Ի՞ՆՉ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԿԿԻՐԱՌՎԵՆ ԱՅՍՈՒՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում, ի վերջո, որոշվեց մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ը հայտարարել արտակարգ դրություն: Որոշման նախագծում մեկնաբանվում էր, թե նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը:

Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետեւանքով համաճարակային իրադրությունը համարվել է որպես համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակ, որը սպառնում է բնակչության կյանքին եւ առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: Եվ կառավարությունը նման որոշում էր կայացրել՝ ելնելով այն հանգամանքից, որ Սահմանադրության 120-րդ հոդվածը կառավարությանը լիազորում է եւ թույլ է տալիս երկրում արտակարգ դրություն հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, եւ հայտարարել են, թե վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, եւ նման արտակարգ իրավիճակը կարող է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի՝ Սահմանադրության հոդված 1-ով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը:
Նկատենք, որ արտակարգ դրություն չէր կարող հայտարարվել մեկ ամսից ավելի ժամկետով, սակայն ընթացքում կարող են ժամկետներ փոփոխվել: Եվ, ահա, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն, եւ պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Պարետատան կազմում են վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան անհատական կազմը հաստատում է պարետը: Այսպիսով, ի՞նչ է սպասվում այս ընթացքում, ի՞նչ սահմանափակումներ եւ իրավունքներ ունեն քաղաքացիները:
Այս օրերին պետական սահմանի բոլոր անցակետերում սահմանվում է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու եւ տեղաշարժվելու հատուկ կարգ: Անցակետով թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: Անցակետով արգելվում է այն անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են մուտք գործում առողջապահության նախարարի հրահանգով սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից), բացառությամբ`
1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների,
2) այն դեպքերի, երբ, պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը՝ թույլատրվում է սույն կետով նախատեսված երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից) անձանց մուտք գործելը,
3) պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի: Ցամաքային սահմանի անցակետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը արգելվում է՝ բացառությամբ ապրանքների ելք իրականացնող անձանց: Բացի այդ, սահմանափակումներ կարող են լինել համայնքներում: Օրինակ՝ կարող է կիրառվել համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ: Դա, օրինակ, կարող է ենթադրել անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում) իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ, իրենց նախընտրությամբ, մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում, եւ նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում. տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի եւ ելքի արգելք :Անցակետերում եւ զննման կետերում անվտանգության եւ ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը: Սահմանափակումներ կան նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալվածներին պահելու վայրերում. այնտեղ արգելվում են հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), կրոնական ծեսերի կազմակերպումը եւ դրանց մասնակցելը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում եւս արգելվում են հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը: Իսկ ի՞նչ է նախատեսված միջոցառումների մասով: Այսպիսով, ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցելը:
Արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցությունը: Եվ հանրային միջոցառումներ են 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետեւյալ միջոցառումները՝ կրոնական, ծիսական միջոցառումները, համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները եւ սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները. տոնական եւ հիշատակի միջոցառումները՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումներով: Պարետի ցուցումով համայնքներում արգելվում է նաեւ հանրային սննդի օբյեկտների, առեւտրի եւ զվարճանքի կենտրոնների գործունեությունը: Սրանք այն սահմանափակումներն են, որոնք սահմանված են նախագծով: Սակայն, դրանից զատ, այս օրերին հայտարարություններ էին տարածել տարբեր կազմակերպություններ, նաեւ պետական կառույցներ եւ հայտնել նաեւ աշխատանքը հեռահար կազմակերպելու մտադրության մասին:
Այսինքն՝ այն անձինք, ովքեր կարող են տանից աշխատել, չեն գնա աշխատանքի վայր շատ շփումներից, կուտակումներից խուսափելու համար: Սակայն սա արդեն գործատուի որոշելիքն է, թե ինչպես է կազմակերպվելու աշխատանքը: Սահմանափակումները հիմնականում վերաբերում են առօրյային:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորել է առաջիկա 2 շաբաթվա ընթացքում իրենց այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: «Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Սոցիալական ապահովության տարածքային բաժիններ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, տարածքային բաժին այցելության հրատապ անհրաժեշտության դեպքում պահպանել հիգիենայի տարրական կանոնները, ինչպես նաեւ ըմբռնողությամբ վերաբերել ծառայության աշխատակիցների գործունեության ընթացքում հիգիենայի կանոնների պահպանման խնդրանք-հորդորին: Հիշեցվում է, որ առանձին ծրագրերով կարող եք Ձեր դիմումն ուղարկե առցանց եղականով, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ»:

 

 

 

ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐ
Շախմատիստ Լեւոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաուլիի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր է, երեկ նա վիրահատվել է։ «Աստղիկ» բկ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչի խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նա վերջույթների կոտրվածքներ ունի։ Հիշեցնենք, որ մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում վարորդը Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: Ավտոմեքենայում հայտնաբերվել էր ծառայողական վկայական՝ Արիաննե Կաուլիի անունով:

 

 

 

ԱՌԱՆՑ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եպիսկոպոսական ժողովը կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացրել, ըստ որի՝ եկեղեցական արարողությունները կիրականացվեն առանց հավատացյալների ներկայության։

 

 

 

ՇՇԻ ՄԵԼՈՅԻ ԳՈՐԾՈՎ

Աժ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի մահափորձի գործով փորձաքննությունը ուշանում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն ահազանգել է փորձագիտական կենտրոն՝ նշելով, որ պետք է տան դեպքի մասով նշանակված փորձաքննությունների արդյունքները, որպեսզի կարողանան քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարել: Ասել է թե՝ քրեական գործով բոլոր քննչական գործողությունները ավարտված են, եւ մնացել են միայն քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները, որից հետո կհայտարարվի նախաքննության ավարտ: Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսին Սեւան ավտոճանապարհին փորձել էին պայթեցնել պատգամավորի մեքենան, սակայն փորձը անհաջողությամբ էր ավատվել: Այս գործով ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության էր հրավիրել նախկին պատգամավորը եւ հայտնել էր, որ իր պատգամավորական տարիներին, ինչպես նաեւ իր բիզնես գործունեության ընթաքում տարբեր անձանց հետ խնդիրներ է ունեցել ինչպես անձնական, այնպես էլ գործնական: Սակայն մինչ օրս այդպես էլ կոնկրետ անուն չի տվել, թե ում է կասկածում կատարվածում: Ինչպես հայտնի է, այս գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, վերջիններս կալանավորվել են եւ մինչ օրս չեն հայտնում, թե ով կամ ովքեր են եղել պատվիրատուները:

 

 

 

Ո՞Վ Է
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Մեղրյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող: Նշենք, որ մինչ այդ ԴԱՀԿ պետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Բեգինյանը: Իսկ ո՞վ է նորանշանակ ԴԱՀԿ պետը: Նա եղել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, որը հրաժարական է տվել 2019 թվականի հունիսին՝ Գագիկ Հարությունյանի եւ մյուս հրաժարականներից հետո: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է, ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երեք տարի ժամկետով:




Լրահոս