Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: Ընդ որում` այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, Երեւանի տարբեր վարչական շրջաններում դրանց գինը բարձրացել է։ Գնային նույն պատկերն է նաեւ ՀՀ մարզային քաղաքներում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ի միջին գինը հունվարին կազմել է 659 հազար 500 դրամ կամ 1345 դոլար, դեկտեմբերին`655 հազար 500 դրամ: Իսկ, ահա, նախորդ տարվա հունվարի համեմատ` այս տարվա նույն ժամանակահատվածում Երեւանի կենտրոնում բնակարանները վաճառվել են մեկ քմ-ն 572 հազար դրամով:
Համաձայնեք, որ մտահոգիչ է մեկ տարվա ընթացքում 87 հազար 500 դրամով թանկացումը: Ավելին, ըստ անշարժ գույքի շուկայի մասնագետների`մեկ ամսվա ընթացքում 4000 դրամով թանկացումը եւս մտահոգող է:
Մայրաքաղաքի մյուս բանուկ թաղամասում`Արաբկիր վարչական շրջանում եւս բնակարանի մեկ քմ-ն մեկ ամսվա ընթացքում թանկացել է. այստեղ եթե նախորդ տարվա դեկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 453 հազար դրամով, ապա հունվարին այն ունեցել է 456 հազար 600 դրամ արժեքը,իսկ, ահա, նախորդ տարվա հունվարին այն վաճառվել է 390 հազար դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի մյուս վարչական շրջաններում նույնպես բնակարանի թանկացում է արձանագրվել: Օրինակ` Աջափնյակ վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 315 հազար դրամից թանկացել է` դառնալով 317 հազար դրամ, Ավանում 295 հազար 100 դրամից դարձել է 297 հազար դրամ,իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում 332 հազար 50 դրամից բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է` դառնալով 334 հազար 500 դրամ, Դավթաշենում 343 հազար դրամից դարձել է 344 հազար 500 դրամ:
Ըստ մասնագետների`անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը նպաստել են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել եկամտահարկի հաշվին: Իսկ, ահա, երկրորդ պատճառը բանկերի կողմից վարվող քաղաքականությունն է, ինչի արդյունքում նվազել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքը:
Չնայած թանկացմանը` նկատենք, որ բնակարանների նկատմամբ իրականացված գործարքների թիվն է զգալի պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հունվարին ընդհանուր Հայաստանում իրականացվել է բնակարանների առուվաճառքի 3332 գործարք, մինչդեռ մեկ ամիս առաջ`դեկտեմբերին, դրանց քանակը կազմել է 5593, այսինքն`2261-ով պակաս:
ՀՀ մարզային քաղաքների մեծ մասում բնակարանները կա՛մ թանկացել են, կա՛մ էժանացել, կա՛մ էլ պահպանել նախորդ ամսվա մակարդակը: Օրինակ` Արագածոտնի մարզի Թալինում բնակարանների մեկ քմ-ն ե՛ւ դեկտեմբերին, ե՛ւ հունվարին վաճառվել է 74 հազար 300 դրամով, իսկ Ապարանում, հակառակը, 88 հազար 300 դրամից թանկացել է`դառնալով 89 հազար դրամ:
Գեղարքունիքի մարզի Գավառում բնակարանի մեկ քմ-ի գինը կազմել է 58 հազար 600 դրամ: Նույն մարզի Մարտունիում բնակարանի մեկ քմ-ի գինը հունվարին պահպանել է նախորդ տարվա դեկտեմբերի մակարդակը՝ 115 հազար դրամ։
Սահմանամերձ Տավուշի Իջեւանում բնակարանները թանկացել են մեկ ամսվա ընթացքում 1500 դրամով: Դիլիջանում նախորդ տարվա դեկտեմբերին այն կազմել է 123 հազար 200, իսկ այս տարվա հունվարին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 123 հազար 900 դրամ:
Սահմանամերձ Նոյեմբերյանում անշարժ գույքի շուկայում թանկացում է արձանագրվել: Այս քաղաքում բնակարանի մեկ քմ-ն անցյալ տարվա դեկտեմբերին վաճառվել է 74 հազար 200 դրամով, իսկ հունվարին` 75 հազար 200 դրամով: Սյունիքի Գորիսում բնակարանների գները էժանացել են (2019-ի դեկտեմբերին մեկ քմ-ն`148 հազար 300 դրամ, իսկ հունվարին`147 հազար 300 դրամ), Մեղրիում, հակառակը, թանկացել է` 106 հազար 500 դրամից դառնալով 107 հազար 300 դրամ:
Հայաստանի հոգեւոր քաղաք համարվող Էջմիածնում բնակարանների մեկ քմ-ն դեկտեմբերին վաճառվել է 150 հազար 800 դրամով, իսկ հունվարին`153 հազար դրամով: Իսկ, ահա, տուրիստական Ծաղկաձորում բնակարանի մեկ քմ-ն ե՛ւ նախորդ տարվա դեկտեմբերին, ե՛ւ այս տարվա հունվարին 282 հազար 500 դրամ է արժեցել, բայց նույն մարզի Աբովյանում՝ 182 հազար 300 դրամ: Նկատենք, որ Ծաղկաձորի հարակից Հրազդանում բնակարանների մեկ քմ-ն հունվարին վաճառվել է 68 հազար 900 դրամով:
Այն,որ մարզերի զարգացվածությունը շատ փոքր է՝ Երեւանի համեմատ, դա վաղուց հայտնի փաստ է,մինչդեռ Հայաստանի նախկին կառավարությունների ծրագրի գերակա ուղղություններից մեկը տարածքների համաչափ զարգացումն է եղել: Բայց, արի ուտես, այս ուղղությամբ որեւէ աշխատանք չի տարվում. մարդիկ շարունակում են գյուղերի տները վաճառել եւ բնակություն հաստատել Երեւանում։ Մարզերում նաեխեւառաջ պետք է լուծվի աշխատատեղերի ստեղծման խնդիրը. մարդիկ աշխատանք չունեն, եւ այն գտնելուհույսով նրանցից շատերը իրենց բնակարաններն ուղղակի կողպում են կամ վաճառում: Սա է պատճառը, որ ՀՀ որոշ մարզային քաղաքների անշարժ գույքի շուկայում անգամ թեթեւ ակտիվացում չկա:
Սյունէ Համբարձումյան