգործերի շրջանակներում նշանակված են եղել դատահոգեբուժական փորձաքննություններ, եւ բոլորի արդյունքներով էլ փաստվել է, որ տղան մեղսունակ է: Դատախազի խոսքով՝ 43-ամյա Մարինեն, պարզվում է, առաջին անգամ չէ, որ այդ երիտասարդի կողմից բռնության է ենթարկվել: 2016թ. կրկին միջադեպ է եղել, կինը սկզբում բողոք է ներկայացրել ոստիկանություն, հարուցվել է քրգործ, ապա քրեական գործը հաշտության հիմքով կարճվել է: Եթե պարզվի, որ, այդ դեպքից բացի, նախկինում կրկին բռնության դրսեւորումներ են եղել, եւ ոստիկանությունն օրենքով նախատեսված կարգով չի արձագանքել դրանց, դատախազը խոստացել է, որ քրեաիրավական գնահատական կտրվի ոստիկանության աշխատակիցների արարքին:
ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի փողոց 19ա շենքում գտնվող 64,2 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքներն օտարելու վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթները, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ: Արդյունքում գույքը քաղաքացուն վաճառվել է 9.5 մլն ՀՀ դրամով: Հետագայում կատարվել է անշարժ գույքի շուկայական արժեքի վերլուծություն: Արդյունքում 28մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը վաճառվել է գրեթե եռակի ցարծ գնով՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ: Հարուցվել է քրեական գործ:
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 09:30-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնությունից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել: Բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 52 հասցեում գործող Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոց, որտեղ կաթսայատանը հայտնաբերել են մասամբ այրված տղամարդու դի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ մահացածը Երեւանի բնակիչ 84-ամյա Ռոբերտ Մ-ն էր: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նշենք, որ մահացածն աշխատում էր նշված դպրոցում՝ որպես հնոցապան: