«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արթիկի քաղաքապետ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի շուրջ օղակը կարծես թե սեղմվում է։ Բանն այն է, որ օրեր առաջ ոստիկանության Արթիկի բաժանմունքը առգրավել ու հատուկ պահպանվող տարածք է տարել Վարագյանի անվան հետ կապվող «Մազերատի» մակնիշի ավտոմեքենան, ինչը ըստ շրջանառվող լուրերի՝ չգրանցված մեքենա է եղել և հայտնաբերվել է համայնքնի ղեկավարի բաջանաղի ավտոտնակից։ Խնդիրն այսքանով չի սահմանափակվում և ոստիկանությունը փնտրում և դեռևս չի գտնում Մխիթար Վարագյանին պատկանող մեկ այլ ավտոմեքենա «Պորշ» մակնիշի, որը վերջինս օգտագործել է ԱԺ պատգամավոր եղած տարիներին պետական 050 ՕՕ 11 պետհամարանիշներով։ Ավելին՝ ոստիկանության հետ խնդիրները ստիպել են Վարագյանին համայնքի ավագանու նիստին կոչ անել ժողովրդին ոստիկանություն գնալիս գրպանները կարած գնալ, որպեսզի «բան չքցեն ջեբերը»։ Այս ֆոնի վրա քաղաքում լուրեր են շրջանառվում, որ Մխիթար Վարագյանը ամանորյա ծախսերի համար համայնքի բյուջեից դուրս է գրել 2մլն 500 հազար դրամ գումար, որից շուրջ 500 հազարը դրամն ուղղվել է Արթիկի հյուրանոցի շենքում գտնվող ռեստորանին, որը ըստ արթիկցիների՝ քաղաքապետի ու նրա շրջապատի «պեռեռիվի» տեղն է ու այդ ծախսերը կապ չեն ունեցել նոր տարվա միջոցառումների հետ, ավելին՝ համառորեն լուրեր են շրջանառվում, որ նշյալ գումարի շոշափելի մասը ևս փոխանցվել են «անհասկանալի» ընկերությունների, որի բացահայտման, պարզաբանման մասին մարդիկ ակնկալում են ուժայինների միջամտություն։
Հետաքրքրական այն է, որ այս ամենն արթիկցիների շրջանում ուղեկցվում է համառ խոսակցություններով, իբրև ՀՀ ոստիկանության ղեկավարների վրա ինչ որ կերպ կարողանում են ազդել հոգուտ Վարագյանի, այլապես արդեն իսկ բավականաչափ հիմնավոր գործեր հարուցված կլինեին, թեկուզ միայն մեքենաների գույքահարկերը չվճարելու մասով, ըստ խոսակցությունների՝ քաղաքապետի անվան հետ կապված մեքենաները գույքահարկի չկատարված պարտավորություններ ունեն, իսկ դատախազությունն ու մյուս կառույցները կարծես թե դեռևս լռում են»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։