Երեկ կառավարության որոշմամբ ու Ազգային ժողովի հաստատմամբ հայտարարվեց արտակարգ դրություն, որը կտեւի մինչեւ ապրիլի 14-ը ժամը 9:00-ն: Որոշման նախագծում մեկնաբանվում էր, թե նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը: Եվ այս օրերին, արտակարգ դրությամբ պայմանավորված, մի շարք սահմանափակումներ են լինելու՝ կապված Հայաստան մուտքի ու ելքի, լրատվամիջոցների աշխատանքի, հավաքույթների եւ այլ հանգամանքների հետ: Օրինակ` հավաքույթները պետք է փոքրաթիվ լինեն եւ չգերազանցեն 20 անձը: Եվ արտակարգ դրությամբ պայմանավորված` հետաձգվեց նաեւ ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, եւ այն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո՝ 50 օրվա ընթացքում` ՀՀ նախագահի որոշմամբ:
Նկատենք՝ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ արտակարգ դրություն է հայտարարվում: Հայաստանում առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել էր դեռ 1990 թվականի օգոստոսի 29-ին` ՀԽՍԳ Գերագույն խորհրդի որոշմամբ: Որոշման պատճառը Հայոց ազգային բանակ ռազմական կազմակերպության հակաօրինական գործողություններն էին, ինչը բերել էր հանրապետությունում իրադրության սրման:
Իսկ արդեն նորանկախ Հայաստանում առաջին անգամ 20-օրյա արտակարգ դրություն հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո: Այդ ժամանակ եւս այն ենթադրում էր հանրահավաքների, ցույցերի եւ երթերի անցկացման արգելք, իսկ լրատվամիջոցները կարող էին հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն: Նույնը նաեւ այժմ է, հատկապես` լրատվամիջոցների աշխատանքի մասով, բայց մի էական տարբերություն կա. 2008-ին իշխանության կարծիքից տարբերվող նյութեր հրապարակող, այսպես ասած, ընդդիմադիր թերթերը չէին հրատարակվում տպարաններում՝ անկախ բովանդակությունից, որը երբեմն հագեցած էր միայն պաշտոնական տեղեկություններով: ԱԱԾ ներկայացուցիչը տպարանում պարզապես արգելում էր այդ թերթերի տպագրությունը:
Այժմ իրավիճակ է փոխվել. թեեւ արտակարգ դրություն է, սահամանափակումներ կան, սակայն իշխանության կարծիքից տարբերվող կարծիք արտահայտող լրատվամիջոցներին վտանգ չի սպառնում: «Ժողովուրդ» օրաթերթը այսօր լույս է տեսել:
«Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց՝ Հայաստանում հաստատված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ արդյոք ՊՆ-ն ամեն ինչ արել է, եւ առաջիկայում սնունդի ու այլ ապրանքների մատակարարման խնդիր չի լինի: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշանիկ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Ինչպես տեղեկացրել ենք, կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական եւ ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է Առողջապահության նախարարության եւ այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է: ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգիենայի պարագաներով եւ այլ միջոցներով: Մեր զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներին ՀՀ նախագահին առաջարկելու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Այսինքն՝ երկու օրից կլրանա 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները: Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար երկու օր է մնացել: Եվ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ տնօրեն կնշանակվի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Ասել է թե՝ ԱԱԾ տնօրենի մասով արդեն ներքին խոսակցություններ կան, որ որոշումը կայացվել է: Նկատենք, որ վարչապետն ամբողջությամբ օգտագործեց ժամկետները եւ այս ընթացքում նոր նշանակում չարեց՝ թողնելով, որպեսզի ներկայիս պաշտոնակատարներն աշխատեն: Եվ տեղեկությունների համաձայն՝ նա այս ընթացքում փորձում էր ոչ միայն հարմար թեկնածուներ փնտրել, այլ նաեւ հետեւում էր նրանց աշխատանքին: Եվ, ահա, արդյունքը եղավ այն, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը կվերանշանակվի: ՀՀ ոստիկանապետի մասով դեռ հստակ չէ:
Հունվարի 30-ի՝ ՊԲ զորամասերից մեկում զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքից ամիս անց պարզ է դառնում, որ իրավապահ համակարգը անգործության է մատնված եղել եւ աչք է փակել, այսպես ասած, էլիտար զորամասում տիրող իրավիճակի վրա: Դեռ փետրվարի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչեւ հունվարի 30-ի` ՊԲ զորամասերից մեկում Վահրամ Ավագյանի մահվան դեպքը ՊՆ թեժ գիծ ահազանգ էր եղել, որ ՊԲ զորամասերից մեկում Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին նեղացնում է զինվորներին, սակայն հետամուտ չէին եղել: Եվ, ահա, ՀՀ գլխավոր դատախազությունից պաշտոնապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին՝ քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննությամբ չի ապահովվել գործի հանգամանքների հետազոտման բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը, չեն կատարվել այդ գործի ընթացքը լուծելու համար անհրաժեշտ մի շարք գործողություններ: Եվ ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացրել է կարճելու մասին որոշումները, ինչի արդյունքում քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է: Եվ պետք է նկատել, որ իրավիճակի համար պատասխանատու են ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյան, ռազմական նախկին ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, որոնք, որպես ոլորտի պատասխանատուներ, տեղում չեն եղել եւ իրենց ենթակաները, ինչ-ինչ շարագրգռվածությունից ելնելով, «գործ են փակել տվել», ինչի հետեւանքով զինվոր մահացավ: Այսպիսով, դատախազության այս բացահայտումը հաղորդում է՝ հանցագործության մասին՝ հենց իրավապահների անգործության վերաբերյալ: