ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս հայտարարեց, որ փլուզվել է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արտաքին աստիճանավանդակը:
«Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից, որովհետեւ գլխավոր մուտքերից մեկի եւ «Գոյ» թատրոնի մուտքի վրա խոյացող տասնյակ տոննաներ կշռող երկաթբետոնե այս կառույցը մարդկային կյանքեր կխլեր, եթե միջադեպը տեղի ունենար ցերեկային ժամերին: Նախնական տեղեկություններով` կառույցը ժամանակին արվել է առանց համապատասխան գրանցումների: Հանձնարարել եմ, որ բոլոր փաստթղթերը ուսումնասիրվեն, համապատասխան մարմինների քննությունից հետո մեղավորները պետք է պատժվեն»,-նշել է նախարարը:
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցեց Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ շենքը գտնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո. «Սա, հավանաբար, կամայական կառույց է, քանի որ Սունդուկյան թատրոնի գծագրերի մեջ, ըստ թատրոնի գլխավոր ինժեների, այս կառույցը չկա: Այսինքն՝ կառույցն օրինական թղթերի մեջ չի երեւում, հետեւաբար հիմնավոր կասկածներ կան, որ աստիճանավանդակն ապօրինի կառույց է եղել: Բոլոր մասնագետները, որոնք ուսումնասիրել են փլուզված կառույցը, միաբերան պնդում են, որ դա անգրագետ մոտեցմամբ կառուցված աստիճանավանդակ է:
Մասնագետները նայում են ու չեն զարմանում, որ այն փլվել է: Եթե 2002 թվականին մեկի մտքով անցել է, որ նման բան կառուցի, այսօր էլ դա փլվել է, ես դրա պատասխանատուն չեմ: Երբ դեպքը տեղի ունեցավ, մենք ահազանգեցինք ԱԻՆ, ոստիկանություն եւ ԿԳՄՍ: Մարտի 16-ից եկել են ԱԻՆ-ի եւ ոստիկանության օպերատիվ բաժնից ներկայացուցիչներ, իրենք ԿԳՄՍ նախարարի հետ պետք է զրույց ունենանք, ինչից հետո պետք է հասկանանք՝ մեր անելիքները որոնք են լինելու»:
Պարոն Մկրտչյանը շեշտեց՝ աստիճանավանդակը, համենայնդեպս, իր տնօրեն եղած ժամանակահատվածում որեւէ ֆունկցիոնալ նշանակություն չի ունեցել թատրոնի համար, իսկ գեղագիտական առումով տնօրենն այդ կառույցը համարում է ճնշող ու տհաճ:
Քանդակագործ Սահակ Պողոսյանը մեզ հետ զրույցում շեշտեց՝ դեռ խորհրդային տարիներից ժառանգված աբսուրդ մոտեցում է այն, որ բուն շենքը մի գերատեսչության ենթակայության ներքո է, շենքում գործունեություն ծավալող կառույցը՝ մեկ այլ.«Այս դեպքերում հեշտ է մեղքը մյուսի վրա գցելը: Իրականում աստիճանավանդակը փլվել է, քանի որ ոչ բարեխիղճ աշխատանքի հետեւանքով տարիների ընթացքում քայքայում է տեղի ունեցել: Այդպիսի շատ շինություններ կան Երեւանում: Շինությունների փլուզումը ինչ-որ պահի վիրուսի նման անկառավարելի է դառնալու: Համոզված եմ, որ մոնիթորինգ արվի, շատ այլ նման վտանգ սպառնացող կառույցներ ի հայտ կգան»:
Նրա խոսքով՝ հերթական շենքը, որտեղ կարող է փլուզում լինել, Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահի շենքն է, մասնավորապես՝ տանիքը: «Առաստաղից ուղղակի բեկորներ են կախված, որոնք ամեն վայրկյան կարող են ընկնել մեկի գլխին»,-ասաց պարոն Պողոսյանը:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2016 թվականին է ահազանգել այն մասին, որ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահում (Երեւանի Մաշտոցի պողոտայի 7ա հասցե), որտեղ կազմակերպված է նկարչի աշխատանքների մշտական ցուցադրություն, ներկայացվող աշխատանքները գտնվում են ոչ ապահով վիճակում. եղանակային տարբեր պայմանների հետեւանքով՝ անձրեւից, ձյունից, ձնհալից, ցուցասրահի պատերը թրջվում են, եւ հավանականությունը մեծ է, որ նկարները կարող են փչանալ (որքանով տեղյակ ենք, մի քանի նկար նույնիսկ հանվել են ցուցադրությունից): Անցել է 4 տարի, սակայն խնդիրը մինչ օրս լուծված չէ:
Աննա Բաբաջանյան