916 ԿԱՆՉ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՄԻԱՅՆ ԿԻՐԱԿԻ ՕՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շտապ օգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ արդյոք Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետեւանքով ավելացել են քաղաքացիների շտապ օգնության կանչերի թիվը:

-Տիկի՛ն Ստեփանյան, Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետեւանքով ի՞նչ իրավիճակ է Շտապ օգնության ծառայությունում, արդյոք այս ժամանակահատվածում բավարարո՞ւմ են այն ռեսուրսները, որով հնարավոր կլինի սպասարկել հանրությանը:
-Այո, ռեսուրսը բավարարում է, եթե քաղաքացիները իսկապես անհետաձգելի կանչերը կատարեն:
-Այսինքն՝ ինչ-որ խուճապային իրավիճակ է, ու քաղաքացիները կանչերն իրականացնում են առանց դրա անհրաժեշտությունից ելնելո՞վ:
-Ընդհանրապես, այդ դեպքերը միշտ կան, դա այսօրվա իրավիճակի հետ կապված չէ, մենք միշտ բազմիցս խոսել ենք, որ շտապ օգնության կանչերի հիմնական անհետաձգելի տոկոսը կազմում է 20-30 տոկոսը: Այսինքն՝ այնպես չէ, որ նոր է, հիմա է այդ ամեն ինչը սրվել, մենք միշտ էլ ունենք կանչեր, որոնք որ տվում են շտապ օգնության ծառայության, որը որ չի համապատասխանում անհետաձգելի կաչների թվին:
-Իսկ շտապ օգնության ծառայության կանչերից կարելի՞ է ենթադրել, որ կորոնավիրուսի տարածմամբ քաղաքացիների մոտ խուճապային տրամադրություններ են, ինչի համար այդ կանչերը արվում են անգամ ոչ անհետաձգելի պայմաններից ելնելով:
-Ոչ, շատ մեծ խուճապ չկա, պետք է ասեմ, ընդհակառակը, մեր կանչերի թիվը բավականին պակասել էր՝ նախորդ ամիսների հետ համեմատ, եւ պետք է նշեմ, որ կազմում են օրական մոտ 750-780 կանչ, եւ հունվար-փետրվար ամիսներին մենք սպասարկել ենք օրական 950 կանչ: Ուղղակի մարդիկ անհանգստացած են. եթե ունեն սուր շնչառական հիվանդության սիմպտոմներ, դիմում են, որ հերքվի, ավելի վտանգավոր խնդիր չդառնա:
-Բայց վերջին 10 օրերի ընթացքում Շտապ օգնության ծառայությունում զանգերի քանակի ավեացում եղե՞լ է: Ձեր կողմից նշված բողոքով քացաղաքացիները դիմե՞լ են Ձեր ղեկավարած ծառայությանը:
-Միայն երեկ էր, կիրակի օրը, որ կանչի թիվը կրկին բարձրացել էր մինչեւ 916-ի, բայց ես կարծում եմ, որ այն զուտ կապված էր ոչ աշխատանքային օրով: Կարծում եմ՝ միակ պատճառը դա էր, որ կանչերի թիվը այդքան շատացավ:
-Արդյոք Շտապ օգնության ծառայության աշխատակիցները ահազանգերի ժամանակ քաղաքացիների մոտ են գնում դիմակներով, ձեռնոցներով, այսինքն անհրաժեշտ այն միջոցներով, որը պահանջում է ՀՀ քաղաքացու անվտանգությո՞ւնը:
-Մեր բոլոր աշխատակիցները ունեն բոլոր այդ անվտանգության համար ապահովող ե՛ւ նյութերը, ե՛ւ դիմակները, ե՛ւ ակնոցները, այսինքն՝ եթե կանչը սիրտ-անոթային է, միգուցե մտնելիս դիմակ հագած չի բժիշկը, բայց հիմնականում մեր ամբողջ անձնակազմը անպայման օգտվում է այդ բոլոր պարագաներից, որովհետեւ առաջին հերթին իր կյանքն է վտանգում եւ ոչ թե դիմացինի կյանքը: Եւ անվտանգության կանոնները ապահովելու համար անպայման այդ բոլոր պարագաները կրում են մեր ծառայության բժիշկները: Անկեղծ ասած, ես չգիտեմ նման դեպքեր, ես ահազանգեր չեմ ստացել, որ առանց դիմակի մտած լինեն: Եթե կան նման դեպքեր, ապա ես հորդորում եմ, որ դրա մասին մեզ տեղեկացնեն: Բայց նորից եմ ասում, որ առաջնահերթ դա մեր բրիգադայի աշխատակիցների համար է արվում: Բոլոր նյութերը, որոնք ախտահանիչ են, բոլոր պարագաները, դիմակները, ակնոցները, գլխի կալպակները եւ միանգամյա օգտագործվող խալաթները, դա արվում է զուտ մեր անձնակազմի անվտանգության համար առաջնահերթ, դրա համար կարող եմ ասել, որ բոլոր անհրաժեշտ պայմանները պահվում են:
-ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, ի՞նչ փոփոխություն է սպասվում Ձեր աշխատանքում, կա՞ն կոնկրետ աշխատանքներ, որոնք պետք է իրականացվեն Ձեր ծառայության կողմից:
-Մեր աշխատանքը միշտ արտակարգ դրությանը համապատասխան է, այն արտակարգ դրություն պահանջող աշխատանք է, այնպես որ, կարծում եմ, թե որեւիցէ բան չի կարող փոխվել, որովհետեւ մենք միշտ զգոն ենք, մենք միշտ արտակարգ իրավիճակներում աշխատում ենք, եւ մեր կանչերի թիվը ապացուցում է այն, որ մենք արդեն արտակարգ ռեժիմով ենք աշխատում վերջին մի քանի ամիսները: Ես միայն ուզում եմ մեր ՀՀ քաղաքացիներին հորդորել, որ ավելի ուշադիր գործեն, ավելի ուշադիր լինեն իրենց շրջապատին, յուրաքանչյուր կասկածների դեպքում անպայման դիմեն բժիշկներին, այլ ոչ թե պահեն ու չներկայացնեն իրենց գանգատները, եւ անպայման ձեռքերը լվանալ, դիմակները կրել: Անպայման, եթե սուր շնչառական սիմպտոմներ կան, ապա զերծ մնան շփումներից եւ այդ հիվանդությունը տարածելուց: Սա է հիմնականը:

 

 

 

ՀԱՆՐԱՔՎԵՆ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ


Երեկ ՀՀ կառավարությունը որոշեց Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի ժամը 18։30-ից մինչեւ ապրիլի 14-ը ժամը 9:00-ն հայտարարել արտակարգ դրություն, իսկ հայրենի խորհրդարանը այն հաստատեց: Սա ենթադրում է, որ իշխանությունների կողմից սկսած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւս հետաձգվում է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունների համար ծանր է եղել այդ որոշման կայացումը, քանի որ գրեթե ամեն ինչ արվել էր, նաեւ ֆինանսական ռեսուրս էր ծախսվել հանրաքվեն իրականացնելու համար, սակայն կորոնավիրուսի՝ ՀՀ-ում տարածումը խափանեց բոլոր պլանները:
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման դեպքում հանրաքվեն կամ ընտրությունները օրենքի ուժով չեն կարող կայանալ: Իսկ «Հանրաքվեի մասին» օրենքով էլ սահմանված է, որ երբ ավարտվում է ռազմական կամ արտակարգ դրությունը, ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում նորից հրամանագիր է ստորագրում, նորից նշանակում է հանրաքվե 50 կամ մաքսիմում 60 օրվա ընթացքում: Այսինքն՝ սա նշանակում է, որ կորոնավիրուսի համաճարակի առիթով հայտարարված արտակարգ դրությունից հետո սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցը կրկին արդիական է լինելու, ու հայրենի իշխանությունները սկսած պրոցեսը ավարտին կհասցնեն:
Չի բացառվում՝ այս ընթացքը իշխանություններն օգտագործեն, որպեսզի ամբողջական սահմանադրական փոփոխություններ պատրաստեն ու դնեն հանրաքվեի, այլ ոչ թե միայն մեկ` Սահմանադրական դատարանին առնչվող կետը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԱՐԹԻԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԸ
Արթիկի քաղաքապետ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի շուրջ օղակը, կարծես թե, սեղմվում է։ Բանն այն է, որ օրեր առաջ ոստիկանության Արթիկի բաժանմունքը առգրավել ու հատուկ պահպանվող տարածք է տարել Վարագյանի անվան հետ կապվող «Մազերատի» մակնիշի ավտոմեքենան, ինչը, ըստ շրջանառվող լուրերի, չգրանցված մեքենա է եղել եւ հայտնաբերվել է համայնքի ղեկավարի քենու ամուսնու ավտոտնակից։ Խնդիրն այսքանով չի սահմանափակվում, եւ ոստիկանությունը փնտրում ու դեռեւս չի գտնում Մխիթար Վարագյանին պատկանող մեկ այլ ավտոմեքենա՝ «Պորշ» մակնիշի, պետական 050 ՕՕ 11 պետհամարանիշներով, որը վերջինս օգտագործել է ԱԺ պատգամավոր եղած տարիներին։ Ավելին՝ ոստիկանության հետ խնդիրները ստիպել են Վարագյանին համայնքի ավագանու նիստին կոչ անել ժողովրդին ոստիկանություն գնալիս գրպանները կարած գնալ, որպեսզի «բան չքցեն ջեբերը»։ Այս ֆոնի վրա քաղաքում լուրեր են շրջանառվում, որ Մխիթար Վարագյանը ամանորյա ծախսերի համար համայնքի բյուջեից դուրս է գրել 2 մլն 500 հզ. դրամ գումար, որից շուրջ 500 հզ. դրամը ուղղվել է Արթիկի հյուրանոցի շենքում գտնվող ռեստորանին, որը, ըստ արթիկցիների, քաղաքապետի ու նրա շրջապատի «պերերիվի» տեղն է, ու այդ ծախսերը կապ չեն ունեցել նոր տարվա միջոցառումների հետ: Համառորեն լուրեր են շրջանառվում, որ նշյալ գումարի շոշափելի մասը եւս փոխանցվել են «անհասկանալի» ընկերությունների, որի բացահայտման, պարզաբանման մասին մարդիկ ակնկալում են ուժայինների միջամտությունը։ Հետաքրքրականն այն է, որ այս ամենն արթիկցիների շրջանում ուղեկցվում է համառ խոսակցություններով, իբրեւ ՀՀ ոստիկանության ղեկավարների վրա ինչ-որ կերպ կարողանում են ազդել հոգուտ Վարագյանի, այլապես արդեն իսկ բավականաչափ հիմնավոր գործեր հարուցված կլինեին՝ թեկուզ միայն մեքենաների գույքահարկերը չվճարելու մասով: Ըստ խոսակցությունների՝ քաղաքապետի անվան հետ կապված մեքենաները գույքահարկի չկատարված պարտավորություններ ունեն, իսկ դատախազությունն ու մյուս կառույցները, կարծես թե, դեռեւս լռում են։

 

 

 

ՆՈՐ ԿԱՐԳ
Պետական եկամուտների կոմիտեն նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել նոր՝ 267.2 հոդված` հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ (կամ) թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների մաքսանենգության դեպքերի համար` թմրամիջոցների մաքսանենգության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածից առանձին՝ համեմատական առավել մեղմ պատժաչափերով: Իսկ օրենսգրքի գործող 267.1 հոդվածի սանկցիաները (պատժելիությունը) կմնա առանց փոփոխության միայն թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի համար: Եվ նշվում է, որ նպատակը մաքսանենգության թվարկված առարկաների համար առանձնացված պատժողական համակարգ նախատեսելն է:




Լրահոս