Արտակարգ դրության ռեժիմը չի խաթարելու ՊԵԿ-ի բնականոն աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստաի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը չի խաթարելու ՊԵԿ-ի բնականոն աշխատանքը։

Ներկայացնում են ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունը․

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի տարածմամբ պայմանավորված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ՝ ՀՀ ամբողջ տարածքում մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ հայտարարվել է արտակարգ դրություն:

Կոմիտեի հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստումը և Կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը, ուստի ՊԵԿ-ը յուրատեսակ առաջնագիծ է և այս պատասխանատու իրավիճակում չի կարելի տարատեսակ մտավախությունների պատճառով թուլացնել աշխատանքային պարտականությունների կատարման եռանդը և անգամ աննշան չափով շեղվել պատասխանատու վարքագիծ ցուցաբերելու անհրաժեշտությունից:

ՊԵԿ աշխատակիցներից պահանջվում է խորապես ըմբռնել ստեղծված իրավիճակի նրբությունը, դրսևորել տոկունություն և սեփական օրինակով քաջալերելով` նպաստել առկա մարտահրավերներն առավել նվազ կորուստներով հաղթահարելուն: Իր հերթին ՊԵԿ ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերն աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար:

Այդ նպատակով ՊԵԿ վարչական շենքերի մուտքերում և շինության տարբեր հատվածներում տեղադրվել են ախտահանող միջոցներ, ամենօրյա ռեժիմով իրականացվում է աշխատակիցների մարմնի ջերմաստիճանի ստուգում և ՊԵԿ անձնակազմի տեղաշարժն ապահովող տրանսպորտային միջոցների ախտահանում: Քաղաքացիների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատակիցներն ապահովվել են նաև անհատական պաշտպանիչ միջոցներով:

Միաժամանակ հորդորում ենք՝ խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը և պետական լիազոր մարմինների ցուցումներին:




Լրահոս