Հայաստանում պաշտոնապես ավտոմեքենաների առեւտրի ծավալները զգալի նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ավտոմեքենաների առեւտրի ծավալները 45.1 տոկոսով նվազել են:
Նշենք, որ ավտոմեքենաների առեւտրի մեջ մտնում է ինչպես մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի եւ պարագաների վաճառքը, այնպես էլ տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը, որն էլ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, ընդհանուր կազմել է 9 մլրդ 233 մլն դրամ:
Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանի խոսքով՝ մշտապես հունվարին, դեկտեմբերի համեմատ, ավտոսրահներում ավտոմեքենաների վաճառքի ծավալները պակասում են:
«Հունվարը պասիվ ամիս է համարվում: Սկսենք այն բանից, որ միայն հունվարին 18 աշխատանքային օր է եղել, այսինքն՝ կարելի է ասել, որ նույն ավտոսրահները ամսվա կեսը պարզապես չեն աշխատել: Երկրորդը՝ ֆիզիկական անձանց մոտ առեւտրի ծախսերի բաշխումը եւ կառավարումը շատ ավելի մեծ թիվ է կազմում մինչեւ Ամանոր եւ կտրուկ ընկնում է տոներից հետո, ու դա ոչ միայն ավտոմեքենաներին է վերաբերում, այլ ցանկացած մյուս երկարատեւ օգտագործման եւ թանկարժեք ապրանքներին: Հիմնականում դա է պատճառը: Այսինքն՝ այս պահին գոնե ակնհայտ այլ բացատրություններ՝ հունվար ամսվա հետ կապված, չեմ կարող տալ»,- պարզաբանեց Արտյոմ Պետրոսյանը:
Մասնագետը մեզ հետ զրույցում նկատեց, որ կորոնավիրուսը բացասաբար է անդրադառնալու ավտոաշխարհի վրա: Տեղեկացնենք, որ Fiat Chrysler Automobiles կոնցերնը արդեն նախազգուշացրել է, որ հնարավոր է՝ ժամանակավորապես փակի եվրոպական գործարանը, եթե պահեստամասերի չինական մատակարարները չվերադառնան կանոնավոր աշխատանքի: Ինչպես հայտնի է, Չինաստանում թողարկվող պահեստամասերը կիրառվում են ամբողջ աշխարհով մեկ արտադրվող միլիոնավոր ավտոմեքենաներում, իսկ կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն հանդիսացող չինական Հուբեյ նահանգը նաեւ ավտոպահեստամասերի արտադրության եւ մատակարարման խոշարագույն կենտրոններից մեկն է:
«Քանի որ ավտոպահեստամասերի, ավտոմեքենաների զգալի մասն արտադրվում է Չինաստանում, եւ սկսած հունվար, փետրվար ամիսներից՝ այդ գործարաններն ընդհանրապես չեն աշխատել (այսինքն՝ հստակ կա պահեստամասերի, կոմպլեկտավորող մասերի դեֆիցիտ), շատ գործարաններ չեն կարողանալու այնքան ավտոմեքենա արտադրել, ինչքան իրենք նախատեսել էին: Ներկայումս Եվրոպայի գրեթե բոլոր ավտոմեքենաների արտադրող գործարանները կանգնած են. եթե Գերմանիայում լրիվ չեն կանգնած, ապա Իրատալիայում փակված են, Չեխիայում 60-70 տոկոսով կրճատել են արտադրության ծավալները: Ընդ որում, կրճատել են ոչ թե պահեստամաս չլինելու պատճառով, այլ որ իրավիճակն է այդպես»,- նկատեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ Հայաստանի ավտոշուկան առաջնային ազդեցություն չի կրի: «Հայաստանում մենք ավելի շատ կզգանք ընդհանուր տնտեսական վիճակից, երբ մարդկանց եկամուտները զգալի նվազի: Եթե նրանց եկամուտները նվազի, բնականաբար խոշոր գնումներ քիչ կանեն, իսկ ավտոմեքենան բնակարանից հետո ամենախոշոր գնումն է, որը, բնականաբար, դժվար է անել, երբ եկամուտներդ կայուն չեն ու ցածր են»,- ափսոսանքով նկատեց մասնագետը՝ նշելով, որ Հայաստանի նոր ավտոմեքենաների շուկան այս պահին 2000-ը չի գերազանցում: Այսինքն՝ այն փոքր է, հետեւաբար լուրջ տատանումներ չենք զգա: «Գնային տանատումները, չեմ կարծում, որ այս պահին ակնհայտ կլինի, որովհետեւ այս պահին դեռ պարզ չէ, թե այդ գործարանները երբ կսկսեն աշխատել, կամ ինչ աստիճանի կհասնի դեֆիցիտը: Հստակ տեղեկություն կարող ենք տալ միայն մեկ-երկու ամսից հետո, երբ հասկանանք, թե Եվրոպայում իրավիճակն ինչպես է զարգանում, եւ համապատասխան հասկանանք՝ ինչպես են մատակարարները եւ արտադրողները իրար հետ շփվում: Ենթադրաբար, ելնելով դեֆիցիտից՝ որոշակի թանկացումներ կլինեն գլոբալ ավտոաշխարհում, այդ թվում՝ ավտոպահեստամասերի»,- կանխատեսեց Արտյոմ Պետրոսյանը:
Զրույցի ավարտին մասնագետը փոխանցեց, որ իրենք հետեւում են իրավիճակին. «Այս պահին Հայաստանի ավտոշուկայի վրա ամիջապես ավելի շատ ազդում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու գործոնը, քան կորոնավիրուսը: Բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ ոչ մի տնտեսության ճյուղ չի խուսափի կորոնավիրուսի բացասական ազդեցությունից»:
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԸ ԾԱՌ ԿՏՆԿԵՆ ԵՎ ԳՈՒՄԱՐ ԿՍՏԱՆԱՆ
Հայաստանում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը կլրացվի նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման աշխատանքներով: Այսինքն՝ անտառապատման աշխատանքներում կներգրավվեն գործազուրկները եւ ծառ տնկելու համար կվարձատրվեն: Տեղեկացնենք, որ խոսքը 10 մլն ծառ տնկելու ծրագրի մասին է, որը նախատեսվում է իրականացնել այս տարվա հոկտեմբերի 10-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը երեկ է շրջանառության մեջ դրել:
Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Սիմոնյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց, որ վարձատրվող հասարակական աշխատանքներում հստակ սահմանված են ոլորտները, բայց անտառի վերականգման հետ կապված աշխատանքները ներառված չէին: «Բայց հաշվի առնելով, որ առաջիկայում բավականին մեծ ծավալի անտառտնկման աշխատանքներ են նախատեսվում, այս պատճառով այդ ոլորտը եւս մտցվել է, որպեսզի այդ աշխատանքներում եւս կարողանանք վարձատրող հասարակական աշխատանքներ իրականացնել»,- տեղեկացրեց Արտակ Սիմոնյանը: Նրա խոսքով՝ անտառապատ տարածքների հարակից գյուղերի բնակիչները, որոնք գործազուրկ են, կարող են ընդգրկվել այս ծրագրի շրջանակներում եւ մասնակցել անտառների խնամքի, ծառերի տնկման աշխատանքներին ու վարձատրվել:
«Մեկ օրվա արժեք կա նախատեսված, ծրագրի տեւողություն, գումարային քանակ: Եթե չեմ սխալվում, օրական 5000 դրամ է ֆիքսված՝ ներառյալ հարկերը, եւ աշխատանքները մինչեւ 3 ամիս կարող են տեւել: Արդեն դիմողներ կան. տարածքներում հաշվառված գործազուրկ անձինք են, որոնք որ տարբեր համայնքների բնակիչներ են, իրենց ոգեւորվածությունը բարձր է, որովհետեւ իրենք ոչ միայն ժամանակավոր զբաղվածություն են ստանում, այլեւ գումար: Այն բազմակողմ, արդյունավետ ծրագիր է: Այս նախագծով ոլորտների հնարավորություններ են ընդլայնվել, վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ոլորտներ է հստակեցվել, նաեւ ավելացվել է անտառտնկման հարցը»,- նկատեց Սիմոնյանը:
Իր հերթին ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, անտառագետ Այսեր Ղազարյանը, անդրադառնալով այս թեմային, դրական գնահատեց գործազուրկներին անտառտնկման աշխատանքներում ներգրավելու ծրագիրը: «Այս ծրագիրը ողջունելի է, գործազուրկներին ներգրավելը ծառատունկի մեջ լավ գաղափար է, նաեւ գումար կաշխատեն, բայց դա ոչ մի հարց չի կարող լուծել: Այստեղ այլ խնդիրներ կան, միայն այդ մարդկային ուժի ներգրավման հարցը չէ, լուրջ ասպեկտներ կան, որոնք որ չկան տվյալ գործն իրականացնելու համար: Ոչ միայն ջրի, տնկիներ ձեռք բերելու խնդիրն է. նախ՝ նախագծեր չունի Շրջակա միջավայրի նախարարությունը, որտեղ նշված լինի, թե որտեղ է ծառ տնկվելու: Իրենք պատրաստ չեն»,- փոխանցեց Այսեր Ղազարյանը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Այն պետք է իրականացնի ու վերահսկի 2020 թվականին Հայաստանում լայնածավալ անտառապատման աշխատանքները: Հիշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ կառավարությունը ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին. «Այդ օրը նախատեսում ենք Հայաստանում տնկել 10 մլն ծառ, 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի շուրջ եւ Հայաստանում»:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՎՆԱՍԸ ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ
Նոյեմբերյանի տարածաշրջանի` Դեբեդի հովտի բնակավայրերում զարգացած է այգեգործությունը, հատկապես` դեղձի մշակությունը: Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունները տասնամյակներ շարունակ իրենց վնասակար թափոնները լցնում են Դեբեդ: Դեբեդի հովտի այգիները ոռոգվում են Դեբեդ գետի ջրերով, Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության հետեւանքով գետը հագեցած է ծանր մետաղներով: Այդ մետաղները ոռոգվող ջրի միջոցով անցնում են աճեցված մրգի մեջ:
Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Դեբեդի հովտի բազմաթիվ բնակիչներ Դեբեդի գետից ձուկ են որսում: Ձկնորսները չգիտեն՝ Դեբեդի ձուկը առողջարար, թե վտանգավոր է մարդկանց առողջության համար:
Բագրատաշենի գյուղի բնակիչ, փորձաու այգեգործ Արմո Գաբրիելյանը հայտնեց, որ Դեբեդի հովտի մի բնակիչ պարծեցել է Դեբեդի «խրամուլի» ձկնատեսակի համով եւ Ռուսաստանում գտնվող իր բարեկամին է ուղարկել Դեբեդում որսացած «խրամուլի»: Վերջինս այդ ձուկը տարել է լաբորատորիա, փորձաքննության ենթարկել եւ պարզել, որ այդ ձկան մեջ կան ծանր մետաղներ, որոնք վնասակար են մարդու առողջությանը, այդ ձուկը ուտելու համար պիտանի չէ: Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից շրջակա միջավայրը` Դեբեդ գետը, մթնոլորտն աղտոտելու համար 2017 թվականին Տավուշի մարզի համայնքներին հատկացվել են գումարներ:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանը, «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը 2017թ. Տավուշի մարզի Այրում համայնքին սուբվենցիա է տրամադրել 2,9 միլիոն դրամի չափով: 2017թ. նույն նախարարության կողմից Նոյեմբերյան համայնքին տրամադրվել է 1832.4 հազար դրամ, Կողբ համայնքին տրամադրվել է 509.8 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցումով դիմել է Տավուշի մարզպետարան, թե Լոռու մարզում պղնձի արդյունահանմամբ եւ մշակմամբ զբաղվող ընկերությունները, որպես բնությանը պատճառված վնաս, 2018 եւ 2019թթ. Նոյեմբերյանի տարածաշրրջանի համայնքներին որքան գումար են տրամադրել: Մարզպետարանի պատասխանում նշված է, որ Լոռու մարզում պղնձի արդյունահանմամբ եւ մշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից, որպես բնությանը պատճառված վնաս, 2018 եւ 2019թթ. Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում գտնվող Դեբեդի հովտի համայնքներին գումար չի տրամադրվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ